Նախկինում հաճախ է նշվել, որ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն ինքն է վարում քաղաքապետարանի պետհամարանիշներով ավտոմեքենան ու որ վարորդ չունի: Երեկ լրագրողների հետ կարճ հարցուպատասխանի ժամանակ Մարությանը եւս մեկ անգամ վերահաստատեց դա: «Քաղաքապետը նաեւ վարորդ է, այ էդ ամենակարեւորն է»,- ասաց շտապելով հեռացող եւ մեքենային մոտեցած Հայկ Մարությանը:
Երեւանի ավագանու ընդդիմադիր «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը, որը վերջին ամիսներին հայտնվել է նույն խմբակցության վարորդին առնչվող աղմկահարույց իրադարձությունների կենտրոնում, առիթի դեպքում զուգահեռներ է անցկացնում այս երկու իրողությունների միջեւ ու խոսում դրանց նմանությունների մասին: Հիշեցնենք, որ հարուցված քրեական գործ կա այն փաստի առթիվ, որ «Լույս» խմբակցությանն ամրակցված մեքենան թեպետ իրականում վարում է Դավիթ Խաժակյանը, սակայն կա գրանցված վարորդ, որը չի աշխատում, իսկ այդ հաստիքի համար նախատեսված աշխատավարձը ստանում է Ազգային Ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության վարորդը:
«Հայկական ժամանակը» Երեւանի քաղաքապետարանից փորձեց պարզել, թե արդյո՞ք Երեւանի քաղաքապետի վարորդի հաստիքը ոչ ոք չի զբաղեցնում:
Երեւանի քաղաքապետարանի լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից մեզ պատասխանեցին, որ քաղաքապետը վարորդ չունի: Սույն թվականի փետրվարից այդ հաստիքը, որի դեպքում սահմանված է 225 հազար դրամ աշխատավարձ, թափուր է: Հարցին, թե այդ դեպքում ինչ է եղել մինչեւ փետրվարը, վարորդը սպասարկե՞լ է քաղաքապետին, լրատվականից պատասխանեցին՝ ըստ անհրաժեշտության:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է վարորդների հետ կապված երկու իրավիճակների տարբերությանը, քաղաքապետարանից ասացին. «Խաժակյանի վարորդի հետ կարող եք ինքներդ համեմատություն անել: Միայն նշենք, որ նրա դեպքում վարորդ կա, բայց մեքենան Խաժակյանն է վարում»:
Աղունիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում: