ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի նորանշանակ ներկայացուցիչ տիկին Մարիեն Քլարկ Հաթինգի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Ժաննա Անդրեասյանը:
Նախարար Ա.Հարությունյանը, ողջունելով հյուրերին, նախ, շնորհավորել է տիկին Հաթինգին նշանակման կապակցությամբ և ասել, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համագործակցության հաջող փորձառությունը նաև հետայսու շարունակելու ցանկություն կա: Նրա խոսքերով, բարեփոխումների առանցքում երեխաների իրավունքների պաշտպանությունն է, մասնավորապես, կրթության իրավունքի իրացումը: «ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ մենք նույն ալիքի վրա ենք նշված ուղղություններով և հույս ունենք ջանքերը մեկտեղելով ավելի մեծ արդյունքներ գրանցել»,-ասել է Ա.Հարությունյանը:
Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի նորանշանակ ներկայացուցիչ տիկին Մարիեն Քլարկ Հաթինգը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել` պատրաստ են աջակցել, որ հեռավար կրթությունից դուրս մնացած երեխաները նույնպես ակտիվ ներգրավված լինեն գործընթացին:
Ի պատասխան նախարար Ա.Հարությունյանը տեղեկացրել է, որ անցած ամիսներին շուրջ 4000 սարքավորում է տրամադրվել դրա կարիքն ունեցող սովորողների, բացի այդ, հեռավար դասերը բաց թողած աշակերտներին հնարավորություն է տրվել մասնակցելու դասընթացների: Նա նաև արձանագրել է, որ կորոնավիրուսային հիվանդության պարագայում կրթական գործընթացները վերսկսելն իսկապես լուրջ մարտահրավեր է շատ երկրների համար:
Կարդացեք նաև
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, անդրադառնալով նախադպրոցական կրթության թեմային, հայտնել է, որ նոր օրենքի ընդունումից հետո անելիք շատ կա. մինչև 2023 թվականն այդ բնագավառում նույնպես անցում է կատարվելու համընդհանուր ներառակության: Տիկին Հաթինգն էլ ասել է, որ պատրաստ են ֆինանսավորում գտնել և աջակցել անհրաժեշտ ուղղություններով:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը հայտնել է «Գլոբալ գործընկերություն կրթության ոլորտում» (Global Partnership for Education) միջազգային կազմակերպության հետ հնարավոր համագործակցության մասին, որի շրջանակներում կարևորվել է նաև ՅՈՒՆԻՍԵՖ-ի մասնակցային դերը:
ԿԳՄՍՆ