Այսօր Սահմանադրական դատարանում աշխատակարգային նիստ է, որի օրակարգում Սահմանադրական դատարանի նախագահի ու փոխնախագահի ընտրության հարցն է: Նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ՍԴ նորընտիր դատավոր Էդգար Շաթիրյանը հարցին՝ որոշում կա՞, հիմնական ֆավորիտն ո՞վ է՝ պատասխանեց, որ նման որոշում չի կարող լինել. «Դատարանի թե՛ նախագահի, թե՛ փոխնախագահի ընտրության հարցը փակ, գաղտնի քվեարկությամբ է»:
Տարբեր անուններ են շրջանառվում, հատկապես՝ Երվանդ Խունդկարյանի՝ որպես ՍԴ ապագա նախագահ, սակայն Շաթիրյանն ասաց. «Ինձ համար առնվազն տեսականորեն ՍԴ 9 դատավորներից 9-ն էլ կարող են հավակնել թե՛ նախագահի թե՛ փոխնախագահի պաշտոնում էլ»:
Հարցին՝ այդ 9 դատավորներից մեկը Հրայր Թովմասյանն է, որի հետ կապված իշխանությունը իր դիրքորոշումը բազմիցս հայտնել է, դուք նաեւ Հրայր Թովմասյանի՞ն եք համարում արժանի՝ լինելու ՍԴ նախագահ՝ Շաթիրյանը պատասխանեց. «Ես պատահաբար չասացի, բոլորն էլ իմ գործընկերներն են եւ տեղին չեմ համարում ո՛չ պարոն Խունդկարյանին, ո՛չ պարոն Թովմասյանին թիրախավորելը: Բոլորը առնվազն տեսականորեն կարող են հավակնել այդ պաշտոնին, ինչո՞ւ բացառել դա»:
Նշենք, որ ՍԴ 9 անդամներից յուրաքանչյուրը կարող է ինչպես ինքնաառաջադրվել, այնպես էլ առաջադրել այլ թեկնածուի: Ըստ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի՝ Սահմանադրական դատարանի կազմից նախագահ կարող է ընտրվել այն թեկնածուն, որը կստանա դատավորների ընդհանուր թվի ձայների երկու երրորդը, իսկ այն դեպքում, երբ առաջադրվի մեկ թեկնածու, ապա կընտրվի դատավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ