Դիլիջան քաղաքում 80 տարվա դադարից հետո նոր կառուցվող եկեղեցու առաջին քարերի տեղադրման եւ օրհնության արարողության ժամանակ Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց. «Արդեն մի քանի տարի է, որ շարունակվում է Դիլիջանում մեր սուրբ եկեղեցու կառուցումը: Մենք հավատում ենք, եւ այդպես է մեր միտքը, որ սա միայն քարեղեն շենքի կառուցում չէ, այլ Դիլիջանում հոգեւոր կյանքի՝ այս տարիների ընթացքում սերմանված հոգեւոր կյանքի վերազարթոնքի մեծագույն խորհրդանիշն է, միեւնույն ժամանակ մեր նախնիների, մեր հայրերի գործած մեղքի սրբագրումը, մեր պատվի վերականգնումը, Աստծո հետ հանդիպելու լավագույն հնարավորություններից մեկը:
Ժամանակին մեր քաղաքը ունեցել է սուրբ եկեղեցի, որտեղ պատմական շատ դեպքեր են արձանագրվել, որտեղ Ղարաքիլիսայի ճակատամարտից առաջ այստեղ իր նշանավոր ճառն է խոսել Գարեգին Նժդեհը, որտեղ մարդկանց զգացումները, ապրումները, աղոթքները, տառապանքը, ուրախությունը խտացված էին: Եվ այդպես էլ մնալու են՝ անկախ նրանից, թե մենք ինչ գործեցինք այդ եկեղեցու հանդեպ գաղափարախոսության ճնշման կամ գաղափարախոսությունից ուղղորդված եւ մղմամբ: Ես համարում եմ, որ մենք դա անգիտակից կերպով ենք արել: Ուղղակիորեն ժամանակի հոսանքը նաեւ մեզ չի խնայել:
Այսօր, փառք Աստծո, մեր անկախ պետականության պայմաններում մենք վերստին հռչակում ենք, որ մենք հավատարմություն ունենք Աստծո հանդեպ, մեր ժառանգության հանդեպ, ինքներս՝ մեր հանդեպ, մեր ընթացքի հանդեպ»:
Այնուհետեւ, կայացավ նոր կառուցվող եկեղեցու առաջին քարերի օրհնության եւ տեղադրման արարողությունը:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ