«Մենք ունենալու ենք ընդամենը 135 հաստիքի նվազեցում»,- Ազգային ժողովում իր եզրափակիչ ելույթի ընթացքում ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը։
Ըստ նրա, այդ թիվը բավական ցածր է մեծ կառուցվածքային փոփոխությունների պայմաններում․ «Նոր վարկային միջոցներ չեն ներգրավվել, պարզապես երկարաձգվել է ծրագրի իրականացումը մինչև 2022 թվականը, և ըստ էության, նախկինում չծախսված գումարների մասին է խոսքը։ Այս վարկային միջոցներով ոչ միայն շենքային պայմաններն են ապահովվում, վերանորոգվում, այլև տեղեկատվական համակարգի բարեփոխմանն է աջակցվում, սոցիալական աշխատողների վերապատրաստման գործընթացին է աջակցություն ցուցաբերվում, նաև տեխնիկական միջոցներ են տրամադրվում, նկատի ունեմ՝ համակարգիչներ, պլանշետներ և այլն, որոնք ուղիղ նշանակություն են ունենալու ծառայությունների տրամադրման, որակի բարձրացման վրա»։
«Սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը դրվեց քվեարկության։ Այն ընդունվեց կողմ 99, դեմ 0 ձայներով։
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ