Մարտի 1-ի մայր գործի շրջանակում ՀՀ սահմանադրական կարգի տապալման համար մեղադրվողներ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, գլխավոր շտաբի նախկին պետ, 2008թ.-ի դրությամբ՝ Երեւանի կայազորի պետ Յուրի Խաչատուրովի, պաշպանության նախկին նախարար, 2008թ.-ի դրությամբ՝ ԶՈՒ ԳՇ պետ Սեյրան Օհանյանի, նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի գործով սեպտեմբերի 22-ի դատական նիստի ընթացքում Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը միջնորդություն ներկայացրեց դատակոչման ենթակա անձանց ցանկի փոփոխման և նոր ապացույցներ պահանջելու վերաբերյալ:
Հայկ Ալումյանը միջնորդեց ներկայացված միջնորդության հավելվածում տեղ գտած տուժողներին հրավիրել դատարան և հարցաքննել: Նա ասաց, որ այդ անձանց ցուցակը յոթ էջանոց է՝ 126 անձ: Այնուհետև շեշտեց. «Հարգելի′ դատարան, դուք առանց որևէ անձի վերաբերյալ վերապահման հրավիրել եք դատարան մեղադրող կողմի ներկայացրած բոլոր անձանց: Մենք իրավունք ունենք, որ մեր նկատմամբ կիրառվի նույն մոտեցումը: Ընդամենը խնդրում եմ պահպանել հավասարությունը երկու կողմերի միջև»:
Նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը խնդրեց հստակեցնել՝ ի՞նչ դատավարական կարգավիճակով այդ անձինք հրավիրվեն դատարան: Հայկ Ալումյանն ասաց՝ նույն դատավարական կարգավիճակով, ինչ 102 հոգին դատախազության կողմից ներկայացված, եթե ոչ, ուրեմն որպես վկա: Նա հորդորեց ապահովել հավասարություն: Հայկ Ալումյանն այս առիթով մանրամասնեց. «Եթե այդ մարդիկ մարտի 1-2-ի իրադարձությունների ժամանակ մարմնական վնասվածք են ստացել, ինքնըստինքյան ենթադրվում է, որ այդ իրադարձությունների որոշակի հատվածի վերաբերյալ տեղեկություններ ունեն: Հետևաբար, եթե որևէ մեկն ունի տեղեկություն այդ իրադարձությունների վերաբերյալ, մենք պահանջում ենք, որ այդ մարդն այստեղ հարցաքննվի»:
Մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը ներկայացված միջնորդությանը առարկեց ու նշեց. «Ինքնանպատակ չէ այդ անձանց վերաբերյալ որևէ տեղեկություն չներկայացնելը դատարանին պաշտպանության կողմից: Այդ 126 անձանց մեջ մեծ մաս են կազմում անձինք, որոնք սույն քրեական գործով ճանաչված են տուժող պայմանական Պուշկին Աբովյան փողոցների խաչմերուկում իքս անձի կողմից որպես իշխանության ներկայացուցչի կողմից բռնության ենթարկված, կամ Արշակունյաց պողոտայի վրա ինչ- որ իքս անձի կողմից իշխանության ներկայացուցչի վրա բռնություն գործադրելու հետևանքով: Նմանատիպ ցանկացած իրավիճակում այդ անձանց նկատմամբ տրված դատավարական կարգավիճակն այս քրեական գործով որպես տուժողի կարգավիճակով չեն օժտվել: Հետևաբար պնդել, որ բոլոր անձինք, որոնք տուժող են ճանաչվել, ավտոմատ պետք է այս քրեական գործով տուժողի կարգավիճակ ստանան, մեղմ ասած իրավիճակին չի համապատասխանում: Այս մասով որպես միջնորդություն չի կարող բավարարվել, քանի որ չի կարող ապացուցվել, թե 126 անձանցից որ հանգամանքով, որ պահին ստացած լիազորությունների պատճառով, գույքային վնասի պատճառով այդ անձինք պիտի հանդես գան որպես տուժող»:
Կարդացեք նաև
Նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը որոշեց հետաձգել միջնորդության քննությունը և հայտարարեց. «Դատարանը գտնում է, որ գործում առկա ապացույցները հետազոտելուց հետո հնարավոր կլինի պարզել այն հանգամանքները, թե ինչ առնչություն ունեն սույն անձինք սույն քրեական գործի հանգամանքների հետ և դրա հիման վրա հետևություններ անել այն մասին, թե արդյոք նրանց կարո՞ղ են հայտնի լինել սույն քրեական գործով ապացուցման համար ընդգրկված հանգամանքների հետ կապված տեղեկություններ: Դատարանը որոշեց պաշտպանական կողմի միջնորդության քննությունը հետաձգել մինչ սույն քրեական գործում առկա բոլոր ապացույցների հետազոտումը»:
Աշխատանքային ժամի ավարտի պատճառով դատական նիստը հետաձգվեց: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 29-ին՝ ժամը 13-ին:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ