Լրահոս
Դասն ավարտվել է
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

«Ալիեւը բաց տեքստով խոստովանեց, որ Դուշանբեում Նիկոլ Փաշինյանն իրեն խնդրել է չկրակել, որ նախկինները չվերադառնան». Արմեն Աշոտյան

Սեպտեմբեր 22,2020 15:59

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի համար մտահոգիչ են Արցախի շուրջ ընթացող գործընթացները. այս մասին ՀՀԿ փոխխոսնակն այսօր հայտարարեց «Հայելի» մամուլի ակումբում՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Ի դեպ, նորանկախ Հայաստանում տեղի ունեցող բոլոր գործընթացներն Արմեն Աշոտյանը կապում է Արցախի հարցի հետ, այդ թվում նաեւ 2016 թվականին «Սասնա ծռերի» կողմից ՊՊԾ գնդի վրա զինված հարձակումն ու գնդի գրավումը:

«Ալիեւը բաց տեքստով խոստովանեց, որ Դուշանբեում Նիկոլ Փաշինյանն իրեն խնդրել է չկրակել, որ նախկինները չվերադառնան»,- անդրադառնալով սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի նախագահի արած հայտարարություններին, որ բանակցություններ չկան եւ դրա մեղավորը Հայաստանն է, ասաց Արմեն Աշոտյանը՝ հավելելով, որ իրենք միշտ են ասել, որ Նիկոլ Փաշինյանն իր ներքին իշխանությունն ամրացնելու համար պատրաստ է ոտնատակ տալ ազգային-պետական օրակարգը, որ Դուշանբեում նա «խուրդել է» Վիեննայի եւ Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածությունները եւ սա իմանալու համար իրեն Ալիեւը պետք չէ, պարզապես Ալիեւը հաստատեց այն, ինչն իրականություն է:

Արմեն Աշոտյան

ԱԱԾ-ն, ըստ Արմեն Աշոտյանի, ոչ թե ռուսական ուղղությամբ գործակալների հարցով պետք է զբաղվի՝ ինչ-որ «Դոսյեի» հրապարակումների հիման վրա, այլ այս հարցով պետք է զբաղվի: Նաև ԱԺ-ում պետք է քննիչ հանձնաժողով ստեղծվի՝ պարզելու համար, թե ի՞նչ է կատարվել այն ժամանակահատվածում, երբ «Նիկոլն արդեն վարչապետ է, բայց դեռ կար նորմալ ԱԺ: Սահմանադրության բռնաբարումները շարունակվեցին հենց այդ ժամանակ, հիշում եք՝ հոկտեմբերի 2-ը: Ալիեւի հայտարարությունները պատռում են Նիկոլ Փաշինյանի դիմակը՝ բոլորի համար»:

Ի դեպ, ԱԱԾ ղեկավարի երեկվա հայտարարությունների համատեքստում, թե «Դոսյեի» հրապարակումների հիման վրա նախաքննություն է սկսվել՝ Արմեն Աշոտյանը հիշեցնում է որ վերջինիս համար ավելի լուրջ մարդ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քանիցս է հայտարարել, որ Հայաստանում կան գործակալներ ու տարակուսում, որ վարչապետի հայտարարությունների հիման վրա ԱԱԾ-ն գործընթաց չի սկսում, իսկ ազգությամբ ռուս օլիգարխին պատկանող կայքի հրապարակման հիման վրա՝ մտադիր է սկսել: «Զավեշտալի է, որ Խոդորկովսկին ավելի հեղինակավոր աղբյուր է ԱԱԾ պետի համար, քանի իր վարչապետը»,- ասաց Արմեն Աշոտյանը՝ զավեշտալի համարելով նաեւ այն, որ արեւմտյան գումարներով աշխատող մարդիկ խոսում են այն մասին, որ Հայաստանում կան ռուսամետ գործիչներ: Ասաց, որ ինքն ավելի լավ կգրեր այդ շարադրությունը, որը զուտ վարկաբեկելու նպատակ ունի:

Վերադառնալով Արցախի հարցին եւ Ադրբեջանի նախագահի հայտարարություններին, Արմեն Աշոտյանն ասաց, որ Ալիեւի հայտարարությունները ունեն հստակ քաղաքական նպատակ եւ դրանք ընդհանուր քաղաքականության մի մաս են. «Դրան գումարենք թուրքական կողմի հայտարարությունները, եւ կհասկանանք, որ ոչ թե Ադրբեջանն է Ղարաբաղ ուզում, այլ Ադրբեջանն ու Թուրքիան ուզում են Հայաստանն ու Ղարաբաղը: Նկատի ունենալով աշխարհաքաղաքական գործընթացները՝ ախորժակը մի մակարդակ ավել է բարձրացել: Պանթուրքիստական շրջանակների ախորժակը շատ ավելին է այլեւս, քան պարզապես Արցախը: Այս իրավիճակում ունկնդրել Նիկոլ Փաշինյանի չստացված դասախոսությունները, երբ նա պետք է դրա փոխարեն հակադարձեր Ալիեւին, լսել ԱԳ նախարարի խոսքը, որ չի մեկնաբանում Ալիեւի ելույթը, քանի որ այն հուզական էր եւ թողնել թեման իշխանական ադրբեջանագետների վրա, պարզապես զավեշտալի է»:

ՀՀԿ փոխնախագահի գնահատմամբ, Ալիեւի հայտարարությունների հետեւում հստակ երեւում են տանկերն ու թնդանոթները. «Մենք չենք վախենում պատերազմից, այն մշտապես եղել է Արցախի եւ Հայաստանի պետականությունը ապացուցելու ձեւերից մեկը: Բայց խնդիրը շատ խորն է. եթե պատերազմ լինի, Հայաստանը չպետք է պիտակավորվի, որպես մեղավոր այդ պատերազմում»: Ըստ Արմեն Աշոտյանի, տեղեկատվական հարթակում մենք ակնհայտ պարտվում ենք: Նա չի հասկանում, թե ինչո՞ւ մեր դիվանագիտությունը միջազգային մամուլում քննարկման առարկա չի դարձնում Զոհրաբ Մնացականյանի՝ Եգիպտոսում արած հայտարարությունը, որ Էրդողանի վարձկանները տեղափոխվում են Ադրբեջան, մինչդեռ ադրբեջանաթուրքական քարոզչությունը ամեն օր հիմարություններ է գրում, որ Հայաստանը քրդերին տեղափոխում է Հայաստան: Արմեն Աշոտյանի դիտարկմամբ՝ պետական քարոզչական մեքենան մնացել է ներքաղաքական դաշտում մրցակիցներին սեւացնելու դաշտում:

Արմեն Աշոտյանն արձանագրում է նաեւ, որ Արցախ-Հայաստան հայտարարությունների դաշտում էլ է քաոս: Երեկ լսելով Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հայտարարությունը, թե ինքը կերազեր, որ Նիկոլ Փաշինյանը լիներ իր վերադասը, քանի որ դա կնշանակեր վերամիավորում, Արմեն Աշոտյանը ցավում է, հայկական երկրորդ պետության ղեկավարը պետականության ստորադասում է անում, փոխարեն դրա պաշտպանը լինի. «Կարող ենք կամերաներն անջատել եւ 15 ավելի լավ կենաց խմել, թե ինչու պետք է Հայաստանն ու Արցախը միավորվեն: Դա չի կարող այդ աստիճան պետական բարձրաստիճան պաշտոնյայի մակարդակով, որովհետեւ խաթարում է բանակցային գործընթացի տրամաբանությունը, որը խարսխված է եղել Արցախի ինքնորոշման իրավունքի վրա»:

Այս ամենից նա տպավորություն ունի, որ Նիկոլ Փաշինյանին հավանաբար «դեմ են տվել լուծման մի փաթեթ, որից չի կարողանում հրաժարվել, ինչպես Լավրովն ասաց», մյուս կողմից էլ՝ կա գործընթաց, որտեղ Հայաստանը դառնում է մեղավոր:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930