Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում այսօր քննվելու է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցը: Նիստը կայանալու է փակ ընթացակարգով:
Aravot.am-ի տեղեկություններով, Գագիկ Ծառուկյանն այսօր նիստին չի ներկայանալու, քանի որ պատշաճ չի ծանուցվել: Այս տեղեկությունը ճշտել հնարավոր չեղավ, Գագիկ Ծառուկյանի պաշտպանները առավոտից չեն արձագանքում մեր հեռախոսազանգերին: Սակայն լրագրողները չեն ֆիքսել ԲՀԿ առաջնորդի դատարան գալը: Դատարանի բակում նաեւ Գագիկ Ծառուկյանի աջակիցներ չկան: Մինչդեռ ոստիկանությունը մեծ թվով ուժեր է կենտրոնացրել դատարանի բակում։
Հիշեցնենք, հունիսի 15-ին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը խորհրդարանում միջնորդություն ներկայացրեց՝ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու եւ կալանավորումը թույլատրելու համար: Նա մեղադրվում է «ընտրակաշառքի գործով»: Հունիսի 14-ին՝ վաղ առավոտից, ԱԱԾ-ն ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատանը խուզարկություն էր իրականացնում, որն առնչվում էր 2017 թ.-ին մեծամասնական ընտրակարգով ԲՀԿ-ից առաջադրված թեկնածու Վազգեն Պողոսյանի հետ կապված քրեական գործին: Այնուհետ, Գագիկ Ծառուկյանը ժամեր շարունակ հարցաքննվում էր ԱԱԾ-ում, իսկ նրա համակիրները եւ ԲՀԿ-ական պատգամավորներն ու Երեւանի ավագանու անդամները ցույց էին անում:
Վերաքննիչ քրեական դատարանը շուրջ 2,5 ամիս առաջ բեկանել էր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի մասին առաջին ատյանի դատարանի որոշումը և այն հետ ուղարկել նոր քննության: Երեկ հայտնի դարձավ, որ այսօր նիստ է նշանակվել: ԲՀԿ-ից էլ հայտարարում են, որ այս ամենում քաղաքական ենթատեքստ կա, քանի որ երեկ երեք կուսակցությունները՝ ԲՀԿ, ՀՅԴ, «Հայրենիք», հայտարարեցին, որ հոկտեմբերի 8-ին հանրահավաք են հրավիրում Ազատության հրապարակում:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ