«ՀՀԿ-ն աշխատանքային հարաբերություններ է պահպանել, ստեղծել եւ զարգացրել այսօրվա ընդդիմադիր դաշտի գրեթե բոլոր դերակատարների հետ: Այդ հարաբերությունները աշխատանքային են, այդ հարաբերությունները թույլ են տալիս ենթադրել, որ չի բացառվում ընդհանուր եզրերի ստեղծումը՝ տարբեր քաղաքական ուժերի հետ»,- «Հայելի» մամուլի ակումբում, լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ պատասխանելով հարցին՝ ՀՀԿ-ն կմասնակցի՞ ԲՀԿ, «Հայրենիք» եւ ՀՅԴ կուսակցությունների հրավիրած հանրահավաքին:
Երեք կուսակցությունների համատեղ հայտարարությամբ, հանրահավաքը կկայանա հոկտեմբերի 8-ին, Ազատության հրապարակում:
Հավաքի հետ կապված տեղեկությունները ՀՀԿ-ում ստացել են, բայց մասնակցության հրավեր չեն ստացել: Ի՞նչ առնչություններ կամ մասնակցություններ կունենա ՀՀԿ-ն այդ հավաքին, կուսակցությունում դեռ չեն որոշել: Արմեն Աշոտյանը վստահ է՝ առանց ՀՀԿ-ի գործուն մասնակցության, Հայաստանում դժվար է լինելու պատկերացնել մի գործընթաց, որը կբերի քաղաքական փոփոխության. «Եթե որեւէ մեկի մոտ կստացվի՝ առանց ՀՀԿ-ի, ես պարզապես կարող եմ ոտքի կանգնել եւ ծափահարել իրենց»:
Արմեն Աշոտյանը նաեւ շնորհակալ է Նիկոլ Փաշինյանին, որ աշխատանքից չի ազատում հանրային մեծ դժգոհությունների պատճառ դարձած ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին. «Ինչքան երկար Նիկոլ Փաշինյանն իր թեւերը փռի իր կառավարության ձախողված կադրերի վրա, այնքան մեծ է հավանականությունը, որ նրանք փաթեթով կգնան»:
Կարդացեք նաև
Բանախոսին մտահոգել են Արայիկ Հարությունյանի հրաժարականի՝ խորհրդարանական հարթակի քննարկումները: Նա գտնում է, որ քննարկումը նախաձեռնած քաղաքական ուժը բովանդակային առումով ավելի լավ պետք է պատրաստվեր: Արմեն Աշոտյանին հատկապես մտահոգել եւ զարմացրել է այն, որ իրեն ազատական հռչակած ընդդիմադիր ուժն Արայիկ Հարությունյանին մեղադրել է, որ իր ենթակայության տակ դեռեւս աշխատում են ՀՀԿ-ական տնօրեններ: Ասում է՝ նման խտրական հայտարարությունները պատիվ չեն բերում ոչ ԱԺ-ին, ոչ այն անողներին:
Նախկինների, եթե խոսքը նախկին նախագահների մասին է, իշխանության հնարավոր վերադարձի առնչությամբ էլ ասաց, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը նման հրապարակային ցանկություն չի հայտնել, Ռոբերտ Քոչարյանն իր հրապարակային ելույթներում հայտարարել է, որ պատրաստ է աջակցել, բայց անձամբ իշխանության չի վերադառնա, Սերժ Սարգսյանը ևս հայտարարել է, որ նման մտադրություններ չունի:
Իր համար ծիծաղելի է, որ մարդիկ այսօր կառավարությունում ստացել են բարձրաստիճան պաշտոններ, որոնք 1990-ականներին, երբ ինքն ուսանող էր եւ ոտքով էր գնում ԲՈՒՀ, դարձյալ բարձրաստիճան պաշտոնների էին, իրենց համարում են նոր գործիչներ, իսկ Արմեն Աշոտյանին՝ նախկին:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ