Գաղտնիք չէ՝ մեզանում տարածվել է մի այնպիսի պրակտիկա, որ արտերկրից վերցնում ենք պատրաստի չափորոշիչներ, կանոնակարգեր կամ օրենքներ և փորձում ենք ներդնել Հայաստանում։ Սակայն ամենախնդրահարույցն այն է, որ նախքան այդ հաշվի չի առնվում, թե դրսում կիրառվող փորձը ինչքանով է ընդունելի Հայաստանում, կամ մեր երկիրն ինչ առանձնահատկություններ ունի։ Շատ է խոսվում այն մասին, թե կրթական վերջին չափորոշիչների սահմանման դեպքում ևս ոլորտի պատասխանատուները ուղղակի փորձում են դրսի փորձը առանց սրբագրումների ներմուծել հայկական կրթական համակարգ, ինչն էլ իր հերթին դժգոհությունների և մտահոգությունների տեղիք է տվել կրթության ոլորտի մասնագետների մոտ։ Սակայն միայն կրթության ոլորտին չէ, որ այս խնդիրը վերաբերում է։
Նման մոտեցում է գործում նաև հարկային քաղաքականության համատեքստում։ Եվրոպական և զարգացած այլ երկրներից վերցվում են դրույքաչափերը, և փորձ է կատարվում դրանք կիրառել Հայաստանում։ Այնինչ, Հայաստանի և այդ երկրների տնտեսական հնարավորությունները խիստ տարբեր են։ Այդպես իշխանությունները, ներկայացնելով արտասահմանյան երկրներում սահմանված գույքահարկի բարձր չափերը, փորձում են այդ հանգամանքի վրա հղում կատարելով, Հայաստանում մի քանի անգամ բարձրացնել գույքահարկը, բայց հարց է, թե արդյոք նրանք հաշվարկել են, թե Հայաստանի բնակչությունն առանց այն էլ այս ծանր իրավիճակում ի վիճակի՞ է նման գումարներ վճարել պետբյուջե։
Օրերս էլ հանրային քննարկման է ներկայացվել «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը, որով Հայաստանի տարածքում գրանցված (հաշվառված), չգրանցված 12 և ավելի տոննա առավելագույն թույլատրելի զանգված ունեցող ավտոմեքենաներով Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհներից օգտվողները պետք է վճարեն ճանապարհային վճար: Յուրաքանչյուր կիլոմետրի դիմաց առաջարկվում է վճարել 50 դրամ։ Գաղտնիք չէ, որ ընդհանուր օգտագործման ճանապարհների ծածկը վնասվում է մեքենաների շահագործման արդյունքում, սակայն հատկապես մեծ վնասներ են պատճառում ծանր քաշ ունեցող բեռնատարները, դրա համար էլ ճանապարհների պահպանման և նորոգման նպատակով լրացուցիչ պարտադիր վճարի անհրաժեշտություն է առաջանում։
Ընդհանուր առմամբ, բեռնափոխադրողները և ոլորտի մասնագետները դեմ չեն, որ Հայաստանում ճանապարհային վճար գործի, սակայն վիճահարույց է համարվում առաջարկվող սակագինը։ Հնարավոր է, որ սահմանված վճարը միջազգային բեռնափոխադրողների համար շատ էական ծախս չլինի Հայաստանով անցնելիս, մանավանդ որ մեր երկրով անցնող ճանապարհային ցանցը շատ ընդգրկուն չէ, սակայն այն կարող է լրացուցիչ բեռ դառնալ ներպետական ուղևորափոխադրողների համար, որոնք առավել մեծ հաճախականությամբ են փոխադրումներ իրականացնում: Կան ոլորտներ, որոնց ծախսերի վրա այս վճարի ազդեցությունը մեծ է լինելու: Այստեղ խոսքն առաջին հերթին հանքարդյունաբերության ոլորտում գործող տնտեսվարողների մասին է։ Եվ ստացվում է, որ ճանապարհային վճարների բեռը փոխանցվելու է արտադրողներին՝ բեռնափոխադրումներ պատվիրողներին։
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։