Պարբերաբար ներկայացնում ենք սոցիալական պաշտպանության ոլորտում համակարգային բարեփոխումների հետաձգման փաստերին, դրանց իրական պատճառներին ու հետևանքներին:
Այս մեկը վերաբերում է «Սոցիալական աջակցության մասին» օրենքի և հարակից այլ օրենքների փոփոխությունների նախագծերի փաթեթին: Շուրջ երկու տարվա քննարկումների արդյունքում մշակված նախագծերի այս փաթեթը ՀՀ կառավարության ներկայացմամբ՝ Ազգային ժողովն ընդունեց 2020թ. մարտի 4-ին:
Օրենսդրական նշված փոփոխություններով ընդամենն առաջարկվում էր սոցիալական աջակցության տրամադրման ոլորտում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, մարզպետարանների և տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների պարզ վերաբաշխում: Մասնավորապես, 2021թ. հունվարի 1-ից տեղական ինքնակառավարման մարմինները չեն իրականացնելու կառավարության պատվիրակած սոցիալական ծառայությունները: Այդ լիազորությունները փոխանցվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը:
Սա էլ ներկայացվեց՝ որպես երկար մտածված առանցքային փոփոխություն, ՀՀ կառավարության կողմից խոստացված համակարգային բարեփոխում:
Կարդացեք նաև
Իրականում այս փոփոխությունը պոպուլիստական փաթեթավորմամբ հերթական փորձն է՝ խոստացված համակարգային բարեփոխումները հետաձգելու և նախորդ երկու տարիներին սեփական անգործությունը քողարկելու նպատակով: Ավելին՝ սա կարող է հանգեցնել սոցիալական աշխատողների հաստիքների կրճատման:
Իսկ գործող իշխանությունները խոստացել էին ընտանիքների անապահովության գնահատման համակարգի արմատական վերանայում, որը հանդիսանում է սոցիալական աջակցության քաղաքականության հիմնական և որոշիչ գործիքը: Այս համակարգի հիմնախնդիրները վերաբերում են դրա գործառնական հիմքերին, որոնք սահմանված են ՀՀ կառավարության որոշումներով և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հրամաններով:
Իշանափոխությունից հետո արդեն անցել է բավարար ժամանակ՝ երկուսուկես տարի, սակայն անապահովության գնահատման համակարգի խոստացված արմատական վերանայումներն իրականացված չեն: Այս ընթացքում կատարված մեկ-երկու փոփոխությունները, ներառյալ նաև վերը նշվածը, կրում են կոսմետիկ բնույթ՝ առավել խորացնելով համակարգում առկա խնդիրները:
Իրական լուծում ապահովող փոփոխությունները պետք է սկսել հենց անապահովության և սոցիալական կարիքի գնահատման մեթոդաբանական ու տեղեկատվական լիարժեք հիմքերի ապահովումից: Հետևաբար, սոցիալական ծառայություններ մատուցող պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կազմակերպությունների ենթակայության փոփոխությունները, միավորումները, եղած լիազորությունների վերաբաշխումները և նմանօրինակ մեխանիկական այլ փոփոխությունները՝ ի սկզբանե ձախողված են արդյունքի տեսանկյունից:
Պակաս մտահոգիչ չի նաև մեկ այլ իրողություն: Փաստորեն, նույնիսկ այս պարզ փոփոխության նպատակով մշակված նախագծերի փաթեթն Ազգային ժողով է ներկայացվել թերի և այդպես էլ ընդունվել է: Այդ թերությունները շտկելու նպատակով ՀՀ կառավարության նախաձեռնությամբ 2020թ. սեպտեմբերի 22-ին հրավիրվել է Ազգային ժողովի արտահերթ նիստ: Հիմա էլ քննարկվելու է 2020թ. մարտի 4-ին ընդունված օրենքների պարզունակ փոփոխությունների նախագծերի սխալների ուղղման հարցը:
Իսկ այս ընթացքում սոցիալական պաշտպանության քաղաքականության պատասխանատու բարձրաստիճանները սիրողական մակարդակով միայն խոսում են առկա խնդիրներից, լավագույն դեպքում էլ նախաձեռնում են ոչ առաջնային և թերի փոխոխություններ: Կարևորն այն է, որ անցնող յուրաքանչյուր ամսվա համար ստանում են պարգևատրումներ՝ իրնենց հիմնական աշխատավարձերի չափով:
Թադևոս Ավետիսյան
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի
ծրագրերի համակարգող, տնտեսագետ