«Այսօրվա քննարկման արդյունքով կայացրած որոշումը կամ խորացնելու է այս գործի հետ կապված եղած կասկածները, կամ ստեղծելու է նախադրյալներ, որպեսզի բոլոր հարցերը ստանան իրենց օբյեկտիվ և ամբողջական պատասխանները»,- Մարտի 1-ի մայր գործի շրջանակում ՀՀ սահմանադրական կարգի տապալման համար մեղադրվողներ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, գլխավոր շտաբի նախկին պետ, 2008թ.-ի դրությամբ՝ Երեւանի կայազորի պետ Յուրի Խաչատուրովի, պաշպանության նախկին նախարար, 2008թ.-ի դրությամբ՝ ԶՈՒ ԳՇ պետ Սեյրան Օհանյանի, նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի գործով սեպտեմբերի 22-ի դատական նիստի ընթացքում հայտարարեց Արմեն Գևորգյանը:
Ըստ նրա՝ ըստ էության ամեն ինչից բացի կողմերը նաև պիտի հնարավորություն ստեղծեն, որ դատարանը արդար, օբյեկտիվ, ճիշտ որոշում կայացնի. «Այսօրվա քննարկումը բերեց նրան, որ ըստ էության դատարանը երկընտրանքի առջև է: Իմ խորին համոզմամբ, եթե Դուք հիմա այս միջնորդությունը մերժեք, իմ կարծիքով՝ դուք արդեն ստանձնելու եք մեկ կողմի դիրքորոշման պաշտպանությունը, և այս իմաստով այս դատարանի անաչառությունը կասկածի տակ է լինելու»:
Նշենք՝ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը և ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը միջնորդել են դատարանին տրամադրել «մայր գործի» նյութերն ամբողջությամբ, մինչդեռ սեպտեմբերի 22-ին նիստի ընթացքում նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը որոշում կայացրեց՝ հետաձգել այդ միջնորդության քննարկումը:
Արմեն Գևորգյանը վստահեցրեց՝ այս միջնորդության քննարկումն առնչվում է ուղիղ գործի էության բացահայտմանը ու նկատեց. «Առանց այդ էլ հասարակության մեջ խորը կասկածներ կան տարբեր ձևով դրսևորվող այս գործի ծագումնաբանության և ընթացքի վերաբերյալ: Ի՞նչն է խանգարում բոլորիս, որպեսզի այդ հիմնական կասկածներից մեկը փարատվի, գործի նյութերից բոլորը հասանելի դառնան»:
Կարդացեք նաև
Նա ասաց՝ ապրիորի հավատալ, որ քննիչները ճիշտ են գործել, օբյեկտիվ, արդեն չի կարող. «Հնչեց միտք, որ եթե մենք նյութերը տրամադրենք պաշտպանական կողմին, ապա դրանք կարող են հասանելի դառնալ այլ մարդկանց. գաղտնիությունը կխաթարվի: Հիշեցնեմ այստեղ նստածներին՝ ընդամենը մինչև քննությունն ավարտելը անցյալ տարի փետրվարի 14-ին, անգամ մամուլում հրապարակվել են գործի նյութերը, որոնք անգամ մեզ հասանելի չեն եղել՝ հարցաքննություններ, օպերատիվ տեղեկություններ և այլն: Ես ուզում եմ գոնե ինձ համար պարզել, որ կամ այս գործընթացն ինչ-որ տեղ իմաստ ունենալու է, որը կտա շատ հարցերի պատասխաններ, կամ մենք առաջնորդվելու ենք այն տրամաբանությամբ և ցանկությամբ, որն ուրվագծել են իրենց համար քննչական մարմինները, և դատախազությունն էլ պաշտպանել է այդ դիրքորոշումը»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ