Մեր երկրում տնտեսական անկումը խորացել է։ Այս մասին այսօր «Հենարան» ակումբում ասաց տնտեսագետ, ԱԺ ֆինանսավարկային հանձնաժողովի նախկին նախագահ Գագիկ Մինասյանը։ Նա ներկայացնելով որոշ ցուցանիշներ, ասաց՝ այս տարվա առաջին 9-ը ամիսներին պետական բյուջեի եկամուտները թերակատարվել են 90 միլիարդ դրամով, ինչը նախատեսված ծախսերի 11%-ն է․ «Այսինքն`11%-ով մենք թերակատարեցինք մեր տարեկան պլանը եւ դա խոսում է այն մասին, որ այդ ժամանակ մենք գործնականում մեկ ամսվա բյուջետային մուտքներն ավելի պակաս ենք հավաքել, քան անհրաժեշտ էր»։
Պարոն Մինասյանի դիտարկմամբ՝ սեպտեմբերին ակնկալվում է, որ պակաս հավաքագրված եկամուտները կլինեն 170 միլիարդ դրամ․ «Այսինքն, արդեն կունենանք 15%-ի թերակատարում: Սա խոսում է այն մասին, որ 3-րդ եռամսյակի ընթացքում ոչ թե ինչ-որ կերպ նվազել է անկումը, տնտեսության կայունացման միտումներր կան, այլ ընդհակառակը՝ տնտեսական անկումը խորացել է: Իշխանության տարբեր ներկայացուցիչներ մտքեր են հրապարակում՝ կարծես տնտեսությունը փորձում է վերականգնվել եւ անկումը շատ ավելի փոքր կլինի տարվա վերջին, քան տարվա կեսին, դրանք որեւէ իրական հիմք չունեն»։
Բյուջետային լուրջ թերակատարումների դեպքում ծախսերի կատարման խնդիր է առաջանում, եւ սրա լուծման ճանապարհը, ըստ տնտեսագետի, վարկ վերցնելն է եւ այս առումով վիճակը բավականին մտահոգիչ է․«Օգոստոսի տվյալներով՝ 8 միլիարդ դոլարի է հասել պետական պարտքը, իսկ կառավարության պարտքը՝ 7,5 միլիարդ դոլար։ Ընդ որում, եթե համեմատենք, ապա կառավարության պարտքը երկու տարվա ընթացքում 1,3 միլիարդ դոլարով ավելացել է, ինչը չափազանց մեծ աճի տեմպ է եւ որպեսզի այդ աճը վտանգավոր չլինի պետական ծրագրերի իրականացման համար, դուք պետք է կարողանանք ոչ միայն սպասարկեք, այլ մարեք այն։ Իսկ վարկի սպասարկումը մեծ գումար է։ Խնդրի լուծման միակ ճանապարհը տնտեսական աճն է։ Արդյոք արդյունավետ են ծախսվում այն գումարները, որոնք ներգրավվում են վարկային միջոցներով․ ծախսերի արդյունավետությունը հեռու է բավարար լինելուց։ Օրինակ՝ շարունակվում են մեկ աղբյուրից գնումները, իսկ դրանք պետական միջոցների անարդյունավետ ծախսեր են, ինչպես միջազգային կառույցներն են ասում, դրանք՝ կոռուպցիայի, պետական միջոցների յուրացման եւ փոշիացման համար պարարտ հող են ստեղծում»։
Ըստ Գագիկ Մինասյանի, կոռուպցիայի օրինակ է նաեւ կառավարության գաղտնի որոշումով հաստատված պարգեւավճարների սահմանումը՝ մոտ 130 միլիոն դոլար․«Սա հակասում է ՀՀ սահմանադրությանն ու օրենսդրությանը, եւ որեւէ իրավական հիմք չունի»:
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ