Լրահոս
Օրվա լրահոսը

Իր դեմ թշնամացնել հսկայական կոլեկտիվների և մարդկանց, որ իր կողքին են եղել կյանքի ամենադժվար պահերին. իսկապես քչերը կարող են նման բան անել. Մարինե Սուքիասյան

Սեպտեմբեր 23,2020 13:42
hivandanoc

Օր օրի ակնհայտ է դառնում, որ Փաշինյանը դարձել է իր շրջապատի պատանդը։ Երբեմն, տպավորություն է, որ նա ընդհանրապես դադարել է ինքնուրույն մտածել, ինքնուրույն հասկանալ իրականությունը, ինքնուրույն որոշումներ կայացնել։

«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի կոլեկտիվի հետ կատարված պատմությունը մարդկային բանականության տեսակետից դժվար է հասկանալ։

Անկախության օրվա առթիվ պարգևատրվել են բոլորը, բացի «Նորքի» անձնակազմից։ Երեկվանից շոկի մեջ է թե´ բժշկական հանրությունը, թե´ լայն հասարակությունը։ Միակ բացատրությունը, որը հնչում է, հետևյալն է. նախարար Ա. Թորոսյանը անձնական խնդիրներ ունի համավարակի ամենալարված փուլում Նորքի տնօրեն՝ Մհեր Դավիդյանցի հետ։

Լավ, Ա. Թորոսյանի խեղճությունը հասկացանք, բա վարչապետ Փաշինյանը ո՞վ է. կա՞ մի հարց, որտեղ նա կարողանում է ինքնուրույն հասկանալ վիճակը և կայացնել որոշումներ։ Թե՞ նա դարձել է մերձավորների մանիպուլյացիաների գերին։ Աղմուկն այնքան մեծ է, և վիճակը՝ այնքան անհեթեթ, որ նա ստիպված է լինելու թե´ բացատրություններ տալ, թե´ կոնկրետ հետևություններ անել։

Գրեթե նույն պատմությունն էր Արյունաբանական կենտրոնի տնօրենի հարցում։ Մինչև բուժանձնակազմը չգնաց աննախադեպ քայլի, չսպառնաց զանգվածային աշխատանքից ազատվելու հեռանկարով, վարչապետը չհամարձակվեց նախարար Արսեն Թորոսյանի դեմ գնալ։

Մեկ այլ նմանատիպ տգեղ պատմություն է կրթության ոլորտում, մասնավորապես՝ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի հետ կապված։

Ինչ է թե՝ Արայիկ Հարությունյանը ունի անձնական դիրքորոշում՝ Աշոտ Բլեյանի հետ կապված, վարչապետ Փաշինյանը չի համարձակվում կայացնել օրինական և միակ տրամաբանական որոշումը։ Կա անգամ պաշտոնական գրագրություն՝ վարչապետ Փաշինյանը տալիս է հանձնարարական ԿԳՄՍ նախարարին՝ 5 օրյա ժամկետում այս ճանապարհով լուծել հարցը, իսկ նախարար Արայիկ Հարությունյանը փաստացի «պատռում է» այդ հանձնարարականը՝ ասելով, որ նպատակահարմար չի գտնում անել դա։

Այսքանից հետո ավելորդ է մանրամասների մեջ մտնել, բայց նման դեպքերում Փաշինյանն արժեզրկվում է ոչ միայն որպես վարչապետ, ինչը վտանգավոր է երկրի համար, այլև՝ որպես մարդ, ինչը ողբերգություն է իր համար։ Իր դեմ թշնամացնել հսկայական կոլեկտիվների և մարդկանց, որ իր կողքին են եղել կյանքի ամենադժվար պահերին. իսկապես քչերը կարող են նման բան անել։ Հետաքրքիր է, որ Նորքի հիվանդանոցի դեմ այդ հրապարակային «տոնական» դեմարշից հետո երեկ արդեն ֆեյսբուքյան բաց հարթակներում շատերը սկսեցին բարձրաձայն մտորել. փաստորեն Արյունաբանականի կոլեկտիվը միանգամից ճիշտ մարտավարություն էր ընտրել՝ դիմելով հրապարակային կտրուկ քայլերի, քանի որ փափուկ խոսքը և զուսպ մոտեցումը այս կառավարությունը պարզապես արհամարհում է։

Արդյո՞ք պետք է այսուհետ բոլոր կոլեկտիվները գնան ծայրահեղ քայլերի ճանապարհով, որպեսզի իրենց արդարացի, օրինական պահանջները լուծում ստանան։

Խնդիրն ավելի լայն է. իսկ արդյո՞ք մյուս ոլորտներում նույնպես նույն վիճակը չէ։ Եթե այս՝ բացառապես անձնական մոտիվացիայի վրա հիմնված գործունեությունը հատուկ է միայն այս կոնկրետ նախարարություններին, ապա սա արդեն նմանվում է ոչ թե իշխանության, այլ՝ կառավարության ներսում գործող մի փոքր խունտայի։ Իսկ գուցե մյուս նախարարություններում նույնպես այդ վիճակն է, ու ներսում՝ հանրության աչքից հեռու, նորից ամեն ինչ անձնական մոտիվներով է որոշվում ու կառավարվում՝ ի վնաս երկրի և լայն հանրային շահի։ Այս զարգացմանը պետք է շատ ուշադիր լինի նաև իշխող խմբակցությունը։

Մարինե ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Այլընտրանքային նախագծեր խումբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930