Շիրակի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի ժ/պ Լեյլի Ասլանյանն Aravot.am- հետ զրույցում տեղեկացրեց, որ սեպտեմբերի 21-ը ներառյալ մարզի 5848 ուսուցիչներից թեստավորել են 2023-ը։ Ըստ մարզպետարանի պաշտոնյայի, ընդամենը 28 դրական դեպք են հայտնաբերել, որը կազմում է 1,3 տոկոս։
«Ախուրյանի 2-րդ դպրոցում երեք ուսուցչի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, ու այդ երեք ուսուցչի շփման շրջանակը բավականին մեծ է եղել։ Այդտեղ համաճարակաբանական ուսումնասիրություն է կատարվել, շփման շրջանակն է հստակեցվել, 15 ուսուցիչ և 157 աշակերտ մեկուսացվել են՝ որպես կոնտակտավորներ։ Բայց բուն դասապրոցեսը կանգ չի առել, կազմակերպվելու է հեռավար ուսուցում մինչև ինքնամեկուսացման 14-րդ օրը կլրանա։ Բնական է 14 օրվա ընթացքում այնտեղ բժշկական հսկողություն կիրականացվի կոնտակտավորների շրջանում։ Ըստ ցուցումների, իրենք ևս կարող են թեստավորվել, եթե ունենան կլինիկական դրսևորումներ։
Շիրակի պետական համալսարանի հենակետային ավագ դպրոցում էլ մեկ ուսուցչի մոտ եղել է դրական և իր ամբողջ դասարանը՝ 29 հոգանոց, ինքնամեկուսացել է և անցել են հեռավար դասապրոցեսի։
Ընդհանուր թեստավորումների մեջ ցածր թիվ ունենք, պարզապես այստեղ կարևորը շփման շրջանակն է՝ ուսուցիչ-աշակերտներ, ուսուցիչ-ուսուցիչներ, ապահովության համար շատ ավելի ճիշտ է որպես հակահամաճարակային միջոցառում արագ մեկուսացնել, հսկել, տա Աստված, որ չունենանք խնդիրներ, կվերականգնվի, կգնան առկա ուսուցման։ Եթե ջերմողներ էլ ունեցանք, կտանենք, կթեստավորենք։ Աշակերտներ մեջ դրական ախտորոշում չունենք, կան միայն ինքնամեկուսացածներ, որոնք կոնտակտավոր են եղել»,- ասաց առողջապահության վարչության պետը։
Կարդացեք նաև
Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հրայր Կարապետյանն էլ հստակեցրեց, որ Ախուրյանի 2-րդ դպրոցում 18 դասարաններից 8-ն անցել է հեռավար ուսուցման, մնացածը դասերն անցկացնում են դպրոցում։
Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի ժ/պ Լեյլի Ասլանյանը նաև փաստեց, որ վերջին տաս օրվա ընթացքում Շիրակի մարզում աստիճանաբար իջնում են ցուցանիշները։ Սեպտեմբերի 14-ին եղել են 645 ինքնամեկուսացածներ, այսօրվա դրությամբ 404 են, որոնք գտնվում են տնային հսկողության և որոնցից 109-ի մոտ դրական է։
Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում էլ, որտեղ տրիաժ է իրականացվում, կորոնովիրուսային հիվանդության կասկածով 8 հիվանդ կա պառկած։
Լեյլի Ասլանյանի տեղեկացմամբ, համավարակի առաջին օրվանից Շիրակի մարզում 2657 դեպք է արձանագրվել, 45 մահ է գրանցվել, իրականացվել է 13 հազար 227 նմուշառում, որից 11 հազար 873-ը՝ ՀՎԿԱԿ-ի Շիրակ մասնաճյուղի լաբորատորիայում։
Այսօր առողջապահական առաջնային օղակի հսկողության տակ գտնվողներից հինգ քաղաքացու բուժման նպատակով տեղափոխվել են մայրաքաղաք։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ