Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս հաղթահարել մանկական հիստերիան. արդյունավետ և ոչ արդյունավետ մեթոդներ

Սեպտեմբեր 22,2020 20:44

Երեխաները հաճախ են բորբոքվում, երբ իրենց ցանկությունը չի կատարվում: Նրանց բարկությունը երբեմն վերածվում է հիստերիայի: Օրինակ՝այս երևույթը կարող է ունենալ տարբեր դրսևորումներ՝ երեխան պառկում է խանութի հատակին և հրաժարվում վեր կենալ, փողոցում սկսում է գոռալ ծնողի վրա, չի ենթարկվում և այլն:

Փորձառու մայրիկներն ունեն իրենց մեթոդները երեխաների հիստերիայի դեմ պայքարի հարցում: Aravot.am-ի «Ֆեմինի» նախագծի շրջանակներում ներկայացնում ենք, թե ինչ մեթոդներ են ծնողները փորձարկել երեխաների բարկության պահերին և դրանցից որոնք են եղել արդյունավետ:

1.Տալիս եմ այն, ինչ նա ուզում է:

Շատ ծնողներ են հայտնվում այն իրավիճակում, երբ երեխան ոչ մի կերպ չի համոզվում, որ արդեն խաղահրապարակից տուն գնալու ժամանակն է: Ի՞նչ եք անում Դուք: Մայրիկների մեծամասնությունը, տեսնելով, որ երեխան չափից ավելի լարված է, հիստերիայի մեջ է ընկել, որոշում են նրան թույլ տալ մի փոքր էլ խաղալ:

Այս մեթոդը շատ ծնողների հավաստմամբ՝ արդյունավետ չէ, քանի որ երեխան սովորում է, որ հիստերիայի մեջ ընկելով, կամակորությամբ կարող է ստանալ այն, ինչ ուզում է:

2.Գոռալ և սպառնալ

Շատ ծնողների նյարդեր տեղի են տալիս այն ժամանակ, երբ տեսնում են, որ երեխային ոչ մի կերպ համոզել չի լինում և հունից դուրս են գալիս՝ իրենք էլ սկսելով ընկնել հիստերիայի մեջ: Ծնողներին թվում է, որ եթե իրենք գոռան, սպառնան, թե հիմա կապտակեմ, երեխան կհանդարտվի: Մինչդեռ այս մեթոդը փորձարկած ծնողների մեծամասնության հավաստմամբ՝ ընդհակառակը, ծնողի գոռալու դեպքում երեխան ավելի ագրեսիվ է դառնում, սկսում է ավելի ուժեղ գոռալ: Այս մեթոդի կիրառման դեպքում մանկական հիստերիային գումարվում է նաև ծնողից վախը, ուստի այս մեթոդն անարդյունավետ է, քանի որ երեխաների բարկությունն ու կամակորությունը, միևնույն է, շարունակվում են:

3.Լռել և արհամարհել

Շատ ծնողներ փորձում են արհամարհել երեխայի լացը՝ դուրս գալով սենյակից: Որոշ երեխաների դեպքում այս մեթոդն արդյունավետ է, քանի որ երեխան, տեսնելով, որ իրեն ուշադրություն դարձնող չկա, դադարում է լաց լինել, թեև չի բավարարվել իր ցանկություն: Շատ հաճախ երեխաները շատ արագ մոռանում են այդ մասին, գնում, գրկախառնվում ծնողի հետ, խնդրում, որ իրենց սիրեն: Սակայն որոշ դեպքերում երեխաները ծնողներից համառ են լինում և ոչ մի կերպ լացը չեն դադարեցնում: Ստիպված ծնողներն են զիջում:

Այս մեթոդը ծնողների մեծամասնությունը դաժան ու անմարդկային է համարում:

4.Առաջարկել երեխային, որպեսզի լաց լինի իր սենյակում

Որոշ ծնողներ երեխաներին հանդարտեցնելու համար ընտրում են ոչ թե արհամարհելու ռազմավարությունը, այլ այսպես կոչված ավելի մարդասիրական տարբերակ: Օրինակ՝ առաջարկում են լաց լինող երեխային ասել, որ լաց լինել ինքը կարող է ինչքան ուզում է, բայց լավ կլինի, որ դա անի իր սենյակում: Նաև առաջարկում են երեխային ասել՝ գնա, լաց եղիր ինչքան ուզում ես, հետո կգաս, միասին համեղ խմորեղեն կուտենք:

5.Զգացմունքների կառավարում

Շատ ծնողներ փորձում են իրենց երեխաների մոտ կուտակած զգացմունքները կառավարել, քանի որ կարծում են՝ հիստերիան, ագրեսիան նախևառաջ առաջանում է նրանից, որ երեխան չի կարողանում իր մեջ կուտակված էներգիան սպառել: Դրա պատճառով փորձում է այդ կերպ վարվել: Երբ երեխան լաց է լինում, շատ ծնողներ փորձում են նրա մեջ կուտակված էներգիան դուրս բերելու տարբեր այլ եղանակներ գտնել: Օրինակ՝ սկսում են երեխայի հետ կատակներ անել, խուտուտ տալ, որպեսզի ծիծաղի միջոցով կուտակված էներգիան դուրս գա երեխայի միջից:

Շատ ծնողներ կարծում են, որ սա բավականին արդյունավետ միջոց է:

6.Պատմել երեխային իրեն սպասվող իրադարձությունների մասին

Ծնողներից շատերը հասկացել են՝ ավելի լավ է կանխել մանկական հիստերիան, քան հետո հիստերիայի մեջ ընկած երեխային փորձել հանդարտեցնել: Օրինակ՝ դրա համար առաջարկում են սպասվող գործողությունների մասին երեխային պատմելու մեթոդը: Մայրիկը պատմում է՝ հիմա գնալու ենք խանութ, գնումներ ենք կատարելու, քեզ համար էլ բուլկի եմ գնելու, հետո գնալու ենք խաղահրապարակ, բայց մի քիչ խաղալուց հետո տուն ենք գնալու: Եվ առաջարկում են երեխայի հետ պայմանավորվել՝ երբ մայրիկն ասի, որ արդեն տուն գնալու ժամանակն է, պետք է միանգամից մայրիկին լսել: Այս դեպքում ըստ ծնողների՝ երեխան արդեն բարոյապես պատրաստ կլինի այն ամենին, ինչ սպասվում է իրեն:

7.Փորձեք ձեզ զգալ երեխայի տեղում

Փորձառու ծնողներից շատերը, որոնք իրենց պրակտիկայի ընթացքում փորձարկել են և′ արհամարհելու, և′ երեխայի վրա գոռալու, և′ այլ մեթոդներ, եկել են այն եզրակացության, որ ամենաարդյունավետ տարբերակը երեխային հանգստացնելու և մանկական հիստերիայից խուսափելու այն է, որ ծնողը փորձի ինքն իրեն զգալ երեխայի տեղում: Օրինակ, երբ Ձեր որդին ցանկանում է, որ Դուք իր համար Լեգո գնեք, սակայն Դուք դա չեք պլանավորել, ճիշտ կլինի, որ նրան ասեք՝ իհարկե, ես հասկանում եմ՝ ինչ բարդ է քեզ համար, ես էլ, երբ փոքր էի, նման դեպքերում շատ էի նեղսրտում: Բայց ոչ մի անգամ չպետք է զիջել և ընդամենը երեխայի լացը դադարեցնելու համար կատարել նրա ցանկությունը: Երբ երեխան հասկանա, որ ծնողը զգում է իր ցավը, կսկսի վստահել նրան և նաև հասկանալ նրա ասածները:

Սա հոգեբանության մեջ հայտնի է կապվածության տեսություն անվանմամբ: Այս տեսությանն իմաստն այն է, որ երեխայի բարկությունը, հիստերիան պետք է հաղթահարել ոչ թե նրան արհամարհելով, նրա վրա գոռալով, ագրեսիայի միջոցով, այլ նրան հասկանալու, նրա մոտ վստահություն ձևավորելու միջոցով: Մասնագետները ծնողներին խորհուրդ են տալիս կարդալ Դեբոր Մակնամարի «Հանգստություն, խաղ, զարգացում» գիրքը, որտեղ կգտնեն իրենց հուզող շատ հարցերի պատասխաններ:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930