Լրահոս
Օրվա լրահոսը

«Ի՞նչ է նշանակում, որ մեղադրող կողմն է որոշելու, թե ինչ ապացույցների ծավալով դատաքննությունը պետք է ընթանա. պարոն Բաղդասարյանը կարծես թե շփոթել է». Էրիկ Ալեքսանյան

Սեպտեմբեր 22,2020 17:15

«Ոչ թե գոյություն ունի ապացույցների սահմաններ հասկացություն, այլ մեղադրանքի սահմաններ հասկացություն: Դրանք շատ տարբեր են: Կարծես թե պարոն Բաղդասարյանը շփոթել է այդ հասկացությունները»,- դատարանի դահլիճում հայտարարեց Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, մարտի 1-ի մայր գործի շրջանակում ՀՀ սահմանադրական կարգի տապալման համար մեղադրվողներ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, գլխավոր շտաբի նախկին պետ, 2008թ.-ի դրությամբ՝ Երեւանի կայազորի պետ Յուրի Խաչատուրովի, պաշպանության նախկին նախարար, 2008թ.-ի դրությամբ՝ ԶՈՒ ԳՇ պետ Սեյրան Օհանյանի, նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի գործով սեպտեմբերի 22-ի դատական նիստի ընթացքում մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը հայտարարեց՝ մեղադրանքի նախաձեռնությունը մեղադրող կողմինն է, ուստի մեղադրող կողմն է որոշում, թե ինչ ապացույցներով մտնի քրեաիրավական վեճի մեջ:

Այս առիթով Էրիկ Ալեքսանյանն ասաց. «Պարոն Բաղդասարյանի այդ տեսակետը թե′ տեսականորեն, թե′ գործնականում ընդունելի համարվել չի կարող մի պարզ պատճառով: Քրեական դատավարության օրենսդրությունը հստակ նախատեսում է, որ պաշտպանական կողմն իրավունք ունի ներկայացնել միջնորդություն նոր ապացույցներ ձեռք բերելու պահանջով, ինչը նշանակում է, որ արդեն իսկ ներկայացված ապացույցները կարող են նոր ապացույցներով լրացվել, ինչը նշանակում է, որ հետագայում զենքերի հավասարության սկզբունքները կողմերը ստիպված են լինելու իրացնել արդեն իսկ ներկայացված ապացույցներով և լրացված նոր ապացույցներով նույնպես: Քրեական դատավարությունը նախատեսում է ոչ թե ապացույցների հավասարության հասկացություն, այլ մեղադրանքի կոնկրետ սահմաններ հասկացություն: Իսկ տվյալ դեպքում պարոն Բաղդասարյանը, նշելով ապացույցների ծավալի հավասարություն հասկացությունը, ինչը քրեական դատավարությամբ նախատեսված չէ, ի՞նչ է նշանակում, որ մեղադրող կողմն է որոշելու, թե ինչ ապացույցների ծավալով դատաքննությունը պետք է ընթանա: Չի կարող այդպես լինել: Հենց զենքերի հավասարության և մրցակցության սկզբունքի բուն էությունն այն է, որ պաշտպանական կողմը, որը, ի տարբերություն մեղադրական կողմի, մինչդատական վարույթի փուլում ունի ավելի քիչ հնարավորություն իրացնելու իր իրավունքները, դատական քննության փուլում պետք է այդ հնարավորությունները հավասար ունենա, ինչպես ունի մեղադրող կողմը: Այս փուլն այն փուլն է, որտեղ կողմերը հավասար պայմաններում են գտնվում: Իսկ պարոն Բաղդասարյանի հնչեցված տեսակետի համաձայն՝ստացվում է այնպես, որ այն ապացույցները, որոնք ներկայացված էին, այս ապացույցների սահմաններում պետք է որոշվի սույն քրեական գործի ընթացքը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930