Ծափերով ու փուչիկներով այսօր Շենգավիթ Բ/Կ-ից դուրս գրվեց սեպտեմբերի 18-ին մահացած 30 ամյա Սեդա Ասատրյանի դուստրը:
Նորածնին անվանակոչել են Նարե, ինչպես մայրն էր ցանկացել:
«Ակնկալում ենք արդար քննություն, որովհետեւ բոլորս էլ գիտենք Շենգավիթի կապերը, գիտենք իրենց փողի չափերը, բոլորս էլ գիտենք՝ ինչքան մահացության դեպքեր են եղել ու անցել, մենք հուսով ենք՝ մերը չի անցնելու, որովհետեւ սա այն դեպքը չէ» ,- ասաց մահացածի քավոր Հովհաննես Հարությունյանը:
Նա ասաց, որ Սեդայի մահվան դեպքի մասին հրապարակումների տակ համացանցում շատ մեկնաբանություններ են կարդում, որտեղ ընթերցողները նշում են, թե հղիությունը վարած բժիշկ Աշոտ Սիրունյանը լավ բժիշկ է. «Լիքը մարդիկ ասում են՝ ինքը լավ բժիշկ է, ինչի եք նման բան անում, եթե իմանայինք՝ ինքը վատ բժիշկ է, էդ մարդուն չէինք բերի էստեղ, մենք գիտենք՝ լավ բժիշկ է, բայց եթե լավ բժիշկ է, ուրեմն կարող է սխալ թու՞յլ տալ, մոռանա՞լ ինչ-որ բանի մասին, մարդ մահանա, ընտանիք դժբախտանա, ու մենք ասենք՝ լավ բժիշկ է, անցնի՞, գնա՞»:
Կարդացեք նաև
Հարությունյանը նկատեց, որ Սեդան նախքան հղիանալն էլ ամուսնու հետ բժիշկ Սիրունյանին այցելել է, Սիրունյանի վերահսկողության ներքո է հղիացել, վերջինս հետեւել է նաեւ հղիության ընթացքին՝ լավ տեղյակ լինելով, որ Սեդան ալերգիա ունի անտիբիոտիկից:
Մահացած ծննդկանի քավորի խոսքով, ծննդաբերությունից օրեր առաջ բժիշկը պետք է կանչեր Սեդային, այդ դեղամիջոցի պրոբը դներ՝ իմանալով, որ մի անգամ նա մահից արդեն փրկվել է. «Սրսկել, նոր զանգում է Սեդայի ամուսնուն, հարցնում՝ ալերգիա՞ ուներ»:
«Ոչ ասում եմ լավ բժիշկ, ոչ ասում եմ վատ բժիշկ, մենակ ուզում եմ ՝ հանրությունը, առողջապահության նախարարությունը սթափվի, դիսցիպլինա մտցնեն, բժիշկների մոտ հիվանդների քանակություն լինի, անզգուշության, անփութության պատճառով ոչ մեկին չեմ ցանկանում, որ ինչ-որ մեկն այսպիսի ցավ ապրի: Սթափվե՛ք, ժողովուրդ ջան, քանակություն գոյություն ունի, չպետք է բժիշկը հոգնած լինի, որ զարմանքի ու անփութության սխալներ լինեն, հետո… »,- լրագրողներին ասաց մահացածի ամուսինը:
Հարազատներից՝ Միքայելն էլ ասաց, որ բժիշկ Սիրունյանին չի փրկի դիպլոմատով փողերը. «Դուք չեք պատկերացնի մեր տրամադրվածությունը… «գրդոն» է անում, էդ մարդը տասը հատ 200.000 դրամով հիվանդ է պառկեցնում… մեր խնդիրն է բարձրաձայնել, որ այդ մարդն իր պատիժը ստանա, որ վաղը սաղիցս հեռու, մյուս, մյուսներին չսպանի: Ոչ մեկի մտքով չանցնի, որ էս գործը կարող է կոծկվի կամ սվաղվի, երրորդ կուրսի ուսանողի համար պարզ է, որ սա անփութության խնդիր է»:
Հիշեցնենք, որ մահացած ծննդկանը նախկինում վիրահատվել էր արտարգանդային հղիության կապակցությամբ: Հետվիրահատական շրջանում «Ցեֆտրիաքսիոն» հակաբիոտիկի նկատմամբ տարել է անաֆիլաքսային շոկ, որն ուղեկցվել է թոքերի այտուցով և սրտի կանգով: Առաջին անգամ կնոջը հաջողվել էր փրկել:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ