ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը մասնակցում է Վիեննայում սեպտեմբերի 21-ից 25-ն անցկացվող Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) Գլխավոր համաժողովի 64-րդ նստաշրջանի աշխատանքներին:
Նախարար Պապիկյանը համաժողովի շրջանակում սեպտեմբերի 21-ին հանդես է եկել ելույթով: Իր ելույթում նախարարը բարձր է գնահատել ԱԷՄԳ օգնությունը՝ գործակալության գործունեության հիմնական ոլորտներին աջակցելու և COVID-19 համավարակի դեմ պայքարում երկրներին օժանդակություն ցուցաբերելու գործում:
«Այս առումով կցանկանայի ընդգծել անդամ երկրներին ցուցաբերվող օժանդակությունը՝ ատոմային էլեկտրակայանների շարունակական և անվտանգ շահագործումն ապահովելու համար: Երախտապարտ ենք նաև գլխավոր տնօրենին և ԱԷՄԳ քարտուղարությանը` ավելի քան 120 երկրներին, այդ թվում նաև Հայաստանին տրամադրված ախտորոշիչ սարքերի և նյութերի տեսքով տեխնիկական օժանդակության համար, որն ուժեղացրեց համաճարակի դեմ պայքարի կարողությունները այդ երկրներում»,-նշել է Սուրեն Պապիկյանը:
Նախարարն իր մտահոգություն է հայտնել Հայկական ԱԷԿ-ի նկատմամբ Ադրբեջանի կողմից հնչեցված սպառնալիքի վերաբերյալ, նշելով, որ Հայաստանը դիտարկում է այն որպես իրական սպառնալիք, ներկաների ուշադրությունը հրավիրելով այն փաստին, որ առաջին անգամ ատոմակայանի անվտանգությանն ուղղված իրական սպառնալիքը գալիս է ոչ թե ահաբեկչական կազմակերպության, այլ պետության անունից` վերջինիս պաշտոնական ներկայացուցչի միջոցով: «Հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան ուղղությամբ զինված բախումների ժամանակ Ադրբեջանի ՊՆ պաշտոնական ներկայացուցչի կողմից բարձրացված Մեծամորի ատոմակայանին հարված հասցնելու սպառնալիքը ոչ այլ ինչ է, քան մարդկության դեմ ուղղված հանցագործություն և պետք է համապատասխան արձագանք ստանա միջազգային հանրության կողմից:Հայաստանը կշարունակի գործադրել բոլոր հնարավոր ջանքերը ապագայում նման սպառնալիքները կանխելու ուղղությամբ»,-ելույթում ասել է նախարարը։
Կարդացեք նաև
Սուրեն Պապիկյանն անդրադարձ է կատարել Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման հարցին` շեշտելով, որ միջուկային էներգիան առանցքային տեղ է զբաղեցնում Հայաստանի էներգետիկայի զարգացման ծրագրում։ «Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարացնելու որոշումը կայացվել է մանրազնին վերլուծությունից հետո: Միևնույն ժամանակ, մենք խնդիր ենք դրել ապահովել ՀԱԷԿ-ի հետագա գործունեության անվտանգության բարձր մակարդակ և հուսալիություն: Ծրագրի արդյունավետ իրականացումն ապահովելու համար Հայաստանը ակտիվորեն օգտագործում է ԱԷՄԳ խորհրդատվական և գնահատման առաքելությունների հնարավորությունները»,-հավաստիացրել է Սուրեն Պապիկյանը:
Ավարտելով ելույթը, նախարարն ընդգծել է, որ Հայաստանը խորապես գնահատում է գործակալության գործունեությունը և վերջինիս աջակցությունը Հայաստանին:
Համաժողովի շրջանակում Սուրեն Պապիկյանը սեպտեմբերի 21-ին հանդիպել է նաև ԱԷՄԳ գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսսիի հետ: Նախարարը կարևորել է Հայաստանի և ԱԷՄԳ-ի համագործակցության հետագա զարգացումը, ինչպես նաև ԱԷՄԳ-ի կողմից Հայաստանում իրականացնող ծրագրերի շարունակականության ապահովումը: «Հայկական ատոմային էլեկտրակայանի նախագծային շահագործման ժամկետի երկարացման ծրագիրը գտնվում է ՀՀ կառավարության խիստ ուշադրության ներքո և կատարվում է ԱԷՄ գործակալության պահանջների և կանոնակարգերի խստիվ պահպանմամբ: Հայաստանի համար Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունն առանձնահատուկ նշանակություն ունի որպես ատոմային էլեկտրակայան շահագործող երկիր»,- նշել է նախարար Պապիկյանը` ԱՄԷԳ գլխավոր տնօրեն Գրոսսիին հրավիրելով Հայաստան։
Նախարարը հանդիպում է ունեցել նաև ՌԴ ՌՈՍԱՏՈՄ պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովի հետ: Կողմերը քննարկել են Հայկական ԱԷԿ-ի գործող էներգաբլոկի նախագծային շահագործման ծրագրի ընթացքին վերաբերող հարցեր:
ԱԷՄԳ-ի Գլխավոր Կոնֆերանսը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տարվա ամփոփիչ և կարևոր իրադարձությունն է: Նստաշրջանի ընթացքում քննարկվում են ատոմային էներգետիկայի բնագավառում նոր զարգացումները և իրադարձությունները, ինչպես նաև միջուկային էլեկտրակայանների անվտանգ շահագործման և դրանց անվտանգության մակարդակի բարձրացման հետ կապված հարցեր: Կազմակերպության անդամ յուրաքանչյուր երկիր ներկայացնում է հաշվետու ժամանակաշրջանում կատարված աշխատանքների վերաբերյալ զեկույց:
1993թ.-ից Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության լիիրավ անդամ: Կազմակերպությանը անդամակցումեն 171 երկիր:
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն