Լրահոս
Օրվա լրահոսը

Իսրայելական ռազմական ընկերությունը 155 մլն դոլար է փոխանցել «Ադրբեջանական լվացքատան» հետ կապ ունեցող 2 ընկերության

Սեպտեմբեր 22,2020 23:35

Israel Aerospace Industries իսրայելական խոշորագույն ավիացիոն տեխնիկա արտադրող ընկերությունը 155 մլն դոլար  է փոխանցել Ադրբեջանի կառավարության համար փողերի լվացման մեխանիզմների մեջ ներգրավված 2 կազմակերպություններին։ Այս մասին գրում է իսրայելական Haaretz պարբերականը՝ վկայակոչելով 2012-2014թթ․ ընթացքում բանկային փաստաթղթերի ինֆորմացիոն արտահոսքի մասին հաշվետվությանը։ Թե ինչ նպատակներով  են իրականացվել պետական Israel Aerospace Industries ընկերության վճարումները, հայտնի չէ։

Այս մասին տեղեկությունները հանրության լայն շրջանակներին հասանելի են դարձել հազարավոր բանկային փաստաթղթերի արտահոսքի արդյունքում, որոնք էլ հայտնվել են «Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումի» ձեռքում։

Israel Aerospace Industries կազմակերպությունը, անդրադառնալով այս լուրերին, լակոնիկ պատասխանել  է․ «Israel Aerospace Industries-ը պետական կազմակերպություն է, որն աշխատում է օրենքի տառին համապատասխան։ Որպես պաշտպանական կազմակերպություն՝ այն չի պատասխանում իր կոմերցիոն գործունեության մասին հարցերին, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի»։

Մինչդեռ լրագրողների հետաքննությունը պարզել է, որ այդ գումարային փոխանցումները սկսվել էին այն բանից հետո, երբ Israel Aerospace Industries-ը Ադրբեջանի հետ կնքել էր 1․6 մլրդ դոլար արժողությամբ զենքի մատակարարումների մասին գործարքը, որը կազմակերպության պատմության մեջ խոշորագույններից մեկն էր։ Պարբերականը նշում է, որ գործարքի պայմաններին ծանոթ իր աղբյուրը հայտնել է, որ որքանով իրեն է հայտնի, գումարի մեջ ներառված չեն եղել վճարումներ միջնորդ կողմի համար։

Հետաքննության մեջ նշվում է այն կազմակերպությունների անունները, որոնց Israel Aerospace Industries-ը գումարներ է փոխանցել։ Դրանց թվում աչքի են ընկնում հատկապես 2 ընկերություն՝  Jetfield Networks-ը և Larkstone-ը։

2009թ․ Նոր Զելանդիայում հիմնված Jetfield Networks-ը հիմնադրումից երեք տարի անց իր գործունեությունը տեղափոխել էր Մարշալյան  կղզիներ։ Այնտեղ, ըստ իտալական L’Espresso պարբերականի տեղեկությունների, ընկերության «օրինական ժառանգորդը» վերափոխվել էր և դարձել խորհրդատվական ծառայություններ մատուցող կազմակերպություն։ Ընկերության շահառուն 1961թ․ ծնված Ջավիդ Հուսեյնով անունով մի  ադրբեջանցի է, որը միաժամանակ հանդիսանում է նաև Larkstone ընկերության շահառուն, նշում է պարբերականը։

Jetfield ընկերության տեղափոխությունը Մարշալյան կղզիներ 2012թ․ փետրվարին այն նույն ժամանակահատվածում էր, երբ իսրայելական և միջազգային մամուլը սկսեց գրել IAI-ի  և Ադրբեջանի միջեւ սպառազինությունների գնման պայմանագրի մասին, ինչն արդյունք է իսրայելա-ադրբեջանական սերտ և բազմակողմանի հարաբերությունների, որը մեծամասամբ հանրության աչքից թաքուն է մնում։ Իսրայելն Ադրբեջանից նավթ է գնում, իսկ Ադրբեջանը՝ զենք ու գյուղատնտեսական տեխնիկա Իսրայելից։ Իսրայելի կառավարությունը ռազմավարական կարևորություն է տալիս Ադրբեջանին Իրանի հետ սահմանակից լինելու պատճառով, և Ադրբեջանում տեղի ունեցող մարդու իրավունքների ոտնահարումները դրան խոչընդոտ չեն, գրում է թերթը։

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930