Ռուսաստանի Դաշնություն մեկնել ցանկացողները հացադուլ են սկսել։ Նրանք նստել են կառավարության առջեւ` պահանջելով բանակցել Ռուսաստանի իշխանությունների հետ, որ սահմանները բացվեն։ Հացադուլի մասնակիցները նշեցին, որ չեն հեռանալու այնքան ժամանակ` մինչեւ խնդիրը լուծում չստանա։
Նրանցից ոմանք իրենց հետ բերել էին նաեւ երեխաներին, որոնք պառկել էին գետնին:
Ցուցարարների խոսքով, այսօր առավոտյան իրենցից երկու ներկայացուցչի ընդունել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Կարդացեք նաև
«Վարչապետը մեզ ասաց, որ սահմանների չբացվելը կապված է կորոնավիրուսի տվյալների հետ, որը բարձր է Հայաստանում: Ամեն դեպքում, վարչապետը հուսադրող պատասխան տվեց, որ անպայման կփորձի ինչ-որ լուծման եզրեր գտնել, որ գոնե այս 200 հոգին, որ փողոցում են, գոնե իրենց հարցը լուծվի ինչ-որ տարբերակով»։
Հացադուլավորների խոսքով, վարչապետը, սակայն ժամկետներ չնշեց` երբ դա կլինի: Նրանք ասացին, որ գոհ են վարչապետի հետ հանդիպումից, սակայն մտադիր չեն բողոքի ցույցերը դադարեցնել. «Չգիտենք, թե դա երբ կլինի՝ այսօր, թե 5 օրից: Ամեն դեպքում մեր ցույցը շարունակելու ենք, մինչեւ մի լուծում գտնվի։ Հիմա մեզ կմիանան մեր ընկերները, կլինի ակցիա, իսկ երեկոյան, բոլորը կգնան, մենք մեր 20 հոգով կշարունակենք մեր հացադուլը»,-ասաց ցույցի մասնակիցներից մեկը։
Հարցին՝ այլ երկրների հետ, որտեղ նույնպես ցածր չեն կորոնավիրուսի ցուցանիշները, Ռուսաստանը բացել է սահմանը ինչո՞ւ չի բացվում Հայաստանի հետ, ցույցի մասնակիցները պատասխանեցին, որ այդ հարցը նույնպես տվել են վարչապետին, ինչին ի պատասխան ասել է, որ տեղյակ է, երկու երկրի տվյալներ արհեստականորեն իջեցվել են, սակայն, Հայաստանը չի կարող կեղծ տվյալներ հրապարակել, քանի որ պայմանավորված է համաճարակով եւ վտանգավոր է այլ թվեր ներկայացնել:
Ցույցի մասնակիցներն ասացին, որ ՌԴ-ի հետ բանակցելու հարցում քաղաքական ենթատեքստ չեն տեսնում եւ չեն էլ ուզում խառնվել այդպիսի թեմաների:
Հիշեցնենք, որ արդեն մի քանի ամիս է՝ Հայաստանի հազարից ավելի քաղաքացիներ բողոքի ցույց են անում կառավարության եւ Ազգային ժողովի մոտ ՌԴ մեկնել չկարողանալու համար։ Նրանց խոսքով, այստեղ ապրելու միջոց չունեն, ընտանիքների մի մասն այնտեղ է, վարկեր ու բիզնես ունեն, ու խնդիրների առաջ են կանգնել։
Այսօր էլ հացադուլի մասնակիցները պատմեցին, որ որոշ մարդկանց արդեն դուրս են արել իրենց վարձով բնակարաններից՝ վարձը չտալու պատճառով. «Ամուսինն անչափահաս երեխայի հետ Ռուսաստանում է, կինը մյուս երեխայի հետ, ինչ-որ առիթով, եկել է Հայաստան եւ մնացել է այստեղ: Հիմա այդ ամուսինը անչափահաս երեխա պահի՞, աշխատի՞, որ ուղարկի այստեղ կինն ապրի: Կան մարդիկ, որոնք տարիներով Ռուսաստանում են ապրել, աշխատել, եւ այստեղ մնալով ուղղակի հայտնվել են փողոցում»:
Հարցին՝ փորձե՞լ են Հայաստանում աշխատանք գտնել, գյուղատնտեսությամբ զբաղվել՝ ինչպես որ վարչապետն էր հորդորում կորոնավիրուսի օրերին, ցույցի մասնակիցները պատասխանեցին, որ փորձեր արել են, սակայն ապարդյուն, գյուղմթերքը շատ էժան գներով ստիպված են եղել տալ եւ օգուտ չունենալ: Մասնակիցներից մեկն էլ ասաց՝ երեւանցին որտե՞ղ մարգեր ցանի, ասֆալտը քանդի՝ ցանի՞:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ