Երևանի պետական համալսարանի քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի դոցենտ, պատմական գիտությունների թեկնածու Մենուա Սողոմոնյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և վարչապետի աշխատակազմի։ Սողոմոնյանը պահանջում է մասնակի ոչ իրավաչափ ճանաչել ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի կազմը հաստատելու վարչապետի՝ օգոստոսի 7–ի որոշումը՝ խորհրդի երկու անդամի նշանակման մասով։ Խոսքը ՀՀ վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչ Վահան Պապիկյանի և «Մետրիկա» ՍՊԸ-ի հիմնադիր Գևորգ Մուրադյանի մասին է, որոնց նշանակումն ըստ հայցվորի՝ ոչ լեգիտիմ է։
Սողոմոնյանը NEWS.am–ի հետ զրույցում ասաց, որ խորհրդի հիշյալ անդամների նշանակման հետ կապված առկա են ԵՊՀ կանոնադրության, ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի աշխատակարգի դրույթների խախտումներ։ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի օգոստոսի 25–ի նիստում Մենուա Սողոմոնյանն առաջարկել էր Վահան Պապիկյանի և Գևորգ Մուրադյանի լիազորությունների դադարեցման հարցն ընդգրկել նիստի օրակարգում, սակայն մերժում ստացել, ինչից հետո որոշել էր դիմել վարչական դատարան։
Անդրադառնալով Վահան Պապիկյանի նշանակման լեգիտիմությանը, Սողոմոնյանը նշեց, որ վերջինս Հոգաբարձուների խորհրդի անդամ է նշանակվել հիմնադրի կողմից՝ որպես պետական պաշտոնյա։ Մինչդեռ ըստ նրա՝ վարչապետի գործերի կառավարիչը չի համարվում պետական պաշտոն զբաղեցնող անձ, այլ կարող է համարվել պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձ (օրենքով պետական պաշտոններ զբաղեցնողների համար նախատեսված են ավելի խիստ սահմանափակումներ և կարգավորումներ)։
ԵՊՀ դոցենտի հիմնավորմամբ՝ ԵՊՀ կանոնադրության մեջ օգտագործված «պետական պաշտոն» հասկացությունը պետք է կիրառվեր գործող օրենսդրության նորմերի հիման վրա, այլ ոչ թե կամայականորեն։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: