Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արտակ Զաքարյան. Որոշել են խոսել շատ հեռու, երևակայական 2050թ-ից, որպեսզի անխելք մարդկանց հույսով անեն ու խուսափեն այսօրվա ծանր պատասխանատվությունից

Սեպտեմբեր 22,2020 13:22

ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը

ԻՍԿ Ո՞Վ ՊԵՏՔ Է ԼՈւԾԻ ԱՅՍՕՐՎԱ ԽՆԴԻՐՆԵՐԸ

Տոնն անցավ, և օրեցօր ահագնացող խնդիրները շարունակում են թակել մեր պետության ներքին ու արտաքին դռները։

1.Պատերազմի վտանգը դամոկլյան սրի պես կախվել է երկրի վրա,

2.Տնտեսությունը հաստատուն քայլերով անկում է ապրում,

3.Համավարակը շարունակում է կյանքեր խլել,

4.Արտաքին պարտքը վերջին մեկուկես տարում զգալիորեն աճել է,

5.Արտագաղթը՝ միտինգներով «դռներն է կոտրում» որպեսզի դուրս գա երկրից,

6.Զզվանք առաջացնող ատելության քարոզը, իշխանության էժանագին պոպուլիզմն ու ցածրորակ «քաղաքական» խոսքն ամեն օր դուրս է հորդում մամուլի էջերից,

7.Պետության սոցիալական բեռն ու մարդկանց հուսահատության ալիքներն ավելի ցայտուն են դառնում,

8.Արտաքին քաղաքականությունը վերածվում է գործընկերների՝ «նախ գնացեք կողմնորոշվեք ովքե՞ր եք դուք, հետո կգաք կտեսնենք» խայտառակ մոտեցմանը,

9.Արցախյան բանակցային գործընթացը վերածվել է վտանգավոր խառնաշփոթի ու փակուղու եզրին է,

10.Դիլետանտները հայտնվել են քաղաքական օլիմպում ու բացարձակապես չեն գիտակցում պատասխանատվության իրենց աստիճանը,

11.Պետության եկամուտները դժվար են հավաքվում, բյուջետային հաստատված շատ ծրագրեր մնում են չկատարված և այլն։

Այս խնդիրներով հանդերձ, մեր դիլետանտակերտ իշխանությունները որոշել են 2050թ.ուրվագծել։ Ի՞նչ է սա, եթե ոչ ավանտյուրա։ Փաստացի՝ 2,5 տարի է նրանք խոսում են անցյալից, որպեսզի մեղադրեն նախորդ իշխանության ներկայացուցիչներին ու «շոուի աղմուկով ծածկեն» իրենց դատարկամիտ անկարողությունը։ Իսկ հիմա որոշել են խոսել շատ հեռու, երևակայական 2050թ-ից, որպեսզի անխելք մարդկանց հույսով անեն ու խուսափեն այսօրվա ծանր պատասխանատվությունից։

Պատմության մեջ, տարբեր պատճառներով շատ կառավարություններ ու ղեկավարներ են մեղադրվել, բայց ո՛չ խաբեության համար։ Նիկոլ Փաշինյանի կաստան երևի միակն է լինելու, որ պախարկվելու է հանրային խաբեության, պետական ռեսուրսների ու քաղաքական ժամանակի անարդյունավետ վատնման համար։

Նախորդ տասնամյակում աշխարհն ավելի կայուն ու կանխատեսելի էր, սակայն այսօրվա աշխարհն այնքան փոփոխական է ու լատենտ, որ անգամ խոշոր միջազգային կառույցներն են դժվարանում երկարաժամկետ ծրագրեր կազմել։ Իսկ մեր «խելոքները» իրենց թույլ են տվել 30 տարվա մարգարեություն անել։ Իսկ ո՞վ պետք է լուծի այսօրվա ու վաղվա խնդիրները, Ջիվանին կասեր «խելքի՛ աշեցեք»։

Բացի այդ, ասենք թե գրել են, ու որպես ցանկություններ՝ վատ ցանկություններ չեն գրել։ Ի վերջո` բոլորս էլ ունենք երազանքներ։ Բայց քաղաքականությունը իրականություն է ու հնարավորի արվեստ։ Իսկ ովքե՞ր են այն մասնագետները, որոնք կազմել են այդ «ռազմավարական երազները» և պատրա՞ստ են արդյոք նրանք հրապարակային հիմնավորել իրենց սահմանած ցուցանիշներն ու նպատակները։

Կամ եթե հենց այնպես, ըստ ճաշակի գրելով է, ապա ինչո՞ւ օրինակ չեն գրել, որ 2048թ.Հայաստանը պաշտոնապես պետք է դառնա ատոմային երկիր և այլն։

Պարոնա՜յք լրջացեք, և զբաղվեք ձեր կարճաժամկետ խնդիրներով, որովհետև Հայաստանի ապագայի հետ դուք կապ չե՛ք ունենալու, ու Աստված մի արասցե, որ ձեր նման կառավարություն էլի լինի։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930