Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրեն Թովմասյան․ «Մարզերում անշարժ գույքի առուվաճառքի գործարքներն ավելացել են, Երեւանում՝ հակառակը»

Սեպտեմբեր 23,2020 14:03

Այս տարվա օգոստոս ամսին գրանցվել է 16491 գործարք, սա հուլիս ամսվա համեմատ 1.5% ավելի է, իսկ 2019թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ գործարքների թիվն աճել է 6.3%-ով։ Այս մասին այսօր «Արմենպրես» մամուլի սրահում ասաց կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը։

«Ըստ էության, անկախ կորոնավիրուսի իրավիճակից, մենք անշարժ գույքի շուկայում այս պահին դիտարկում ենք միտումների աճ։ Իսկ տնտեսական գործունեության սահմանափակումներից հետո առուվաճառքների գործարքները եւս ունեն կայուն աճ»,- ասաց պարոն Թովմասյանը։ Օգոստոս ամսին, ինչպես ներկայացրեց կոմիտեի ղեկավարը, գրանցվել է 4904 առուվաճառքի գործարք, որից Երեւանում արձանագրվել է 1323 գործարք․ «Եվ այստեղ մի հետաքրքիր միտում կա՝ մարզերում, մարզային բնակավայրերում եւ քաղաքներում նկատվում են գործարքների անհամեմատ աճ, գյուղական համայնքներում, օրինակ, 39 % աճ ենք գրանցել, մարզերի քաղաքներում՝ մոտ 7% աճ, իսկ Երեւանում հակառակ միտումն է՝ գործարքների նվազում է նկատվել որոշակի չափով»։

Պարոն Թովմասյանն ասաց, որ կառուցապատողներից՝ առաջնային շուկայից անշարժ գույք ձեռք բերելու դեպքում գների աճ է գրանցվել հիմնականում 2018-2019 թվականներին, իսկ այսօր կոմիտեն գների աճ չի արձանագրում, կայուն վիճակ է․«Շուկայում գների անկում, այսպես ասած, տեղի է ունեցել, բայց չնչին տոկոսների չափով, օրինակ` անցած ամսվա համեմատ 2020թ-ի հունիս, հուլիս, օգոստոս ամիսներին 1-1.5%-ի չափով գների անկում է տեղի ունեցել։ Մենք օրական մոտ 3000 դիմումներ ենք ստացել, սա լուրջ ծավալ է, ինչը ցույց է տալիս, որ շուկայում կա աշխուժություն։ Եթե համավարակը նոր թափ չառնի, երկրորդ փուլ չլինի, ապա անշարժ գույքի շուկան գնալով ավելի է կայունանալու եւ ավելի լավ ցուցանիշներ են գրանցվելու»։

Վերջին շրջանում ավելացել են գյուղատնտեսական հողերի նկատմամբ հետաքրքրություններն ու առուվաճառքը․ սա կոմիտեի ղեկավարը պայմանավորեց կառավարության հակաճգնաժամային ծրագրերի ազդեցությամբ, ասաց՝ ցածր տոկոսով վարկեր են տրամադրվում եւ ծրագրեր կան, որոնք գյուղոլորտին են վերաբերում։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930