Լրահոս
Օրվա լրահոսը

«Առայժմ երկրի բարձրագույն իշխանության գործադիրի ղեկավարը վերաբերմունք չի փոխել». դատարանը մերժեց Մանվել Գրիգորյանի պաշտպանների միջնորդությունը

Սեպտեմբեր 22,2020 13:18

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում (նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյան) ԵԿՄ նախկին նախագահ, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստին Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը ներկայացրեց իր պաշտպանյալի անկողնային հարկադիր բուժման հանգամանքը փաստող փաստաթուղթ: Նշենք, որ Մանվել Գրիգորյանը կրկին նիստին չէր ներկայացել: Այս գործով նիստերն արդեն ամիսներ շարունակ հետաձգվում են:

Լևոն Բաղդասարյանը դատարանի դահլիճում միջնորդեց քրեական գործը կասեցնել և վերացնել Մանվել Գրիգորյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը: Նա հայտարարեց. «Նման ծանր հիվանդություններով, կարծում եմ, ուղղակիորեն օրենքի պահանջն է, որ գործը կասեցվի, որ հնարավորություն տրվի՝ անձը կարողանա որոշակի բժշկական գործողություններ իրականացնի»:

Մեղադրող դատախազ Վահե Դոլմազյանն առարկեց՝ հայտարարելով, որ միջնորդությունը ենթակա է մերժման: Նա նշեց. «Այն միջնորդությունը, որ ներկայացված է, բերված պատճառները, այս փաստաթղթերի առկայությունը չի նշանակում, որ քրեադատավարական առումով Մանվել Գրիգորյանը գտնվում է ծանր հիվանդության մեջ, որի պայմաններում էլ քրեական վարույթը ենթակա է կասեցման: Այս ամենի համատեքստում պաշտպանական կողմի միջնորդությունը՝ ծանր հիվանդության պայմաններում քրեական գործի վարույթը կասեցնելու, խափանման միջոցի վերացնելու մասով ենթակա է մերժման»:

Լևոն Բաղդասարյանը հիշեցրեց՝ ցավոք, ՀՀ-ում Մանվել Գրիգորյանը բուժում չի ստանում ու պարզաբանեց. «Եթե մի անձի մոտ կա քառասուն հիվանդություն, բժիշկներն ասում են՝ մենք չենք կարող բուժել: Ամենակարևորը, ի՞նչ է նշանակում ամբուլատոր քարտից վերցնել փաստեր, ինչի մասին դատախազն ասում է: Եթե միջգերատեսչական հանձնաժողովն է փաստում, երբ համալիր հետազոտություն է անձն անցնում և ասում են՝ նախկին հիվանդությունների հետ կապված վատթարացում են գրանցում, մի պատկեր, երբ անձը տոտալ ձևով խոշտանգման է ենթարկվում, ինչի՞ մասին է խոսքը»:

Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանն էլ ասաց. «Հարգելի մեղադրողը մոռանում է ասել, որ այս ընթացքում, երբ Մանվել Գրիգորյանը մնացել է կալանքի տակ և բազմաթիվ անգամներ պաշտպանական կողմի միջնորդությունները և հայտարարություններն անուշադրության են մատնվել, մարդը ձեռք է բերել հաշմանդամություն. օրինական հաշմանդամության կարգ ունի: Այսօր էլ ասում ենք՝ արձանագրենք այն իրականությունը, որ փաստացի մեր նիստերը չեն կայանում, Մանվել Գրիգորյանը չի ներկայանում դատարան, ամեն անգամ ներկայացնում ենք փաստաթղթեր, ամեն անգամ հայտարարությունների մակարդակով դատախազը դրանք դնում է կասկածի տակ: Փաստը մնում է փաստ, որ այդ մարդը դարձել է հաշմանդամ: Դրանից ավելի լուրջ հիմքեր չեմ տեսնում գործը կասեցնելու»:

Հիշեցնենք, Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակություն կազմակերպելու մեջ:

Դատարանը, վերադառնալով խորհրդակցական սենյակից, որոշեց մերժել պաշտպանական կողմի միջնորդությունը:

Արսեն Մկրտչյանն Aravot.am-ի հետ զրույցում վստահեցրեց՝ մինչև իշխանափոխություն չլինի, դատարանն իրենց միջնորդությունը չի բավարարի: Փաստաբանը դատարանի նման որոշումն այսպես պատճառաբանեց. «Առայժմ երկրի բարձրագույն իշխանության գործադիրի ղեկավարը վերաբերմունք չի փոխել»:

Այս գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11-ին:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930