Լրահոս
Օրվա լրահոսը

Մոր մահից հետո Արամը եկավ, վաճառեց բնակարանն ու ընդմիշտ հեռացավ. ովքեր են ապրում Թբիլիսիի այն տանը, որտեղ ապրել է Արամ Խաչատրյանը. «Հայկական ժամանակ»

Սեպտեմբեր 23,2020 10:55

«Այս տանը 1906-1922 թթ. ապրել է կոմպոզիտոր Արամ Խաչատրյանը». ահա այսպիսի մի ցուցանակով է հիշատակված Թբիլիսիիում այն հասցեն, որտեղ անցել է հանրահայտ երաժշտի մանկությունն ու պատանեկությունը:

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի կենտրոնական հատվածում գտնվող տանը (Ուզնաձե 93) ծնողների եւ ավագ եղբոր հետ միասին Արամ Խաչատրյանն ապրել է 16 տարի:

Տունը վերանորոգված էր ու ժամանակակից ձեւով կահավորված, Խաչատրյաններից միայն դրսի դուռն ու պատուհաններն էին մնացել: Համենյան դեպս, հարեւանները վստահեցրին, որ դրանք չեն փոխվել: Բնակչուհին ցույց տվեց այն սենյակը, որտեղ ապրել էր Խաչատրյանը:

Երկրորդ հարկում գտնվող այդ բնակարանը, որտեղ երկար տարիներ ապրել է կոմպոզիտորը, երբեք էլ տուն-թանգարան չի եղել: Այդտեղ են ապրել Արամ Խաչատրյանի ծնողները, իսկ նրանց մահից հետո տունը վաճառվել է:

Այս ամենը մեզ պատմելուց հետո հարեւանուհիներն ուղղորդեցին դեպի առաջին հարկում բնակվող 96-ամյա հայ տատիկի՝ Տալիթա Ճերմակյանի տուն:

«Ես Խաչատրյանին չեմ տեսել, երբ ծնվել եմ, նա արդեն այստեղ չի ապրել: Հետագայում գալիս-գնում էր: Նրանք երկու եղբայր էին, մեծ եղբայրը Հայաստանում էր ապրում, իսկ ինքը 16-17 տարեկան դառնալուց հետո գնաց Մոսկվա. դա իր երազանքն է եղել: Ծնողները նրա գնալուց հետո երկար տարիներ այստեղ ապրեցին, չնայած հայրը մի փոքր շուտ մահացավ, բայց մայրը երկար ապրեց: Երբ արդեն մենակ էր, գնաց Երեւան՝ մեծ տղայի մոտ, հետո լսեցինք, որ այնտեղ մահացել է: Մոր մահից հետո Արամը եկավ, վաճառեց բնակարանն ու ընդմիշտ հեռացավ»,- պատմեց Տալիթա Ճերմակյանը:

Արամ Խաչատրյանը երեխա ժամանակ խաղացել եւ շատ մտերիմ է եղել Տալիթա Ճերմակյանի քրոջ՝ Եկատերինայի հետ: Մոտ 18-19 տարեկան հասակում Արամ Խաչատրյանն անգամ ցանկացել է ամուսնանալ Կատյայի հետ, բայց ինչպես 96-ամյա Տալիթան է պատմում, քույրը նրան մերժել է: «Քույրս չուզեց Արամին, որովհետեւ նրան այդ ժամանակ Բաթումիից եկած շատ գեղեցիկ մի երիտասարդ էր սիրում: Այդ երիտասարդն արդեն կայացած էր եւ լավ մասնագետ: Կատյան նրան ընտրեց: Դրանից հետո Արամը երկար ժամանակ չէր ամուսնանում, հետո իմացանք, որ այնտեղ՝ Մոսկվայում, ամուսնացել է ինչ-որ մեկի հետ»,- հիշեց 96-ամյա տատիկը:

Տալիթա Ճերմակյանին քույրն է պատմել հռչակավոր կոմպոզիտորի մասին, ասել՝ նա շատ ընկերասեր ու շփվող է եղել, միշտ երգել է, նվագել, իսկ Մոսկվայում բարձրագույն երաժշտական կրթություն ստանալը եղել է նրա երազանքը: Տալիթա Ճերմակյանի խոսքով՝ Արամ Խաչատրյանն անգամ իր գործերից մի փոքրիկ կտոր նվիրել է առաջին սիրուն՝ Կատյային:

Երբ Խաչատրյանն արդեն հայտնի երաժիշտ է դարձել, չի կարողացել հաճախ լինել հայրական տանը, բայց գնացած ժամանակ այցելել է բոլոր հարեւաններին ու նվերներ տարել. «Գալիս էր, բոլորին մի ձեւով ուրախացնում, պատմում էր իր սիրելի գործի մասին, կիսվում տպավորություններով»:

Աղունիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930