Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս պահին բնակչության աճ ակնկալելն իրատեսական չէ, մեր երկիրն այդ ռեսուրսը չունի». ժողովրդագրագետը Փաշինյանի՝ 5 միլիոն բնակչություն ունենալու մասին

Սեպտեմբեր 22,2020 17:54

«Երկարաժամկետ ռազմավարությունը կազմելու համար նախ պետք է հասկանանք՝ մարդկային ինչ ռեսուրս ունենք: Ռազմավարության համար ամենակարեւորը բնակչության սեռատարիքային կազմն է: Այս պահին այդ հաշվարկը կատարվում է 2011 թվականի տվյալներով, ինչն արժանահավատ չէ»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց ժողովրդագրագետ Արտակ Մարկոսյանը՝ պատասխանելով հարցին՝ իրատեսակա՞ն է արդյոք մինչեւ 2050 թվականը 5 միլիոն բնակչություն ունենալու՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի թեզը:

Հիշեցնենք, որ երեկ վարչապետը Մատենադարանում կառավարության անդամներին, ուսանողներին ու աշակերտներին ներկայացրեց Հայաստանի վերափոխման 30 տարվա ռազմավարությունը՝ նշելով, որ մինչեւ նշված ժամանակահատվածը ՀՀ բնակչությունը պետք է հասցնել առնվազն 5 միլիոնի:

Արտակ Մարկոսյան

Արտակ Մարկոսյանից հետաքրքրվել էինք՝ այս պայմաններում, երբ արտագաղթը չի դադարում, Հայաստանի մշտական բնակչությունն էլ տարեցտարի նվազում է, հնարավո՞ր է ժողովրդագրական ցուցանիշները բարելավել: Պարոն Մարկոսյանի խոսքով, եթե ուզում ենք մնալ տարածաշրջանում որպես անկախ պետություն՝ բնակչության թվաքանակի աճն ուղղակի անհրաժեշտություն է, սակայն այլ հարց է՝ կկարողանա՞նք այդ 5 միլիոնին հասնել:

Մեր զրուցակցի համոզմամբ, վարչապետի տեսլականը որպես ապագային միտված գաղափար շատ լավն է, բայց այն պետք է իրականացվի. «Այսինքն՝ պետք է լինի հստակ շարադրված ռազմավարություն, բնականաբար, այդ ռազմավարությունը չի կարող 30 տարվա լինել, որովհետեւ մենք այսօր խնդիր ունենք: Նույնիսկ չգիտենք՝ Հայաստանում որքան է մշտական բնակչության իրական թիվը: Այդ ռազմավարությունը պետք է գրվի, բայց դա էլ ռեալ չի քանի որ այս պահին չգիտենք բնակչության հստակ թիվը, սեռատարիքային կառուցվածքը: Վերջին թիվը 2 միլիոն 963 հազար մարդ է: Այս տարի պետք է անցկացվեր մարդահամար, բայց կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված այն տեղի չունեցավ: Երկարաժամկետ ռազմավարությունը կազմելու համար նախ՝ պետք է հասկանանք մարդկային ինչ ռեսուրս ունենք: Ռազմավարության համար ամենակարեւորը բնակչության սեռատարիքային կազմն է: Այս պահին 2011 թվականի տվյալներով է այդ հաշվարկը կատարվում, ինչն արժանահավատ չէ»:

Արտակ Մարկոսյանը, որը նաեւ Միջազգային անվտանգության հայկական հարցերի ինստիտուտի ասոցացված փորձագետ է, գտնում է, որ այս պահին բնակչության աճ ակնկալելն իրատեսական չէ, որովհետեւ մեր երկիրն այդ ռեսուրսը չունի. «Մոտակա տարիներին սպասվում է տղաների քանակի նվազում, որովհետեւ ակտիվ ամուսնական տարիք մուտք են գործում 93 թվականներից հետո ծնվածները: Տեղի է ունենալու ամուսնությունների թվի նվազում, հետեւաբար նվազելու են նաեւ ծնունդները»:

Ըստ նրա, 2009 թվականին առաջնեկների թիվը 50 տոկոս էր՝ մոտ 22 հազար երեխա, հիմա՝ 13 հազար 800-ի հասել եւ այդ թիվն, ըստ փորձագետի, իջնելու է, որովհետեւ ամուսնությունների նվազում ենք ունենալու. «Մենք ունենք օբյեկտիվ պատճառներ, որի դեմ ոչինչ չենք կարող անել»:

Արտակ Մարկոսյանի խոսքով, խնդիրն այն չէ՝ լինի 4 կամ 5 միլիոն, խնդիրն այն է, որ մենք ամեն գնով պետք է մեր բնակչության թիվն ավելացնենք, որովհետեւ չավելացնելու պարագայում կունենանք անվտանգության խնդիրներ. «Պետությունը պետք է 3-րդ, 4-րդ երեխաների խրախուսման ծրագրեր մշակի եւ ստեղծի պայմաններ, որպեսզի մարդիկ ունենան 3-րդ 4-րդ երեխան: Հետազոտությունները ցույց են տալիս, որ ծնողները ցանկանում են ունենալ 3-րդ, 4-րդ երեխան: Ըստ հետազոտության, ընտանիքի մայրերի 43 տոկոսը ցանկություն է հայտնում ունենալ 3-րդ 4-րդ երեխան, հայրերի՝ 39 տոկոսը: Բայց, երբ մեզ մոտ նայում ենք թիվը, 3-րդ եւ հաջորդ երեխաները 25 տոկոսն են կազմում»:

Ըստ նրա, ճիշտ է այդ ծրագրերը պետությունից գումարներ են պահանջելու, բայց պետք է դրանք լինեն, որպեսզի ծնելիությունը գոնե պահենք այսօրվա մակարդակի վրա:

Փորձագետի խոսքով, առաջնային խնդիրներից է նաեւ արտագաղթի դադարեցումը. «Մինչեւ արտագաղթը չդադարեցնենք, խոսել ներգաղթի մասին ռեալ չէ, այս պարագայում»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930