Դիլիջանում այսօր կայացավ նոր կառուցվող եկեղեցու առաջին քարերի օրհնության եւ տեղադրման արարողությունը՝ Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի եւ Տեր Շավարշ քահանա Սիմոնյանի օրհնությամբ եւ գլխավորությամբ:
Եկեղեցու կառուցման ծրագիրն իրականացնում է Դիլիջանի զարգացման հիմնադրամի եւ «ԱՆԻ» հայկական մշակութային ժառանգության պահպանման նախաձեռնությունը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եւ Դիլիջանի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ:
Առողջարանային եւ զբոսաշրջային կենտրոն Դիլիջան քաղաքը, որ զարգանում է արագ տեմպերով, շուրջ 80 տարի չունի իր եկեղեցին: Կրոնական ծառայությունները իրականացվում են Հին Դիլիջան հյուրանոցային համալիրում: Այնպես որ, եկեղեցու շինարարությունն անհրաժեշտություն էր: Նրա շահագործումը ոչ միայն հնարավորություն կտա հոգեւոր ծիսակատարություններին միաժամանակ մասնակցել ավելի քան 300 հավատացյալի, այլ եկեղեցին կդառնա Դիլիջանի հոգեւոր կյանքի վերածնունդը եւ քաղաքի դեմքը:
Վերականգնող ճարտարապետ Ամիրան Բադիշյանն ասում է, որ ինքն այս նախագծին մասնակցել է Դիլիջանի եկեղեցու նախագծի գլխավոր ճարտարապետ Մաքսիմ Աթայանցի հրավերով: «Աշխատանքն իրականացրել ենք համատեղ: Քանի որ նա բնակվում է Սանկտ-Պետերբուրգում, ինձ լիազորել է տեղում մասնակցել անհրաժեշտ բոլոր արարողություններին, քննարկումներին, նախագծային ճշտումներին, ընդհուպ՝ մինչեւ քարերի ընտրություն, շինարարության վերահսկողություն:
Կարդացեք նաև
Մաքսիմ Աթայանցը ի սկզբանե Դիլիջանի եկեղեցու համար ընտրել է մեր 7-րդ դարի, ասել է՝ վաղ միջնադարի, գմբեթավոր դահլիճների տիպը, եւ հատակագծային լուծումը հարազատ է տվյալ ժամանակաշրջանին: Ինտերյերի եւ էքստերյերի ճարտարապետական դետալներում հետագայում լինելու են նաեւ դեկորատիվ հարդարանքներ: Հատակագծային չափերն են՝ 27x36x30 մետր:»:
Շինարարությունն իրականացնող «Արամ Զուրաբյան» ՍՊԸ տեղամասի պետ Գագիկ Չոբանյանի խոսքով, աշխատանքները պետք է ավարտվեն չորս տարում: «Այս պահի դրությամբ արդեն սկսել ենք քարի շարվածքների աշխատանքը: Օգտագործվում է հայկական տրավերտին, թեեւ նախապես ընտրված էր տուֆը: Աշխատանքի տեմպին որոշ չափով խանգարեց կորոնավիրուսը, որի պատճառով մոտ մեկ ամիս շինարարությունը կանգ էր առել, սակայն ամեն բան անում ենք աշխատանքը ժամանակին եւ որակով կատարելու համար»:
Եկեղեցու կառուցման աշխատանքներին որպես կամավորներ մասնակցում են նաեւ Դիլիջանի քաղաքացիները, հատկապես՝ երիտասարդները: Մեր այցելության պահին այնտեղ էին Դիլիջանի համայնքային կենտրոնի երիտասարդները: Արմեն Պապյանը համոզված է, որ եկեղեցին միայն այն չի, որ կառուցվում է գումարներով: «Պիտի քաղաքացիներն էլ ներգրավվեն այդ աշխատանքներում, որովհետեւ եկեղեցին հենց նրանցն է: Մենք այսօր այստեղ ենք, որպեսզի մեր հնարավորությունների չափով օգտակար լինենք մեր քաղաքին, օրինակ ծառայենք մյուսներին: Մենք հավատացյալ ազգ ենք, ուրեմն պիտի այս աշխատանքում ինչ-որ չափով ներգրավված լինենք»,-ասաց 19-ամյա երիտասարդը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ