Լրահոս
Օրվա լրահոսը

Ռեկտորի որդին եւ ռեկտորի պարտականությունների կատարողը ցույց էին անում կառավարության դիմաց

Սեպտեմբեր 22,2020 11:57

«Մեր օրինական ընտրված ռեկտորը՝ Դիանա Գալոյանը մինչ օրս օրենքով սահմանված կարգով նշանակված չէ ռեկտորի պաշտոնում, մենք քաղաքակիրթ ձեւով կսպասենք այնքան՝ մինչեւ հայրենի կառավարությունից որեւէ մեկը իջնի ներքեւ՝ խոսելու Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կոլեկտիվի եւ ուսանողության ներկայացուցիչների հետ: Մենք որեւէ քաղաքական պահանջ չունենք, երթի սկզբում նույնպես ներկայացրել ենք»,- հայտարարեց ՀՊՏՀ ռեկտորի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանը:

Արմեն Գրիգորյան

Նա ասաց, թե չեն ցանկանում, որ օրենքներ փոխվեն, որպեսզի իրենք բոնուսներ ստանան. «Մենք ցանկանում ենք, որ մեր օրինական ընտրված ռեկտորը նշանակվի ռեկտորի պաշտոնում»:

Արմեն Գրիգորյանը նշեց, որ 2018 թվականից ՀՊՏՀ-ն չունի օրինական ընտրված ռեկտոր, եւ բուհերը երկարաժամկետ ռազմավարությունը երկար ժամկետով ընտրված ռեկտորի հետ են կապում, ինչն օրինաչափ է. «2018 թվականից մեր համալսարանն այդ ընթացքից ընկել է, գործող ռեկտորը տվել է հրաժարական, նշանակվել է ռեկտորի պարտականությունների կատարող Ռուբեն Հայրապետյանը, որը բազմաթիվ ապօրինություններ է թույլ տվել համալսարանում, ինչը համալսարանի անձնակազմին գրգռել է իր դեմ, եւ համալսարանը հասել է նրա հրաժարականին:

Ֆորմալ դա ձեւակերպվել է որպես նրա դոկտորականում առկա խնդիրներ, բայց իրենք անցյալ տարի իրենք անընդհատ ստիպում էին կոլեկտիվին, որ պաշտպանի Ռուբեն Հայրապետյանին, նա այդ պաշտպանությունը չունեցավ, որից հետո հրաժարական տվեց, որից հետո եկավ Դիանա Գալոյանը, ում Ռուբեն Հայրապետյանը սկսեց մեղադրել նույնաբովանդակ գործողությունների մեջ:

Հետո ձևավորվեց հանձնաժողով, որը կազմված էր ականավոր գիտնականներից, իրենք ուսումնասիրեցին գործը եւ ասացին, որ որոշ համընկնումներ կան, բայց դրանք գիտականության վրա որեւէ ազդեցություն չեն թողել եւ Դիանա Գալոյանն արժանիորեն է ստացել դոկտորի իր աստիճանը: Այդ հանձնաժողովն աշխատել է շահերի բախման ուժեղ պայմաններում, որովհետեւ ինչ-որ մի հրաշքով արտահոսեց հանձնաժողովի կազմը, ինչը այլ ռեկտորների եւ այլ քննված գործերի դեպքում երբեք չի եղել: Հանրությունը պոստֆակտում է տեղեկացել, թե ովքեր են եղել հանձնաժողովի անդամները:

Այդ հանձնաժողովը հանրության որոշակի շրջանակների եւ ԼՀԿ որոշ պատգամավորների շատ մարդկանց ճնշման արդյունքում է աշխատել, բայց միեւնույն ժամանակ համարձակություն է գտել իր մեջ՝ ասելու, որ էս մարդը դոկտոր է:

Հետո սկսվեց արտակարգ դրությունը, եւ իրավիճակը մի քիչ սառեց: Մեր համալսարանն այդ ընթացքում իր առաքելությունը փայլուն է կատարել… Մեր բուհի ուսանողները չեն միացել որեւէ նախաձեռնության՝ պահանջելով գումարներ հեռավար կրթության հետ կապված՝ մեկնաբանելով, որ մեր համալսարանում այդ ամենն իդեալական կազմակերպված է եղել: Այդ ամենի կազմակերպումը կախված է եղել մեր գործող ռեկտորից եւ մեր կոլեկտիվից: Մենք հավաքվել ենք ռեկտորի շուրջ»:

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պարտականությունների կատարող Արմեն Գրիգորյանն լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենք Դիանա Գալոյանի գաղափարակիցներն են, կիսում են նրա հայացքները, եւ նրա ղեկավարման արդյունքում տնտեսագիտական համալսարանը առկա բակալավրիատի ընդունելության արդյունքներով 103% աճ է գրանցել, համալսարանի խնայողություններն աճել են 44 մլն դրամով: Նա ընդգծեց, որ իրենց երթն ուղղված չէ ոչ Նիկոլ Փաշինյանի, ոչ կառավարության եւ ԿԳՄՍ նախարարի դեմ:

Քանի որ երթին ոչ բոլոր ուսանողներն ու դասախոսներն են մասնակցում, Aravot.am-ը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանից հետաքրքրվեց՝ արդյոք ուսանողներին չե՞ն ուղղորդել ու ստիպել գալ բողոքի ցույցի: «Ռեկտորի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանի կարճ մեկնաբանությունը սա է՝ մեր համալսարանում վերջին մեկ տարում որևէ մեկը որևէ մեկին որևէ հարցում չի ուղղորդում»,- բուհի լրատվականից հետեւյալը փոխանցեցին:

Երթին մասնակցում են նաեւ ՀՊՏՀ ուսխորհրդի նախագահ Գոռ Մելիք-Սահակյանը եւ Դիանա Գալոյանի որդի Անրին: ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը, որը նույն բուհում է աշխատում, ասաց, որ ինքը բուհի կողքին է, եւ խորհուրդը օրինական է ռեկտոր ընտրել Դիանա Գալոյանին, իսկ կառավարությունը չի նշանակում նրան, եւ սա ինքնաբուխ հավաք է:

Արմեն Գրիգորյանը նշեց, որ Ռուբեն Հայրապետյանի եւ Հանուն որակյալ կրթության նախաձեռնության կարծիքը դա իրենց կարծիքն է: Ռուբեն Հայրապետյանը հավաքը որակել էր վարչական լծակի գործադրմամբ՝ պաշտոնեական լիազորություններն անցնելով, համալսարանի դասախոսների վրա ազդելով՝ սեփական նպատակների համար դասաձախողում կազմակերպել:

Հավելենք, որ բուհի՝ բողոքող ներկայացուցիչներին ընդունեցին կառավարությունում:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930