Հանրապետության նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Նախագահականի մեծ դահլիճում ներկա է գտնվել «Պողոսյան մրցանակ»-ի հանձնման արարողությանը: Պողոսյան հիմնադրամի նախաձեռնությամբ հիմնված այս մրցանակն ուղղված է Հայաստանում կրթության, գիտության, մշակույթի զարգացմանն ու այդ բնագավառներում նշանակալի գործունեության արժևորմանը:
Ամենամյա մրցանակաբաշխությունը կազմակերպվում և ամփոփվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից:
Այսօրվա արարողությանը բժշկագիտության, բնական գիտությունների, ֆիզիկայի, գրականության, տեխնիկական գիտությունների և տեղեկատվական տեխնոլոգիաների, հումանիտար գիտությունների, վիզուալ արվեստների, դասական երաժշտության բնագավառների մրցանակները այդ ոլորտներում նշանակալի ներդրում ունեցած անձանց է հանձնել «Ռոբերտ Պողոսյան և որդիներ» հիմնադրամի համահիմնադիր, սփյուռքահայ բարերար Ժան Պողոսյանը: Նա շնորհավորել է մրցանակակիրներին՝ ընդգծելով, որ այստեղ է՝ գնահատանքի արժանացնելու նրանց, ովքեր իրենց մշտական տքնաջան աշխատանքի, նվիրվածության ու երազանքների միջոցով նպաստում են հայրենիքի զարգացմանը:
Մրցանակաբաշխության ավարտին Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն իր խոսքն է ուղղել մրցանակակիրներին՝ այն կարևոր համարելով գիտնականների, մշակույթի ու արվեստի գործիչների վաստակը գնահատելու առումով. «Այս գեղեցիկ մրցանակը, որը սկզբում կոչվում էր նախագահական, հիմա՝ «Պողոսյան մրցանակ», տրվել է 19 տարի շարունակ: Այսինքն, շարունակական պատմություն է ունեցել և քաջալերել է շատ գիտնականների, մշակույթի և արվեստի գործիչների, որպեսզի անկախ նրանից, թե ինչպիսի պայմաններում են ապրում այսօր՝ լավ, վատ, վերելքի կամ դժվարությունների պայմաններում, շարունակեն ստեղծագործել տարբեր ոլորտներում: Հետևաբար, գնահատման իմաստով այս մրցանակը հոյակապ աշխատանք է արել»:
Կարդացեք նաև
Նախագահն ընդգծել է, որ մեր ժողովրդի առաջին արժանիքներից մեկը հենց ստեղծագործելն է, իսկ այս մրցանակն ուղղված է քաջալերելու ստեղծագործ անհատին: «Ստեղծագործ լինելը հայ լինելու չափանիշներից մեկն է: Յուրաքանչյուր օր հանդիպում ես ստեղծագործ մարդկանց, ովքեր ստեղծագործ են ոչ միայն գիտության մեջ, արվեստում, գեղանկարչության կամ երաժշտության ոլորտներում, այլև՝ արհեստից մինչև բարձր արվեստ,-ասել է նախագահը: -Հետևաբար, կարծում եմ, որ այս մրցանակը կարևոր դեր է ունեցել մեր գիտնականների, արվեստագետների, արվեստաբանների, գրականագետների երկար տարիների աշխատանքի արդյունքների քաջալերման և գնահատման իմաստով և, իհարկե, ամեն տարի քաջալերանք է եղել երիտասարդ գիտնականների, մշակույթի աշխատողների և ուսանողների համար: Շատ էական է, որպեսզի յուրաքանչյուր արվեստագետ, գիտնական, մտավորական զգա, որ իր ժողովրդի ուշադրության կենտրոնում է: Իրականում մրցանակը ժողովրդի վերաբերմունքն է և հարգանքը: Հետևաբար, այս տարվա բոլոր մրցանակակիրներին մաղթում եմ, որ շարունակեն գիտական և մշակութային գործունեությունը, իսկ երիտասարդ մրցանակակիրները պետք է գիտակցեն, որ այսօր նրանց առջև ոչ միայն Հայաստան աշխարհն է, այլև՝ ընդհանրապես աշխարհը: Նրանք ճանապարհ ունեն այդ աշխարհը գրավելու, և պետք է միշտ հիշեն, որ հայրենիքն իրենց կողքին է լինելու»:
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել «Պողոսյան» հիմնադրամին՝ ի դեմս համահիմնադիր Ժան Պողոսյանի, այն նշանակալի ներդրման համար, որ 1990-ականներից սկսած նրանք կատարել են Հայաստանում՝ իրականացնելով տասնյակ հումանիտար ծրագրեր, ինչպես նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ մրցանակաբաշխության կազմակերպման համար:
Նախագահ Սարգսյանը միևնույն ժամանակ հայտնել է, որ շարունակելու է համագործակցել նաև Պողոսյան ընտանիքի հետ՝ հետագայում սահմանելու նոր նախագահական մրցանակ, որը կունենա ավելի լայն ընդգրկում և միջազգային մակարդակ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ