Ազգային անվտանգության ծառայությունն ուսումնասիրում է «Դոսյե» կենտրոնի՝ նախօրեին հրապարակած հետաքննության մեջ առկա փաստերը և քրեաիրավական գնահատական է տալու դրանց։ Այս մասին հայտարարեց ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանը։ «Այդ հրապարակումը դիտարկում ենք որպես հանցագործության մասին հաղորդում և համապատասխան իրավական ընթացք ենք տալիս»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ ըստ «Դոսյե» կենտրոնի հետաքննության՝ Հայաստանի բոլոր պետական կառույցներում, ինչպես նաև հասարակական դաշտում կան ռուսական գործակալներ։ Քյարամյանը երեկ չպատասխանեց հարցին՝ ԱԱԾ-ն նման տեղեկությունների տիրապետե՞լ է, թե՞ ոչ։
Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը չի հավատում, որ ՀՀ ԱԱԾ-ն կարող է քրեաիրավական գնահատական տալ «Դոսյե» կենտրոնի հետաքննությանը: «Որևէ օբյեկտիվ, քրեաիրավականի հետ առնչություն ունեցող գնահատական ես չեմ սպասում՝ այն պարզ տրամաբանությամբ, որ այդ կառույցը 2.5 տարի շարունակ որևէ գնահատական չտվեց նախկինում տեղի ունեցածին։ Պարզ տրամաբանությունը հուշում է, որ այդ ամբողջ խառնաշփոթի կենտրոնում հենց ԱԱԾ-ն է, որը ոչ միայն չի ծառայում Հայաստանի Հանրապետությանը, այլև ուղղակի ենթակա է կոնկրետ ՌԴ հատուկ ծառայություններին։ Դա ապացուցվում է նաև նրանով, որ մեր բոլոր բարձրաստիճան պաշտոնյաներն այդտեղ անցնում են վերապատրաստում։ Ընդ որում, իրենք ոչ միայն վերապատրաստվում են, այլև հավաքագրվում են ու դառնում են ՌԴ հատուկ ծառայությունների գործակալներ։ Հետևաբար որևէ ռեալ հետևանք չեմ ակնկալում ՀՀ ԱԱԾ-ից»,- ասաց իրավապաշտպանը՝ հավելելով, որ ինքը վստահ է, որ այդ գործակալական ցանցը Հայաստանում հենց ԱԱԾ-ի գլխավորությամբ ու իմացությամբ է գործում. «Ավելի համակարգված որևէ մեկը չի կարող կազմակերպել այդ գործընթացը, քանի որ ԱԱԾ-ն ունի բացառիկ լծակներ։ Հետևաբար իրենք անում են՝ ինչ ուզում են, ոնց ուզում են և ինչքան ուզում են, և իրենք շարունակելու են այդպես անել»։
Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը ևս «Դոսյե» կենտրոնի հետաքննության մեջ տեղ գտած փաստերին քրեաիրավական գնահատական տալու վերաբերյալ ԱԱԾ տնօրենի հայտարարությունը հանդուգն չի համարում։ «Եթե հաշվի առնենք, որ ուսումնասիրությունը կատարել է Խոդորկովսկու ֆինանսավորմամբ գործող ռուսական «Դոսյե» կենտրոնը, ապա կարող ենք եզրակացնել, որ դա կարժանանա նաև ռուսական հատուկ ծառայությունների ուշադրությանը։ Հետևաբար ՀՀ ԱԱԾ տնօրենի այդ հայտարարությունը կարող է անգամ արժանանալ ռուսական հատուկ ծառայությունների հավանությանը։ ՀՀ և ՌԴ հատուկ ծառայությունների շահերը այս հարցում կարող են համընկնել։ Հետևաբար ճիշտ չէ ՀՀ ԱԱԾ տնօրենի հայտարարությունը դիտարկել որպես հանդուգն քայլ»,- «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Հարությունյանը՝ միևնույն ժամանակ հավելելով, որ «Դոսյե»-ի ուսումնասիրությանը առանձնապես մեծ հնչեղություն պետք չէ տալ, քանի որ այն սովորական լրագրողական հետաքննություն է, և դրանում նշված անձանց, գործակալների, ազդեցության գործակալների անունները վաղուց բոլորին հայտնի են, Հայաստանում բոլորը գիտեն նրանց որպես այդպիսին:
Կարդացեք նաև
«Այդ անունները վաղուց բացահայտված են, ոչ մի նոր բան, ոչ մի նոր անուն այդ հետաքննության մեջ չկա, ու պետք չէ դրան այդպես մեծ հնչեղություն տալ»,- ասաց իրավապաշտպանը։
Սոնա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում: