Aravot.am-ի «Ֆեմինի» նախագծի շրջանակներում համաշխարհային ու հայկական նորաձևության միտումների, գեղեցկության ու խնամքի գաղտնիքների և մի շարք այլ թեմաների շուրջ զրուցել ենք հաղորդավարուհի, նորաձևության ցուցադրությունների կազմակերպիչ, հագուստի մոդելավորող Նաիրա Նիազյանի հետ՝ հյուրընկալվելով Նաիրայի գողտրիկ ու ինքնատիպ արվեստանոցում։
-Սիրելի Նաիրա, մեզ հայտնի դարձավ, որ դուք մասնագիտությամբ գրականության պատմաբան եք․ ինչպե՞ս տեղի ունեցավ անցումը բանասիրությունից դեպի նորաձևություն։
-Պետք է մի շտկում անեմ․ նորաձևությունից անցում գրականություն, այնուհետև գրականությունից վերադարձ նորաձևության ոլորտ։ Ես կարում ու գործում եմ շատ փոքրուց, բայց քանի որ մեր ուսանողական տարիներին նորաձևությունն այնքան էլ «թրենդի» չէր, ծնողներս դեմ էին, քանի որ կարծում էին՝ աղջիկը պիտի բարձրագույն կրթություն ստանա, իսկ բանասիրությունն ու մանկավարժությունը շատ հարգի էր։ Իհարկե, ես շատ շնորհակալ եմ ծնողներիս և ուրախ եմ, որ ունեմ էդ մասնագիտությունը՝ գրականության պատմաբան, որն ինձ գեղարվեստական, ստեղծագործական առումով շատ օգնում է այսօր։
-Մոսկվայում, որտեղ երկար ժամանակ բնակվել եք, այնուհետև Հայաստանում բազմիցս կազմակերպելով հայկական նորաձևության օրեր՝ շատ լավ տեղեկացված եք հայ դիզայներների աշխատանքների ու հայկական նորաձևության միտումների մասին։ Ձեր կարծիքով՝ ի՞նչ առանձնահատկություններով է օժտված հայկական նորաձևությունը։
Կարդացեք նաև
-Էթնոն՝ ազգային տարրը, որը գերակշռում է գրեթե բոլոր դիզայներների մոտ։ Դա միանշանակ է, և ինչքան էլ ցանկանանք շեղվել այդ ուղուց, չի ստացվում, միգուցե չենք էլ ուզում, որովհետև էնքան գեղեցիկ ու տաք են մեր գույներն ու զարդանախշերը, ու այնքան մեծ պաշար ունենք, որ պետք է անընդհատ աշխարհին ցույց տանք․ այստեղ կարևորը ճիշտ մատուցելն է, որպեսզի մենք կարողանանք նաև աշխարհի հետ զուգահեռ քայլել։
-Իսկ արդյո՞ք ընկալում է աշխարհը մեր այդ հայկականությունը։
-Դե եթե ի նկատի ունենանք, թե քանի դիզայներ է դուրս եկել համաշխարհային նորաձևության ասպարեզ, համաշխարհային նորաձևության շուկա՝ վաճառքի, ինձ թվում է՝ արդեն ինքներս կարող ենք ենթադրություններ անել։
-Դուք նշեցիք, որ պահպանելով առանձնահատկությունները՝ կարևորը աշխարհի հետ զուգահեռ քայլելն է․ որքանո՞վ ենք մենք համաքայլ ընթանում համաշխարհային նորաձևության հետ։
-Ես միայն մի համեմատություն կանեմ՝ փորձելով կողքից հայացք նետել ու պատասխաններս հնչեցնել՝ ոգևորվածությունս մի կողմ թողնելով ու սառը դատելով։ Այսօր ես նստած ինչ-որ գեղեցիկ բերետներ եմ ստեղծում ու դրանով ոգևորվում եմ, իսկ Քայլի Ջեններն իր էջում Bottega-ի (իտալական ապրանքանիշ՝ Մ․Ա․) ֆոտո է դնում ու գրում Bottega girl, և այդ ընթացքում ես մտածեցի, թե չինական գործարանները քանի միլիոն քանակությամբ Bottega են արտադրում, կրկնօրինակում, քանի որ այն արդեն մեծ պահանջարկ ունի։ Այ այդքանով մենք մոտ ու հեռու ենք։
-Վերջին շրջանում լայնորեն տարածվում են այն քննարկումները, որ համաշխարհային նորաձևության տները փորձում են ջնջել սեռականությունը, օրինակ Գուչիի ցուցադրություններում կարելի է տեսնել կանացի զգեստներով տղամարդկանց, թեև չմոռանանք, որ ժամանակին, երբ կանայք տաբատներ հագան, դա ևս հեղափոխություն էր, սակայն այդ ժամանակ քննարկումները գուցե այլ ենթատեքստ էին պարունակում։ Արդյո՞ք համաշխարհային նորաձևության տների ներկայացրած այդ միտումն ինչ-որ առումով վտանգավոր է։
-Այստեղ կրկին մոտեցման հարցն է, համաշխարհային մոտեցումը մշակույթին, արվեստի այդ ճյուղին և մեր մոտեցումը։ Չմոռանանք, որ մենք խիստ պահպանողական ու փոքր ազգ ենք, մենք խնդիր ունենք պահպանելու ընտանիքը, մեր գենետիկ կոդը, կնոջ ու տղամարդու դերը և այլն։ Ես համոզված եմ, որ եթե այս նույն հարցը բարձրացնենք նույն Գուչիի, նորաձևության այլ տների գլխավոր դիզայներների շրջանում, նրանք ընդհանրապես այլ պատասխան կտան․ այս դեպքում և՛ տղամարդը, և՛ կինն ընդամենը մանեկեն են՝ հագուստը ցուցադրելու համար։
-Համավարակային խուճապը, կարծես թե մի փոքր ընկրկել է, ու նորաձևության աշխարհը սկսել է հունի մեջ մտնել․ ի՞նչ է այսօր թելադրում նորաձևությունը, ի՞նչ տենդենցներ ունի։
-Դեռևս համավարակի սկզբում, երբ հիվանդությունը նոր էր սկսում տարածվել ամբողջ աշխարհում, ես սկսեցի պատրաստել իմ թաշկինակ-դիմակները, որոնք մեկանգամյա օգտագործման չէին ու շատ հետաքրքիր էին․ դա հեռուստատեսությամբ լուսաբանվեց որպես մեծ բիզնես, բայց իրականում ես դրանք ուղղակի նվիրում էի ընկերներիս․․․ Իսկ հիմա եթե հետևենք նորաձևության տների վերջին հավաքածուներին, ապա առանց դիմակ, առանց փակ դեմքի հավաքածուներ գրեթե չկան։ Այս շրջանում աշխարհը կարծես թե փակված էր, և մարդիկ զրկված էին ոչ միայն նորաձևության ցուցադրություններից, թատրոններ, համերգներ, փառատոններ գնալուց, այլև իրենց սեզոնային հանգստի հնարավորությունից, և դիզայներները, բնականաբար, չհապաղեցին, ու եթե նկատեք, վերջին շրջանում շատ ակտուալ են աֆրիկյան, սաֆարի գույները և տրամադրությունները, որոնք կարծես գալիս են ստեղծելու հանգստի վառ տրամադրություն, էմոցիաներ՝ անկախ նրանից, թե որ երկրում ես գտնվում, ունես ծով, թե ոչ։
-Վերադառնալով մեր «բերետներին»՝ ինչպիսի՞ն կուզեիք տեսնել հայկական նորաձևության աշխարհն ու հայ կնոջը։
-Ինչքան էլ կախված ենք սոցկայքերից ու մեզ վրա զգում ենք համաշխարհային ճաշակի թելադրանքը, ես կուզեի, որ մենք շարունակենք գնահատել մեր ազգային արժեքները, և հայ կինը մնա հայ կին, հայ մայրը՝ հայ մայր՝ չկորցնելով իր կանացիությունն ու քնքշությունը։
-Գեղեցկությունն ունի արդյո՞ք ստանդարտներ, և առհասարակ՝ ինչպե՞ս է այն սահմանվում։
-Հիմա կոսմետիկ ու էսթետիկ վիրաբուժությունը թույլ է տալիս ամեն ինչ շտկել, փոփոխությունների ենթարկել, ես ինքս էլ դեմ չեմ կոսմետիկ ու էսթետիկ միջամտություններին, եթե դրանց անհրաժեշտությունն առաջանա, բայց, իհարկե, ամեն ինչ պետք է լինի սահմանում և հարմոնիայի մեջ։ Բայց կարող եմ նշել մի հստակ ու ըստ իս՝ ամենակարևոր կետը, որ ինչքան էլ դիմենք էսթետիկ բժշկության օգնությանը, երբեք չեն խաբում մարդու աչքերը․․․ Մարդու աչքերի մեջ կա նրա տարիքը, նրա ապրած կյանքը, աշխատանքը։ Ինձ թվում է՝ մարդն արտահայտվում է աչքերով։
Իզուր չեն ասում հեքիաթներում կամ այլուր՝ աչքերը մարդու հայելին են․․․
-Մեր գեղեցկուհի զրուցակիցներին մենք սովորաբար հարցնում ենք, թե ո՞ր նկարիչը կուզեիք, որ ձեզ նկարեր, բայց ձեր դեպքում գիտենք, որ կա նկարիչ, որը գուցե ամեն օր է ձեզ նկարում՝ տաղանդավոր գեղանկարիչ Արթուր Սարյանը՝ ձեր ամուսինը․․․
-Այո, համաձայն եմ՝ ժամանակակից նկարիչներից ամենատաղանդավորը՝ ես դա իրեն ևս ասում եմ, ինձ համար իմ ամուսինն է՝ նկարիչ Արթուր Սարյանը։ Թեև իմ գործունեության ընթացքում ինձ բախտ է վիճակվել, որ ինձ նկարեն մեր ժամանակաշրջանի շատ հայտնի նկարիչներ, ես այդ բոլոր աշխատանքները շատ մեծ սիրով պահում եմ, քանի որ դրանք մեծ արժեք են ներկայացնում։ Նկարիչներին, քանդակագործներին ու ընդհանրապես արվեստին ես շատ ավելի մոտիկից ծանոթացա, իհարկե, Արթուրի հետ, և այնքան հետաքրքիր է, որ գույների իմ պատկերացումները, արվեստի, անգամ հագուստ ստեղծելու նկատմամբ իմ վերաբերմունքը, զգում եմ, որ փոխվել է։ Բանասիրությունն այլ է․ շատ մտքեր, իդեաներ, որոնք փորձում ես տեղավորել ինչ-որ փոքր հագուստի մեջ, բայց այս դեպքում, երբ դու կարողանում ես վերահսկել գույներն ու իդեաները, ամեն ինչ գալիս և իր տեղն է ընկնում, և դրա համար ես շատ շնորհակալ եմ նրան․․․
-Դուք միմյանց հետ համագործակցո՞ւմ եք ստեղծագործելիս։
-Իհարկե, արդյունքում ստացվում են գեղեցիկ աշխատանքներ, որոնք գուցե կյանքում շատ մարդիկ չեն կարողանա կրել, բայց դրանք մեզ համար շատ գեղեցիկ են․ և՛ ձեռքի աշխատանք են, և՛ ներառում են Արթուրի աշխատանքը․․․
-Համատեղ աշխատանքի մի հետաքրքիր արդյունք էին նաև ձեր ականջօղերը, որոնք չնկատել պարզապես չէր կարելի…
-Այո, դրանք բնական կտավից ու արծաթից էին, որոնք ֆուրոր առաջացրեցին․ ականջօղերից մեկն Արթուրի դիմանկարով էր, մյուսում ես էի՝ մերկ մարմնովս, որը բոլորի համար զարմանալի էր՝ ո՞նց, ի ցույց բոլորի՞ն․․․ սակայն մենք պետք է կարողանանք տարանջատել ռեալ կյանքն ու արվեստը, և իհարկե, գնահատենք գեղեցիկը․․․ եթե իհարկե ես էդքան գեղեցիկ էի նկարված․․․ Դա նաև ոգևորության և, ինչու չէ՞, զվարճանքի առիթ էր։
Ես առհասարակ աքսեսուարների սիրահար եմ։ Երբ որ առավոտյան հարդարվում եմ, առաջին աքսեսուարը, որն ընտրում եմ, ժամացույցն է․ շատ եմ սիրում ժամացույցներ և հետո վզնոց, թևնոց, ականջօղեր, գլխարկ և այսպես շարունակ․․․
– Իսկ արտաքինի խնամքի մեջ ի՞նչն ենք կարևորում։
– Եթե դուք 5 րոպե առաջ մտնեիք, կտեսնեիք, թե ինչպիսի աշխատանքային իրավիճակ էր ինձ մոտ, և ես ընդամենը 5 րոպեում հասցրեցի պատրաստվել հարցազրույցին։ Մեր աղջիկները պետք է իմանան, որ շատ կարևոր է առողջ, խնամված մաշկը, իսկ դեկորատիվ հատվածը մի քանի վայրկյան կարող է զբաղեցնել․․․ Իմ խորհուրդը՝ բնականաբար, հետևենք մեր սննդակարգին, ընտրենք կոսմետիկ բնական միջոցներ․․․
-Եվ վերջում՝ ո՞վ է ձեր սիրելի դիզայները։
-Ռուս դիզայներ Ուլյանա Սերգեենկոն, որը որպես դիզայներ միշտ առաջիններից է, միշտ top-երում է, բայց եթե համեմատենք իր ստեղծած սեզոնային հավաքածուներն ու համաշխարհային նորաձևության տների հավաքածուները, դրանք նման չեն միմյանց։ Բայց նա միշտ առաջինն է, թելադրող է ու կանացի, որն ինձ համար շատ կարևոր է․․․
Մանրամասն՝ տեսանյութում
Զրուցեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ