Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՍԴ դատավոր Արեւիկ Պետրոսյանի շնորհակալությունը Հրայր Թովմասյանին՝ իր լիազորությունները բարձր մակարդակով իրականացնելու համար

Սեպտեմբեր 23,2020 12:40

ՍԴ դատավոր Արեւիկ Պետրոսյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ որեւէ առաջադրում իր կողմից չի կատարվելու, նաեւ չի ինքնառաջադրվելու. «Այս պահի դրությամբ չկա թեկնածու, որն առաջադրված լինի: Տեսնենք ովքեր կառաջադրվեն, ինչ ելույթներ կունենան, ինչ տեսլական են պատկերացնում, ինչպիսի գնահատական կտան ստեղծված իրավիճակին, ինչպես կպատկերացնեն ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը, ըստ այդմ կլինեն նաեւ մոտեցումները»:

Հիշեցնենք, որ այսօր Սահմանադրական դատարանում աշխատակարգային նիստ է, որի օրակարգում Սահմանադրական դատարանի նախագահի ու փոխնախագահի ընտրության հարցն է:

Արեւիկ Պետրոսյանը նշեց, որ ՍԴ-ում որեւէ խնդիր չի եղել մինչեւ 2020-ի հունիսի 26-ը, երբ ուժի մեջ մտան սահմանադրական փոփոխությունները, մինչ այդ ՍԴ-ն իր բնականոն գործունեությունն է իրականացրել:

Հարցին՝ այս նոր կազմով ՍԴ-ն ավելի մե՞ծ վստահություն կունենա քաղաքացիների մոտ, քան նախկինը՝ Արեւիկ Պետրոսյանը պատասխանեց, որ գործունեության վստահության հետ կապված հարցերը համեմատության մեջ պետք է տեսնել, այդ նույն հարցերը թող տան հետո:

Թե ինչ կարծիք ունի ՍԴ նորընտիր դատավորների մասին՝ Արեւիկ Պետրոսյանը պատասխանեց, որ որեւէ խնդիր չունի ու կոռեկտ չի համարում իր կարծիքն ասել: Նա ասաց, որ պետք է սպասել ու տեսնել՝ Հրայր Թովմասյանը կառաջադրվի՞. «Փաստն այն է, որ Հրայր Թովմասյանն իր պաշտոնավարման երկու տարիների ընթացքում իր գործունեությունն այնպես է իրականացրել, որ ՍԴ բնականոն գործունեության առումով որեւէ խնդիր չենք ունեցել, ստեղծվել են նորմալ մարդկային աշխատանքային փոխհարաբերություններ: ՍԴ-ն վերջին 2 տարիների ընթացքում գիտեք՝ ինչպիսի բարդագույն իրավիճակներում է եղել ու այդ ընթացքում մենք մեր մասնագիտական առաքելությունը, սահմանադրական արդարադատությունն իրականացնելու առումով իրականացրել ենք Հրայր Թովմասյանի պաշտոնավարման ժամանակահատվածում: Օգտվելով առիթից՝ ուզում եմ շնորհակալություն հայտնել պարոն Թովմասյանին՝ իր երկու տարիների ընթացքում ՍԴ նախագահի պարտականությունները, լիազորությունները բարձր մակարդակով իրականացնելու համար»:

Նա նաեւ շնորհակալություն հայտնեց ՍԴ երեք դատավորներին, որոնց լիազորությունները սահմանադրական փոփոխություններից հետո դադարեցվել են: Արեւիկ Պետրոսյանի խոսքով՝ նրանք պատշաճ մակարդակով են իրականացրել սահմանադրական արդարադատություն, հիմա զբաղվում են իրենց իրավունքների խախտմամբ. «Տեսնենք իրադարձությունները ինչպես կզարգանան: Կշարունակենք աշխատել՝ էլի շնորհակալությամբ ու գոհունակությամբ կշարունակեմ իմ գործընկերների հետ աշխատել, ոչ՝ կտեսնենք, կյանքը ինչ ցույց կտա»:

Հրայր Թովմասյանը չցանկացավ լրագրողների հետ խոսել, ասաց, որ ասելիք չունի ու մտավ ՍԴ:

 Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930