Լրահոս
Օրվա լրահոսը

Ոչ աննախադեպ իրավիճակ

Սեպտեմբեր 23,2020 10:00

Հոկտեմբերի 8-ին ընդդիմադիր երեք կուսակցություններ՝ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն եւ «Հայրենիքը» հանրահավաք են անցկացնելու: Պահանջն ավանդական է բոլոր ընդդիմադիրների համար՝ երկրի ղեկավարի հրաժարականը: 1992 թվականից իր վեր ընդդիմությունը հենց դա՛ է պահանջում՝ պնդելով, որ այդ հրաժարականը հրատապ անհրաժեշտություն է, իսկ հակառակ դեպքում երկիրը կործանվելու է: Գրեթե 30 տարվա ընթացքում ընդդիմության այդ պահանջը կատարվել է միայն մեկ անգամ՝ 2018 թվականին: Բայց ներկայիս ընդդիմադիր շարժումն ակնհայտորեն այդ դեպքը չէ.

1/ այժմ չկան տասնյակ հազարավոր մարդիկ, որոնք սատարում են հրաժարականի պահանջին՝ իշխանությունը դեռ չի հասցրել այդ աստիճանի, մեղմ ասած, հոգնեցնել քաղաքացիներին,

2/ ներկա ընդդիմադիրները չեն պատրաստվում պարալիզացնել հանրապետության կյանքը, փողոցներ փակել, պառկել մեքենաների տակ եւ այլն,

3/ եթե անգամ նման մտադրություն լինի, «ժողովրդի իշխանության» ոստիկանությունը դա թույլ չի տա:

Մոտակա երկու շաբաթների ընթացքում իշխանությունն, իհարկե, կմոբիլիզացնի իր ամբողջ ռեսուրսը՝ վերոհիշյալ երեք կուսակցությունները եւ դրանց հանրահավաքը վարկաբեկելու համար: Բացառված չէ, որ քննչական մարմինները նոր կոմպրոմատներ պեղեն, ինչպես նաեւ ակտիվացնեն իրենց ջանքերն արդեն եղած վարկաբեկիչ նյութերն ասպարեզ բերելու համար: Շատ հնարավոր է նաեւ, որ այդ կոմպրոմատները դարձյալ սկզբից հրապարակել կտան ռուսաստանյան լրատվամիջոցներում, այնուհետեւ կտարածեն Հայաստանում:

Քարոզչական աշխատանքի հիմնական ուղղություններն են՝

ա/ ընդդիմադիրները Ռուսաստանի լրտեսներ են,

բ/ նրանք կոռումպացված են,

գ/ նրանց հետեւում երեւում են Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի ականջները:

Առավել ուշագրավ է, իհարկե, առաջին մեղադրանքը. եթե այդ մարդիկ լրտեսներ են, ապա նրանք պետք է կանգնեն դատարանի առաջ: Եթե նրանց այդ ծանրագույն մեղադրանքով հանդերձ օրենքով չեն հետապնդում՝ հաշվի առնելով Ռուսաստանի հետ ռազմավարական դաշինքը, դա էլ է խնդիր՝ ստացվում է, որ դաշնակցի լրտեսները կարող են անարգել գործունեություն ծավալել մեր երկրում:

Որքան հասկանում եմ, «Իմ քայլը» խմբակցության բոլոր պատգամավորները պարտադրված են ելույթներ ունենալու այս երեք ուղղություններով՝ հանրահավաքին ընդառաջ: Չգիտեմ, արդյոք Սայաթ-Նովա փողոցո՞ւմ են նրանք նման կուսակցական հրահանգներ ստանում, թե՞ ինքնուրույն են կողմնորոշվում` ինչպես է պետք ցույց տալ հավատարմությունը «հեղափոխության արժեքներին», բայց դա ցավալիորեն հիշեցնում է 2015-ի փետրվարի հայտնի ժողովը, երբ ՀՀԿ ԳՄ անդամներն իրենց պարտքն էին համարում կարծիք հայտնել նույն Ծառուկյանի մասին՝ «գլխին բամփելու» եւ «մեխի ու չագուչի» թեմաներով: «Իմ քայլի» պատգամավորները հաճախ հարցնում են՝ «բա լա՞վ էր, որ Սերժի վախտ…»: Դե, իհարկե, վատ էր: Միայն թե պարզ չէ, թե ինչու եք դուք ձեզ «Սերժի վախտվա» պես պահում. չէ՞ որ դուք ավելի լավն եք (իսկապես այդպես եմ կարծում):

Իսկ ընդդիմադիր երեք կուսակցությունների պահանջը, բացի նրանից, որ իրագործելի չէ, նաեւ ժամանակավրեպ է՝ մի՞թե նրանք նոր հեղափոխություն եւ նոր արտահերթ ընտրություններ են ուզում: Կարծում եմ, իդեալական տարբերակն այն կլինի, եթե ներկայիս իշխանությունը մնա մինչեւ 2023 թվականը, իսկ այնուհետեւ, պարտվելով խորհրդարանական ընտրություններում, խաղաղ հեռանա, չփորձի վերարտադրվել: Այդ պարագայում Նիկոլ Փաշինյանն իսկապես կմնա պատմության մեջ որպես չափազանց դրական օրինակ, որովհետեւ նման բան 1995 թվականից սկսած չի եղել: Այ դա իսկապե՛ս աննախադեպ կլինի:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    .Այժմու դրութեամբ, այս երեք տարրերի միացումը, ցարդ ամենալուրջ համախմբումը կը հանդիսանայ ընդդիմադիր ուժերի:

    . Սակայն խնդիրը այն է որ՝ «ԲՀԿ» եւ «Հայրենիք»ը ոչ արժանահաւատ չեն, ոչ ել արժանի են, այս վարչակարգին տեղը առնելու:

    Քանզի «ԲՀԿ»-ն որոշիչ դերակատարութիւն ունեցաւ, այս վարչակարգի գոյացման եւ նախնական կայացման գործընթացում:

    Իսկ «Հայրենիք»ի հիմնադիրն ու ղեկավարը, ուղղակի այս վարչակարգի կամակատարն էր սկզբնապէս, հիմնական մակարդակի վրայ:

    Թէ որ անկեղծ էին՝ նրանց այն նախնական դիրքորոշումն ու վարքագիծը, թէ, մթին խաղ մըն էին խաղում, բան չի փոխեր այստեղ ըսուածից: Ոչ արժանահաւատ են, ոչ ել արժանի, ոչ ել վստահելի, իշխանութեան տիրանալու համար:

    . ՀՅԴ-ն, որ միակ իսկական կուսակցութիւնն է այս երեքին մէջ ( ներառեալ այն իմաստով որ՝ նրա գոյութիւնը կախեալ չէ իր – միշտ ժամանակաւոր – գլուխէն), էականօրէն տարբեր հարց է:

    Նախ, որովհետեւ յեղափոխութենէն ետք լրիւ փոխուած են նրա բարձրագոյն ղեկավարները, թէ Գերագոյն Մարմնի եւ թէ Բիւրոյի մակարդակների վրայ:

    Նաեւ, քանի որ այս կուսակցութիւնը – հարկադրանքի տակ – աննշան դերակատարութիւն մը ունեցաւ միայն, այժմու վարչակարգի գոյացման ամենանախնական հանգրուանին:

    Ամէն դէպքում, եթէ անկախացած Հայաստանի ժողովուրդը, ԱՌԱՋԻ՛Ն օրերէն սկսեալ, մի քիչ աւելի քուէներ տար ՀՅԴաշնակցութեան, ապա վերջինս, ոչ՝ անցած վարչակարգների վախտ, ոչ ել՝ այժմ, չէր ստիպուեր քաղաքական անհաճոյ դաշինքներ փորձել, սրա կամ նրա հետ:

    Պարզաբանում ՝
    «ՀՅԴ-ն միայն ժողովուրդին կամքն է որ կատարեց Հայաստանի մէջ»՝
    https://haytougchamlian.blog/հյդ-ն-միայն-ժողովուրդին-կամքը-կատարեց/

  2. Alfred says:

    Դժվար է պատկերացնել որ Փաշինյանը, իր Նյու վասյուկինյան հեքիաթներով կարողանա ձգել մինչև 2023 թիվը։

    • Հ.Շ. says:

      Այն ինչ որ տեղի ունեցաւ, պէտք է որ մինչեւ ծայր ընթանայ, բնական կարգով հասնի իր լրումին:

      Նախ, քանի որ դա այս վարչակարգի իրաւունքն է – եւ խօսքը ընտրութիւնների արդիւնքին մասին չէ – : Եւ եթէ այս ուղղութեամբ գանգատ ունի մէկը, թող իր բողոքի ցոյցը կատարէ Սերժ Սարգսյանի գրասենեակին առջեւ (այս ալ անշուշտ որեւէ դաւադրական տեսութեան հետ կապ չունի; պարզապէս, նրա վարչակարգը փաստօրէն բլեֆ մըն էր, խաբկանք մը, եւ Փաշինյանը մէջտեղ հանեց այդ տասնամեայ սուտը: )

      Այժմու վարչակարգը պէտք է նաեւ մնայ, յաջորդ երեք տարիները տակաւին, որպէսզի դասը՝ ամբողջական լինը, ժող’ջանին համար: Չասելու համար, արժանի պատիժը:

      . «Նիկոլ Փաշինյան, all the way ! » ՝
      https://haytougchamlian.blog/նիկոլ-փաշինյան՝-all-the-way/

      . «Սերժ Սարգսյան, կարմիր քարտը անդառնալի՛ է»՝
      https://haytougchamlian.blog/սերժ-սարգսյան՝-կարմիր-քարտը-անդառնալ/

      Իսկ բնաւ ստոյգ բան չէ որ, յաջորդ հերթական ընտրութիւններին, Փաշինյանը եւ «Իր Քայլը» կ’անհետանան քաղաքական դաշտէն: Նոյնիսկ հաւանական է, որ մնան ԱԺ-ում: Պատկերացուցէք որքան սոսկալի ընդդիմութիւն կարող են դառնալ, ինչպէս արդէն փաստած են:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930