Ալեքսանդր Լուկաշենկոն պաշտոնապես ստանձնել է Բելառուսի նախագահի պաշտոնը։ Երդմնակալության արարողությունը տեղի է ունեցել Մինսկի Անկախության պալատում, փոխանցում է ԲԵԼՏԱ-ն։
Լուկաշենկոն բելառուսերեն երդվել է և ստորագրել համապատասխան փաստաթուղթը։
Բելառուսի իշխանությունները մինչև վերջին պահը գաղտնի էին պահում երդմնակալության արարողության օրը։ Օրենքի համաձայն՝ նոր նախագահը պետք է ստանձնի պաշտոնը ընտրությունների արդյունքների պաշտոնական հրապարակումից ոչ ուշ, քան 2 ամիս անց (այս պարագայում՝ մինչև հոկտեմբերի 9-ը)։ Բելառուսական լրատվամիջոցները հայտնում էին, որ երդմնակալության օրը հայտնի չի եղել անգամ որոշ նախարարների։
Գործակալությունը նշում է, որ արարողությանը ներկա է եղել մի քանի հարյուր մարդ, այդ թվում՝ բարձրաստիճան պաշտոնյաներ, պատգամավորներ, պետական մարմինների ղեկավարներ, մշակույթի, գիտության և սպորտի գործիչներ։
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ Լուկաշենկոն 6-րդ անգամ անընդմեջ ստանձնում է Բելառուսի նախագահի պաշտոնը։ Երկրի ԿԸՀ տվյալներով՝ օգոստոսին կայացած ընտրություններում Լուկաշենկոն հավաքել էր ընտրողների քվեների 80 տոկոսից ավելին։ Ընտրության արդյունքները, սակայն, ընդդիմությունը չի ընդունում, և երկրում շարունակվում են բողոքի ցույցերը։
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ