Մարտի 1-ի մայր գործի շրջանակում ՀՀ սահմանադրական կարգի տապալման համար մեղադրվողներ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, գլխավոր շտաբի նախկին պետ, 2008թ.-ի դրությամբ՝ Երեւանի կայազորի պետ Յուրի Խաչատուրովի, պաշպանության նախկին նախարար, 2008թ.-ի դրությամբ՝ ԶՈՒ ԳՇ պետ Սեյրան Օհանյանի, նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի գործով սեպտեմբերի 22-ի դատական նիստի ընթացքում մեղադրող կողմը կարծիքներ հնչեցրեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի միջնորդության հետ կապված:
Հիշեցնենք՝ պաշտպանական կողմը նախորդ դատական նիստին միջնորդեց, որ դատարանը պահանջի քննիչից տրամադրել մարտի 1-ի մայր գործի նյութերը ամբողջական ծավալով, որն առկա է 2008 թվականի մարտից մինչ այս պահը։ 600 հատոր կազմող գործից անջատված մասով փաստաբաններին տրամադրվել է ընդամենը 79 հատոր։
Մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը դատական նիստին հայտարարեց. «Պաշտպանական կողմը սույն գործով ակնկալում է փոխել դատարանում մեղադրանքի պաշտպանության զենքերն ըստ իր հարմարության: Փորձում է հասնել նրան, որ մեղադրող կողմը մեղադրանքը պաշտպանի իր պատկերացրած հնարավորություններով: Մենք մեղադրանքը պաշտպանում ենք այս գործի նյութերով: Այսպիսի ակնկալիքը ողջամիտ չէ»:
Նա նշեց, որ մեղադրանքի նախաձեռնությունը մեղադրող կողմինն է, ուստի մեղադրող կողմն է որոշում, թե ինչ ապացույցներով մտնի քրեաիրավական վեճի մեջ:
Կարդացեք նաև
Անդրադառնալով պաշտպանական կողմի այն հայտարարություններին, թե մեղադրող կողմը փորձում է հասարակությունից ինչ-որ բան թաքցնել, հասարակությանը մոլորեցնել, ասաց. «Ամենևին, ապացույցները դատարանում կհետազոտվեն, դրանց արդյունքներով կարելի է հասկանալ՝ զենքերն ինչպիսին են, պաշտպանական կողմն ունի՞ լրացնելու անհրաժեշտություն…Ես շատ բանից կարող եմ տեղյակ լինել, օպերատիվ տեղեկություններ իմանալ՝ իմ լիազորություններն իրացնելով, ես դրանք երբ դատարանում կօգտագործեմ, պաշտպանական կողմը դրանց ծանոթանալու հնարավորություն կունենա: Հիմա հաջորդիվ պաշտպանական կողմը միջնորդություն է ներկայացնելու, որ ես ինչքան օպերատիվ ինֆորմացիա գիտեմ, անկեղծանա՞մ դատարանում, որպեսզի հոգով հավասար լինենք այս դատարանում վեճի մեջ: Դա զենքերի հավասարության սկզբունքի դասական աղավաղում է»:
Մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանի հավաստմամբ՝ ներկայացվող հանգամանքներն իրենց ամբողջության մեջ պարունակում են քրեադատավարական օրենսգրքով նախատեսված պահանջի բացակայություն: Նա մանրամասնեց. «Պարունակո՞ւմ են արդյոք վկայակոչված այն նորմերը, որոնց հիման վրա պաշտպանական կողմը պետք է դատարանին միջնորդություն հարուցել և ներկայացներ, թե դատարանն ինչ լիազորությունների գործադրմամբ պետք է նման գործողություններ իրականացնի: Էական նշանակություն ունի նաև այն, որ դատարանին ներկայացվող միջնորդությունները պետք է ունենան համապատասխան ընթացակարգերի հենք, որոնք բացակայում են: Հետևաբար ներկայացված միջնորդությունն ամբողջությամբ անհիմն է, և դատարանին խնդրում ենք այն մերժել»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ