Լրահոս
Օրվա լրահոսը

«Դոսյե»-ի զեկույցը թուրք-ադրբեջանական մեդիա-հարթակի համագործակցության տիրույթո՞ւմ է. «Հրապարակ»

Սեպտեմբեր 23,2020 11:08

Ռուսական «Դոսյե» կենտրոնի նյութերը մեծ աղմուկ բարձրացրին Հայաստանի քաղաքական կյանքում։ Դրանց արձագանքեց նաեւ ԱԱԾ տնօրենը։

Գեներալ-լեյտենանտ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (անվտանգության ռազմավարական հետազոտությունների), Հայաստանի քաղաքագիտության ասոցիացիայի պատվավոր նախագահ Հայկ Քոթանջյանը, ում անունը եւս վկայաբերվում է նշված զեկույցում, մեզ հետ զրույցում նշեց, որ զեկույցն առնչվում է մեր երկրի անվտանգային խնդիրներին, եւ ճիշտ կլիներ այն հայաստանյան տիրույթում հրապարակելուց առաջ քննարկել մասնագետների հետ։

«Զեկույցն իր մեջ մեծ զգայունություն է պարունակում, որովհետեւ դուք գիտեք, որ վերջերս՝ մոտ տասն օր առաջ, Թուրքիան Ադրբեջանի հետ ստեղծեց համատեղ մեդիա հարթակ, եւ այդ մասին ցուցադրաբար հրապարակվեց։ Կա որոշակի տեղեկույթ, որ թուրք-ադրբեջանական պլատֆորմը համագործակցում է Խոդորկովսկու պորտալի հետ»,- ասաց պրն Քոթանջյանը՝ ընդգծելով, որ, ըստ իր աղբյուրների, «Դոսյե»-ի զեկույցն էլ այդ ընդհանուր հարթակի համագործակցության տիրույթում է։ Մեր դիտարկմանը՝ բայց զեկույցը նաեւ ՀՀ իշխանություններին է ձեռնտու, ասաց․ «Այստեղ խնդիրը Հայաստանի Հանրապետության միջազգային անվտանգության խնդիրներն են, ոչ թե իշխանությանը կողմ կամ դեմ լինելը»։ Պաշտոնաթող գեներալը չմանրամասնեց, թե ինչպես է հնարավոր զեկույցով ազդել մեր երկրի անվտանգային խնդիրների վրա, ասաց միայն, որ դրանք կարող են առաջ բերել «հակառուսական տրամադրություններ, պրոթուրքական տրամադրություններ, ամերիկյան տրամադրություններ»։

Հարցրինք նաեւ իր եւ ՌԴ իշխանությունների ներկայիս փոխհարաբերությունների մասին, մասնավորապես՝ արդյոք ինքն «աշխատո՞ւմ» է ՌԴ-ի համար, ի՞նչ աղբյուրների է ինֆորմացիա փոխանցում։ «Ես չգիտեմ, թե ինչի մասին է խոսքը։ Դա ամենաանշնորհք եւ ոչ մաքուր մանիպուլյացիաներից մեկն է, թե իբր ինֆորմացիա եմ փոխանցում եւ այլն։ Բայց ես խորհուրդ եմ տալիս՝ շատ զգուշորեն վերաբերվել, որպեսզի չվնասենք Հայաստանին, հայությանը»։ Լավ, իսկ ինչո՞ւ է հենց Ձեր անունը նշվում։ «Գիտեք, ես տարբեր դպրոցներում աշխատած եւ վերապատրաստված մարդ եմ՝ ե՛ւ ԱՄՆ-ում, ե՛ւ Եվրոպայում, ե՛ւ Ռուսաստանի նախագահին կից ակադեմիայում, Հարվարդում, այնպես որ՝ դա ինձ համար նորմալ վիճակ է։ Հիմա էլ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի հետ կապ ունեմ՝ որպես գիտնական, իմ գործընկերների հետ ես կապը պահում եմ, ես գիտությունների դոկտոր, պրոֆեսոր եմ»։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930