Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանին հարցրեցին՝ մամուլում տեղեկություն կա, որ արդարադատության փոխնախարարի պաշտոնում է աշխատելու, ճի՞շտ է, թե՞ ոչ՝ նա պատասխանեց, որ ոչ, չի համապատասխանում իրականությանը:
Հարցին՝ ձեր խմբակցությունում ի՞նչ է կատարվում, մամուլում հրապարակում կա, որ մանդատը հնարավոր է վայր դնեն՝ կապված ՍԴ դատավորների ընտրության հետ ու շոշափվում են Գայանե Աբրահամյանի, Գոռ Գեւորգյանի, Հովհաննես Հովհաննիսյանի, Համազասպ Դանիելյանի, Լուսինե Բադալյանի անունները, տեղեկություններ ունե՞ք այդ մասին եւ «Իմ քայլում» դա քննարկվե՞լ է՝ Գրիգորյանը պատասխանեց. «Մեր խմբակցությունում բացի ընթացիկ աշխատանքային պրոցեսից, այլ բան չի կատարվում: Եթե լինեն պատգամավորներ, ովքեր նման քայլի անհրաժեշտություն կտեսնեն, իրենք կմեկնաբանեն ու պատճառները կասեն: Քանի դեռ նման հայտարարություն չի եղել, թույլ տվեք ձեռնպահ մնալ մեկնաբանելուց»:
Սուրեն Գրիգորյանը նաեւ հավելեց, որ մամուլում ի սկզբանե էլ պարբերաբար նման տեղեկություններ հայտնվում են ու եթե ամեն գրած ճիշտ լիներ, հիմա «Իմ քայլի» նախընտրական ցուցակը սպառված կլիներ:
Լիլիթ Ստեփանյանն էլ ասաց, որ մամուլում տարբեր անուններ են շրջանառվում. «Մեկ-երկու թերթի ինֆորմացիա էլ ես ասեմ՝ փաստորեն, ես էլ եմ պատրաստվում մանդատս վայր դնեմ, ըստ մամուլում պտտվող հավաստի լուրերի»:
Կարդացեք նաև
Խոսելով հոկտեմբերի 8-ի ընդդիմադիրների սպասվող հանրահավաքի մասին՝ Ստեփանյանն ասաց. «ԹԵժ աշուն ընդդիմությունը պարբերաբար խոստացել է, դա ընդդիմության քաղաքական օրակարգն է, իսկ թե ինչպիսին կլինի աշունը, կամ այդ հանրահավաքը որքան հուժկու կլինի, բոլորս հնարավորություն կունենանք հոկտեմբերի 8-ին ականատես լինել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ