Լրահոս
Օրվա լրահոսը

«Խնդրում եմ ասեք՝ ես ո՞ր իշխանության մարդն եմ». ՍԴ-ում ընտրում են Սահմանադրական դատարանի նախագահ

Սեպտեմբեր 23,2020 12:03

Այսօր Սահմանադրական դատարանում աշխատակարգային նիստ է, որի օրակարգում Սահմանադրական դատարանի նախագահի ու փոխնախագահի ընտրության հարցն է: Նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ՍԴ նորընտիր դատավոր Երվանդ Խունդկարյանն ասաց. «Այս պահի դրությամբ ո՛չ առաջադրման, ո՛չ չառաջադրման մասին որեւէ որոշում չունեմ: Քննարկում չի եղել, կլինի աշխատակարգային նիստում»: Հարցին՝ եթե Հրայր Թովմասյանը նորից նախագահ լինի, ՍԴ-ում ճգնաժամը կշարունակվի՞՝ Խունդկարյանը պատասխանեց. «Այն անձը, ով կընտրվի աշխատակարգային նիստով փակ, գաղտնի քվեարկությամբ, ուրեմն լուծումը կլինի լրիվ օրենքի պահանջներին համապատասխան»:

Դիտարկմանը՝ լուրեր կան, որ դուք Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնը թողել եք, եկել եք ՍԴ այն երաշխիքով, որ պիտի դառնաք ՍԴ նախագահ, այդպիսի երաշխիք տվե՞լ են՝ Խունդկարյանը պատասխանեց. «Չի կարող այդպիսի երաշխիք լինել ու նման քննարկում չի եղել: Որպեսզի դատական ատյանի որեւէ դատավոր դառնա ՍԴ դատավոր, նախ պետք է դատավորների ընդհանուր ժողովն ընտրի, երկրորդ՝ պետք է ԱԺ-ն, ընտրեր, երրորդ՝ ՍԴ-ն պետք է ընտրեր նախագահ, որեւէ մեկը նման երաշխիք չէր կարող տալ»:

Խունդկարյանն ասաց, որ ինքը 19 տարվա ընթացում տասնյակ հազարավոր գործեր է քննել, բայց նախկին իշխանությունների հետ աշխատելով՝ իրեն չկապեց նախկինների հետ. «Ցանկացած անձի կարող են ցանկացած իշխանության հետ կապել: Ես ՀՀ Գերագույն դատարան աշխատանքի եմ անցել ՀՀ առաջին նախագահի օրոք, ես աշխատանքս փոխել եմ եւ Տնտեսական դատարանում որպես դատավոր եմ աշխատել ՀՀ երկրորդ նախագահի օրոք, ես Վճռաբեկ դատարան թե՛ դատավոր, թե՛ պալատի նախագահ նշանակվել եմ երրորդ նախագահի օրոք, ես Վճռաբեկ դատարանի նախագահ ընտրվել եմ 2018-ի ապրիլյան հեղափոխությունից հետո՝ սեպտեմբերին, երբ որեւէ մեկ կուսակցության դոմինանտ կարծիք չէր կարող ազդել ընտրության վրա, եւ ես ընտրվել եմ ՍԴ անդամ արդեն 2020 թվականին, խնդրում եմ ասեք՝ ես ո՞ր իշխանության մարդն եմ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930