Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ազգային ժողովը սեպտեմբերի 22-ին առաջին ընթերցմամբ ընդունեց «Սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը։
Նախագծի երկրորդ ընթերցմամբ ընդունելու քննարկման ընթացքում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը ասաց, որ «Իմ քայլի» պատգամավոր Արտակ Մանուկյանը գրավոր առաջարկ է ներկայացրել։ Նա առաջարկում է ձեռնպահ մնալ ինտեգրված սոցիալական ծառայությունների գրասենյակի փոխարեն ստեղծվող նոր միասնական կառույցը համալիր սոցիալական ծառայության տեսքով հիմնելուց, և ըստ այդմ, նախագծի փաթեթից հանել «Պետական կառավարման համակարգի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը։
Աննա Ժամակոչյանը հայտնեց, որ կառավարությունը դիտարկել է այդ հնարավորությունը և որոշել է ընդունել այն․ «Սակայն, այս դեպքում մենք ունենք մեր կողմից առաջարկ, որ գրասենյակի պարագայում մենք կարիք կունենանք անցումային հոդվածներով ավելի երկարաձգումը իրականացնել ոչ թե հունվարի 1-ով, այլ 2021 թվականի ապրիլի 1-ով։ Այս երկարաձգման անհրաժեշտությունը կապված է այն հանգամանքի հետ, որ գրասենյակը այլևս չի ունենա աջակցող ստորաբաժանումներ, աջակցող ստորաբաժանումների գործառույթները կիրականացվեն նախարարության ռեսուրսներով, նախարարության աջակցող ստորաբաժանումներով, և լրացուցիչ ժամանակի կարիք կլինի»։
«Սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը դրվեց քվեարկության։ Այն ընդունվեց կողմ 88, դեմ 0 ձայներով։
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ