Իշխանությունն ամենաբարձր մակարդակով հայտարարեց, որ Սահմանադրական դատարանի դատավորների ընտրությամբ ՍԴ ճգնաժամը լուծվեց: Փաստաբան Երվանդ Վարոսյանը շեշտում է՝ կարևոր է այն, թե ո՞ր ճգնաժամի մասին է խոսքը: «Իրենց հորինած ճգնաժա՞մը, որի մասին խոսում էին: Ճիշտն ասած, ՍԴ-ում ճգնաժամ չկար մինչ այն պահը, երբ իրենք որոշեցին հակասահմանադրական ճանապարհով միջամտել ՍԴ աշխատանքներին, ինչը և արեցին: Ճգնաժամն սկսվեց դրանից հետո և հիմա էլ շարունակվում է:
Անդրադառնալով Սահմանադրական և Վճռաբեկ դատարանները միավորելու ու փոխարենը Գերագույն դատարան ստեղծելու հայեցակարգին՝ Երվանդ Վարոսյանը հավելեց. «Հերթական անգամ չի գիտակցվում՝ ինչ է կատարվում: Այդ քայլն անողները չեն գիտացում, թե ինչ են անում: Փառք Աստծո, նշվածի գնահատականը իրավաբաններն արդեն տվել են. այն է՝ Հայաստանում, բնականաբար, Գերագույն դատարանի գոյությունը կիրառելի չէ, և մեր իրավական համակարգը չի կարող բնականոն աշխատել այդ իրավիճակում: Մեր ամբողջ իրավական համակարգը, ամբողջ օրենքներն այնպես են ստեղծված, որ տարանջատ Վճռաբեկ և Սահմանադրական դատարանների գոյություն են ենթադրում:
Չեմ ուզում իրավաբանական առումով մանրամասների մեջ խորանալ, բայց համոզված եմ, որ այս գաղափարը ծնվել է քաղաքական գործընթացի արդյունքում: Սրա միջոցով ուղղակիորեն փորձ է արվում ՍԴ-ի՝ արդեն առկա ճգնաժամը լուծել, քանի որ նաև համոզված եմ՝ այդ մտքի հեղինակների համար էլ է պարզ, որ ՍԴ-ն այսօր լեգիտիմ չէ, և հարցականի տակ են լինելու նրա կողմից կայացված բոլոր որոշումները: Դրա համար փորձ կարվի առհասարակ փակել ՍԴ-ն, առաջ անցնել նոր սահմանադրական կարգավորումներով և մոռանալ այս ոչ լեգիտիմ շրջանը»:
Իսկ թե այդ քայլը որքանով կօգնի փակել խախտումների այն ամբողջ շղթան, որի մասին մինչ օրս բարձրաձայնվում է, փաստաբանը նկատեց. «Իհարկե, չի օգնի, այդ շղթան ավելի կխորանա. կոպիտ ասած՝ ունքը սարքելու տեղը աչքն էլ կհանեն, և մեր պետական համակարգի, մասնավորապես, դատաիրավական համակարգի կազմաքանդման ճանապարհին ևս մեկ քայլի ականատես կլինենք: Կարող ենք ասել, որ սահմանադրական արդարադատությունը, այո, մեզ մոտ արդեն վտանգված է: Զուգահեռ վտանգված է նաև պետության իրավական անվտանգությունը»:
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։