Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Գրիգորյան․ Նախարարությունը դեռևս ամբողջությամբ պատրաստ չէ սոցիալական ծառայության համակարգի ներդրման համար

Սեպտեմբեր 22,2020 12:45

Կառավարության նախաձեռնությամբ սեպտեմբերի 22-ին հրավիրվել է Ազգային ժողովի արտահերթ նիստ։ Օրակարգում է «Սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ կատարելը։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը իր ելույթում ասաց, որ կառավարությունը սոցիալական պաշտպանության բնագավառում որդեգրել է սոցիալական ծառայությունների ինտեգրված համակարգերի ներդրման քաղաքականությունը, որը պետք է հիմնված լինի սոցիալական կարիքի գնահատման և այդ կարիքին արձագանքող նպաստի, փոխհատուցումների և ոչ դրամական ծառայությունների տրամադրման միասնական համակարգի վրա։

Ըստ նախագծի, նախատեսվում է ստեղծել նոր կառույց՝ ինտեգրված սոցիալական համալիր սոցիալական ծառայությունը․ «Սակայն, առաջացել են խնդիրներ նոր ստեղծվող կառույցի կարգավիճակի և դրա հաստիքների համալրման, ինչպես նաև վերոգրյալ կառուցվածքային փոփոխությունները սահուն իրականացնելու հարցում՝ հաշվի առնելով միավորվող կառույցների կողմից հենց այսօր հանրությանը մատուցվող սոցիալական ծառայությունների ծավալը և բովանդակային առանձնահատկությունները, և մատուցվող ծառայությունները բնակչության համար անխափան իրականացնելու հրամայականը»։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Գրիգորյանը հետաքրքրվեց, թե համալիր կենտրոնների ստեղծման համար պետական բյուջեից և առհասարակ ինչքա՞ն վարկային միջոցներ են ներգրավված և ինչքա՞ն գումար է ծախսվել առ այսօր։ Եվ արդյոք նախարարությունը ունի՞ կատարված բավարար աշխատանք սոցիալական աշխատողների ինստիտուտի կայացման գործում։

Աննա Ժամակոչյանը պատասխանեց․ «Հենց այս բարեփոխման գործընթացը պետք է իրականացնի սոցիալական աշխատողի ինստիտուտի կայացումը։ Այո՛, իրավացի եք, այս բարեփոխումը թղթի վրա է եղել դեռևս 2010-ականներից, սակայն շատ համարձակ բարեփոխում է, և կարծես, թե դանդաղել է և դժվարացել է իրագործումը, որովհետև փոխելու է իսկապես սոցիալական ծառայությունների տրամադրման ողջ տրամաբանությունը և պատկերը։ Զուգահեռ ընթանում է նաև սոցիալական աշխատողի մասին օրենքի մշակումը, այն նաև նախագծի տեսքով առկա է, քննարկումների փուլեր անցել է շահագրգիռ մասնագիտական խմբերի շրջանակներում։ Գալու է այն օրը, որ այն ներկայացվելու է նաև Ազգային ժողովի դատին։ Հետևաբար՝ ուզում եմ վստահեցնել, որ այս բարդ, բազմատարր, բազմաբաղադրիչ բարեփոխումը իրականացվում է զուգահեռ տարբեր զուգընթաց գործընթացներով։ Եվ մենք իրականացնում ենք, ինչպես սոցիալական աշխատողների վերապատրաստման նոր մոդուլների ձևավորում, անպայման վերապատրաստման ընթացակարգով անցնեն մեր նոր աշխատողները նույնպես։ Այսինքն՝ իրականացման բոլոր բաղադրիչները ներկայացված են։ Մենք ունենք մեր ճանապարհային քարտեզը և գնում ենք դրանով»։

Արթուր Գրիգորյանը արձագանքեց․ «Համակարգը ներդրվելու է 2021 թվականից, և Ձեր պատասխաններից ակնհայտ է դառնում, որ դեռևս ամբողջությամբ պատրաստ չէ նախարարությունը համակարգի ներդրման համար։ Իսկ միասնական տեղեկատվական բազաները գոնե ունե՞ք ձևավորված այս առումով»։

Աննա Ժամակոչյանը պատասխանեց, որ մեկ տեղեկատվական համակարգ ունենալը շատ ծանր գործ է․ «Մենք կարծում ենք, որ դրա համար երկար ժամանակ է պետք։ Բայց դրանք զուգահեռ ընթանում են մեզ մոտ։ Մենք ունենք հենց հիմա նախապատրաստվող և փորձարկման գործընթացում գտնվող բազաների կապակցվածության հարթակը, այսինքն՝ դրանք առանձին տեղեկատվական համակարգեր էին մինչ օրս, հիմա դրանք կապակցվում են մեկ ընդհանուր հարթակի մեջ, և այդ ձևաչափով կաշխատեն մինչև մեկ միասնական համընդհանուր բազայի ունենալը։ Այսինքն՝ մենք չենք ունենա խափանում, արդեն կունենանք առաջընթաց, բայց նաև ենթադրում ենք, որ ավելի հիմնային բարեփոխում պետք է ունենանք»։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930