Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը սեպտեմբերի 22-ին հայտարարեց, որ քաղաքացիների «պիկապ» տեսակի ամենագնաց ավտոմեքենաները ճանապարհային ոստիկանությունն առգրավում է պլանային տեխզննման համար, քանի որ օրենքով նախատեսված դեպքերում այդ մեքենաները հանդիսանում են ռազմական տրանսպորտային միջոցներ: Թեմայի շուրջ Aravot.am-ը զրուցել է «Օրբելի» վերլուծական կենտրոնի փորձագետ Տարոն Հովհաննիսյանի հետ:
-Պարոն Հովհաննիսյան, Ադրբեջանում քաղաքացիների մեքենաների առգրավման անհրաժեշտությունն ավելի մանրամասն ինչո՞վ բացատրվեց, եւ ինչպիսի՞ հանրային արձագանք հաջորդեց դրան:
-Դեռեւս երկու օր առաջ ընդդիմադիրների կողմից այս մասին տարածվեց ոչ պաշտոնական տեղեկությունը՝ առգրավված մեքենաների սեփականատերերի վրա հղում անելով: Նշում էին, որ իրենց կանգնեցրել են, առգրավել մեքենան, տարել տուգանային հրապարակներ՝ պատճառաբանելով, որ ստուգում-գրանցում են իրականացնում, քանի որ մեքենաները պետք են կամ պետք են գալու ռազմական կարիքների համար: Այնուհետեւ ներքին գործերի նախարարությունը պաշտոնական բացատրություն տվեց՝ կրկնելով, որ մեքենաներն առգրավվում են տեխզննում անցնելու եւ հաշվառելու համար՝ անհրաժեշտության դեպքում ռազմական կարիքների համար օգտագործվելու նպատակով: Այս իրողությունը լուրջ արձագանք գտավ ադրբեջանական հանրության ներսում: Շատ հանդիպեցի մեկնաբանությունների, թե՝ «բա ասում էիք՝ մենք միլիարդավոր դոլարներ ենք ծախսել բանակի վրա, ոչ մի բանի կարիք չունենք, ինչների՞ն են պետք քաղաքացիական մեքենաները»: Հարցի մյուս կողմն էլ իրավական է: Թեեւ կատարվածն Ադրբեջանում փորձում են հիմնավորել համապատասխան օրենսդրական ակտերով, բայց տրամաբանական չէ. մեքենաներն առանց այդ էլ տարեկան պարտադիր տեխզննում են անցնում, եւ այդ նպատակով առգրավելը պարտադիր չէ:
-Այս օրերին Ադրբեջանում զուգահեռ նաեւ պահեստազորայինների հավաքագրում է տեղի ունենում՝ մարտական վերապատրաստումներ անցկացնելու համար: Պաշտոնական Բաքուն ի՞նչ բացատրություն է տալիս այս փաստին:
Կարդացեք նաև
-Ըստ Ադրբեջանի զորակոչի-զորացրման պետական ծառայության հաղորդագրության՝ հավաքներ են իրականացվում երկրի ողջ տարածքում: Պահեստազորում հաշվառված անձանց տանում են հավաքների, առկա են տեսանյութեր եւ լուսանկարներ: Հավաքներ նախկինում էլ են անցկացվել, բայց փոքր մասշտաբների, օրինակ՝ Նախիջանում, երբ կանչում էին զինկոմիսարիատ, հաշվառում եւ դասընթացներ իրականացնում: Բայց վերջին տարիների տվյալներով չեմ հիշում դեպք, երբ Ադրբեջանի ողջ տարածքում նման հավաքներ լինեն, առավել եւս, եթե դրանց գումարենք քաղաքացիական մեքենաների առգրավումը: Դա էլ է նույն տրամաբանության շրջանակում, այսինքն՝ փորձարկել, հավանական լայնածավալ գործողությունների դեպքում հասկանալ, թե իրենք ինչպես կարող են մոբիլիզացիա իրականացնել, իսկ կարիքի դեպքում՝ օգտագործել քաղաքացիական բնակչության ռեսուրսը: Մինչեւ այս Ադրբեջանի պաշտպանության նախարարի, նախագահի մակարդակով պնդում էին, որ իրենց մոբիլիզացիա պետք չէ, որ իրենց բանակն ու սպառազինությունը, մարդուժը լիովին բավարար են՝ ցանկացած գործողություն իրականացնելու համար: Փաստացի, հիմա փորձարկում են հնարավորությունները՝ գուցե հաշվի առնելով նաեւ Տավուշի հուլիսյան դեպքերի փորձը: Այն ցույց տվեց, որ կարիքի դեպքում Ադրբեջանում կամավորները հերթ չեն կանգնի, եւ անհրաժեշտ կլինի ընդհանուր մոբիլիզացիա:
-Ձեր գնահատմամբ՝ Ադրբեջանի իշխանությունը միայն ստուգում է մոբիլիզացիայի հնարավորությունը, թե նաեւ հիմքեր է նախապատրաստում՝ հերթական ռազմական սադրանքի համար:
-Հիմքերն այլ մակարդակում են փորձում պատրաստել՝ քարոզչական դաշտում ապատեղեկատվություն նետելով այն մասին, թե հայկական կողմն է իբրեւ թե զորքեր կուտակում, սրում իրավիճակը: Այս դեպքում ձեր նշածը ռազմական գործողությունների նախապատրաստման հիմք չի կարող լինել, բայց կարող է լինել իրենց հնարավորությունների հաշվարկման հիմք: Գաղտնիք չէ, որ Ադրբեջանը միշտ էլ պատրաստվում է պատերազմի եւ փնտրում հարմար առիթ՝ ռազմական գործողություն սկսելու: Հուլիսյան մարտերը ցույց տվեցն, որ բանակի մասին իրենց հայտարարությունների մեծ մասը միֆ էր, ձախողումները լուրջ էին, եւ հիմա Ադրբեջանը փորձում է նմանօրինակ քայլեր իրականացնելով հասկանալ՝ ռազմական գործողությունների դեպքում ինչպե՞ս կարող է մոբիլիզացիա իրականացնել: Իր իսկ քարոզչության արդյունքում տարիներ շարունակ լուրջ աշխատանք չի արվել մոբիլիզացիայի ուղղությամբ: Մյուս կողմից, այս ամենը կարող է կապված լինել Հայաստանում աշխարհազորի ստեղծման գաղափարի հետ:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ