«Ալիեւը ավանդաբար աչքի է ընկնում ապակառուցողական, հուզական, տեղ-տեղ անպատասխանատու, տեղ-տեղ էլ սուտ հայտարարություններով: Ալիեւի վերջին հայտարարությունները այս համատեքստում են»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը:
Ալիեւը հայտարարում է, որ բանակցությունները դադարել են ու դրանում մեղադրում է ՀՀ ղեկավարությանը: Ռուբինյանն ասաց. «Հայաստանը վերջերս ի դեմս արտգործնախարարի, մեր դիրքորոշումները ներկայացրել է: Մենք չենք ապակառուցողական կողմը, մենք մշտապես հանդես ենք եկել կառուցողական դիրքորոշումներով ու հայտարարություններով՝ միտված խաղաղ գործընթացի ամրապնդմանը: Առավել քան ակնհայտ է, թե որ կողմն է կիրառում ռազմատենչ լեզու, որ կողմն է հարձակվում մյուսի վրա ու որ կողմն է տապալում կամ փորձում տապալել բանակցային լեզուն»:
Խոսելով «ԲՀԿ-ՀՅԴ-Հայրենիք» եռյակի սպասվող հանրահավաքի մասին՝ Ռուբինյանն ասաց. «Ուզում են հանրահավաք անեն՝ թող անեն: Չեմ կարծում, որ կհաջողվի հանրային մոբիլիզացիա ապահովել երկու պատճառով: Առաջինը՝ որովհետեւ չեմ կարծում, որ բոլոր խնդիրներով հանդերձ, այդ թվում՝ կորոնավիրուսի համաճարակի առաջացրած՝ հանրության շրջանում մեծ դժգոհություն կա, երկրորդը՝ եթե նույնիսկ հիպոթետիկ այդպիսի դժգոհություն լիներ, չեմ կարծում, որ ձեր նշած ուժերն են, որ պիտի որեւէ մեկին մոբիլիզացնեին: Ընդհանուր առմամբ կարծում եմ, որ այդ 3 ուժերը չեն կարող ու երբեւիցե չեն կարողանալու Հայաստանում որեւէ լայն աջակցություն մոբիլիզացնել, դրա պատճառները իրենք պետք է փնտրեն այլ տեղերում»:
Ինչ վերաբերում է «Դոսյեի» հրապարակմանը, որ ԱԱԾ նախկին տնօրենները եղել են Կրեմլի գործակալներ՝ Ռուբինյանն ասաց. «Ես կարծում եմ, շատ լավ կլինի, որ դուք բոլորդ այդ հարցը տաք ԲՀԿ ղեկավարին: Ինձ էլ է շատ հետաքրքիր»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ