ԲՀԿ, ՀՅԴ եւ «Հայրենիք» կուսակցությունները հոկտեմբերի 8-ին հանրահավաք են անում: Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ԲՀԿ պատգամավոր Իվետա Տոնոյանն ասաց, որ նախորդող երկու տարիների ընթացքում հանրության հույսերը չեն արդարացվել ու հանրային օրակարգում կա լայն դժգոհություն:
ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը, անդրադառնալով արտաքին քաղաքականությանը եւ Իլհամ Ալիեւի վերջին հայտարարությանը, ասաց. «Պետք է փաստել, որ Ադրբեջանի նախագահը եւ ոչ միայն նա, Թուրքիայի նախագահը, արտգործնախարարը շատ ակտիվ տեղեկատվական պատերազմ են վարում այն ուղղությամբ, որ հնարավոր է նոր ռազմական սադրանքների գնան: Այն հայտարարությունները, որոնք մենք լսում ենք վերջին օրերին, որոնք մի կողմից մտահոգիչ են, մյուս կողմից էլ մեզ կարող են զավեշտալի թվալ, շատ հստակ պառկում են այդ նախապատրաստական տրամաբանության մեջ»:
Նա հիշեցրեց, որ օգոստոսին Ադրբեջանը եւ Թուրքիան համատեղ անցկացրեցին ռազմական զորավարժություններ Նախիջեւանի տարածքում, որտեղ տեղակայվեցին թուրքական զորքեր, զրահատեխնիկա. «Մամուլում հայտնված տեղեկատվությունը փաստում է այն մասին, որ Թուրքիան Նախիջեւանում շատ ակտիվ տեղակայում է իսլամիստների: Սա փաստում է, որ Ադրբեջանը տարբեր ուղղություններով տանում է նախապատրաստական աշխատանքներ: Ի՞նչ պետք է մենք անենք, առաջին հերթին պետք է բոլոր միջազգային խողովակներով, ամեն տեղ բարձրացնել այս հարցը: Մենք, իհարկե, ունենք այդ ապացույցը, որ Ադրբեջանը Թուրքիայի հետ համատեղ փորձում են ռազմական լարվածություն գեներացնել տարածաշրջանում: Պետք է նաեւ հստակ իմանալ, որ այն իրադարձությունները, որոնք տեղի են ունենում Հայաստանի եւ Արցախի շուրջ, մեզ ստիպեն գործել միջազգային ասպարեզում ավելի լավ առումով, դիվանագիտական առումով ավելի հետեւողական եւ ինչու ոչ՝ ագրեսիվ»:
Աբովյանն ասաց, որ իրենց համար էլ անհասկանալի են, թե ինչի շուրջ են բանակցություններն ընթանում, երբ հարց են տալիս, ասում են՝ «կոնսուլտացիաներ են անում». «Ադրբեջանի ղեկավարության հայտարարությունը բնավ կապ չունի բանակցային պրոցեսի հետ: Ադրբեջանի ղեկավարությունը հրահրում է պատերազմ ու տանում է ակտիվ նախապատրաստական աշխատանքներ: Երկու օր է՝ պահեստազորայինների հավաքներ են տեղի ունենում Ադրբեջանում: Այսօր իրավիճակը կարդինալ տարբեր է: Առաջին անգամ Թուրքիան ռազմական իր մասնակցությունը ոչ թե բացառում է կամ քողարկված է ասում, այլ հստակ ու ուղիղ հայտարարում է, որ ներգրավված է լինելու ակնկալվող կամ ենթադրվող պրոցեսներին»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ