Լրահոս
Օրվա լրահոսը

Թրամփի կողմնակից սևամորթ ամերիկացիների խմբի վիճահարույց կապերը Թուրքիայի հետ. Հարութ Սասունյան

Սեպտեմբեր 22,2020 10:16

Թրամփի կողմնակից սևամորթ ամերիկացիների խմբի վիճահարույց կապերը Թուրքիայի հետ (վերջին մաս)

Անցյալ շաբաթ ես հրապարակեցի իմ հոդվածի առաջին մասը՝ նկարագրելով մի խումբ սևամորթ ամերիկացիների լոբբինգ իրականացնելու ջանքերը Թրամփի վերընտրման համար՝ հարուստ թուրք գործարարների ֆինանսական աջակցությամբ, որոնք միլիարդավոր դոլարներ էին ներդնելու Միացյալ Նահանգներում: Այս գործարարներից մեկը Ալի Աքաթն էր։

ԱՄՆ կատարած իր այցի ընթացքում Աքաթը հանդիպել է XStrategies-ի գործադիր տնօրեն Ալեքսանդր Բրուզեվիցի հետ Վաշինգտոնի «Թրամփ» միջազգային հյուրանոցում, որտեղ քննարկել են Թուրքիայի՝ ԱՄՆ-ում 12 միլիարդ դոլար ներդնելու և 25000 աշխատատեղ ստեղծելու մտադրությունը: Աքաթը լուսանկարվել էր ԱՄՆ Կապիտոլիում երեք հանրապետական կոնգրեսականների՝ Ջո Ուիլսոնի (Հարավային Կարոլինա), Փիթ Սեշնսի (Տեխաս) և Սքոթ Փերիի (Փենսիլվանիա) հետ: Նա նաև հանդիպել է միլիարդատեր Թոմ Բարաքի և Լարա Թրամփի հետ «Թրամփ» միջազգային հյուրանոցում։

Salon.com-ը հայտնել է՝ Աքաթը պատմել է թուրքական մամուլին, որ «Սքոթը նրան տարել է Հանրապետական կուսակցության ազգային կոմիտեի շտաբ, որտեղ նա լուսանկարվել է և հանդես եկել ճառով, իսկ հետո՝ Սպիտակ տուն։ Ահա տվյալ հատվածի մոտավոր թարգմանությունը․ «Դարել Սքոթի հետ հանդիպումների ժամանակ նա ջերմորեն աջակցեց նախագծին: Նա մեր նախագիծը փոխանցեց Դոնալդ Թրամփ կրտսերին, իր գործընկերներին և ընտանիքին։ Նախ նա ինձ տարավ հանրապետականների շտաբ, որտեղ ես հնարավորություն ունեցա բացատրել նախագիծը, և այն դուր եկավ բոլորին։ Այնուհետև նա ինձ տարավ Սպիտակ տուն՝ ելնելով հարցի կարևորությունից։ Մենք շփումներ ունեցանք Սպիտակ տանը և հանդիպեցինք Դոնալդ Թրամփ կրտսերի հատուկ օգնականնների և օգնականներ Էնդրյու Ջուլիանիի, Քլեյոն Թ. Հենսոնի, Ռոնի Լ․ Ջեքսոնի, Ջենիֆեր Ս․ Կորնի և Ալեքսանդրա Ե․ Վելեցիսի հետ»։

«Թուրքական հոդվածին զուգահեռ պատկերված է Աքաթի և Դարել Սքոթի լուսանկարը, որոնք միասին դիտում էին մի հաստ թղթապանակ Սպիտակ տան հարևանությամբ գտնվող Էյզենհաուերի գրասենյակի շենքի համաժողովների դահլիճում՝ ըստ շենքին ծանոթ մարդկանց վկայության։ Այդ շենքը հյուընկալում է Սպիտակ տան աշխատակազմի մեծ մասին», հայտնել է Salon.com-ը։

«Աքաթը թուրք-ամերիկյան [լուրերի] հրատարակությանն ասաց, որ 15 թուրքական ընկերություններ պատրաստ են առաջ տանել բիզնեսը Միացյալ Նահանգներում։ Գրեթե միաժամանակ, Դարել Սքոթը հրապարակեց իր ուղևորությունները Նախագահի օդանավով (Air Force One) և Սպիտակ տուն այցերը իր URC-ի կարգավիճակով, քանի որ ինքը և URC-ի [«Քաղաքների վերածննդի դաշինք»] համանախագահ Քարիմ Լանիերը անմիջականորեն աշխատել են Թրամփի և խորհրդականների հետ, ներառյալ Ջարեդ Քուշները (որին Սքոթը անվանում է «J-Rock»), թե ինչ կդառնա Սպիտակ տան հնարավորությունների և վերածննդի խորհուրդը, որն ստեղծվել է նույն տարվա դեկտեմբերին։ Սքոթի այցերը ներառում էին Սպիտակ տանը Թրամփի հետ միջանկյալ ընտրությունների արդյունքների նրա երեկոյան դիտարկումները», հաղորդել է Salon.com-ը: «Սքոթի ու Թրամփի կողմից ընտրություններին հետևելուց մեկ օր առաջ, Թրամփը Թուրքիային ազատեց էներգետիկ պատժամիջոցներից, որոնցով իր վարչակազմը նոյեմբերին դrել էր Իրանի վրա: Սա խիստ քննադատության արժանացավ ԱՄՆ որոշ պաշտոնյաների կողմից, որոնք այդ քայլը գնահատեցին որպես ենթարկում Էրդողանի կոշտ մարտավարության դեմ, հատկապես «Հալք» բանկի՝ Թուրքիայի ֆինանսական հաստատության հետ բանակցությունների կապակցությամբ, որը ներկայումս գտնվում է դաշնային հետաքննության տակ՝ Իրանի դեմ պատժամիջոցները խախտելու համար»:

Salon.com- ը հայտնել է. «Նույն օրը, երբ Թրամփը թույլ տվեց Թուրքիային շրջանցել պատժամիջոցները, Ֆերհան Ադեմհանը՝ թուրք հարուստ արդյունաբերող և ներդրող, որը կապեր ունի նաև Աքաթի, ինչպես նաև [թուրք գրող Ռաբիա] Կազանի և Թրամփի քարոզարշավի աջակից ու Փենսի դաշնակից Մարթա Բոնետայի հետ, իր ֆեյսբուքյան էջում գրեց․ «Ամերիկան ութ երկրի ազատեց [պատժամիջոցներից], որոնք նրանք կիրառել են Իրանի դեմ: Ազատվեց նաև մեր երկիրը։ Մենք ազատվեցինք այս բեռից՝ հանուն մեր երկրի»: Մի քանի շաբաթ անց Աքաթը վերադարձավ Վաշինգտոնում գտնվող նախագահի հյուրանոցը, տեղադրեց Թրամփի և Ջուլիանիի լուսանկարները, ինչպես նաև Սպիտակ տան նվերները»:

«Դեկտեմբերի 12-ին Թրամփը հրամանագիր ստորագրեց Սպիտակ տան քաղաքների վերածննդի և հնարավորությունների խորհուրդ ստեղծելու վերաբերյալ։ Հրամանագրի գրեթե յուրաքանչյուր պարբերության մեջ կցված է «հնարավորությունների գոտու» զարգացումը: Ստորագրմանը ներկա էր Դարել Սքոթը, և Թրամփը առանձնահատուկ գովաբանեց նրան։ Այդ օրը, Ազգային բազմազանության խորհուրդը, մի խումբ, որը ստեղծել էր Թրամփի նախկին փաստաբան Մայքլ Քոհենը, որտեղ Սքոթն ու Լանիերը աշխատել էին որպես բարձրաստիճան պաշտոնյաներ, իսկ Կազանը նստում էր խորհրդակցական խորհրդում, լուրը տեղադրեց Թվիթերում ՝ հեգնանքով մատնանշելով, որ Քոհենը դատապարտվել էր բանտարկության հենց նույն օրը․ «ՇՏԱՊ․ նախագահ Թրամփ․ԿԱՐԵՎՈՐ ճառ․ հրաման է ստորագրում Քոհենի երեք տարվա ազատազրկման ֆոնին», հայտնել է Salon.com-ը։

Հետաքննությունների դաշնային բյուրոյի կողմից Քոհենի գրասենյակներ ու տներ կատարած ստուգայցերից, հեռախոսներն ու համակարգիչները բռնագրավելուց հետո, Ազգային բազմազանության խորհրդի (NDC) տնօրեն Բրյուս Լեվելը, որը Կազանի խոսքով, իրենից շորթեց 1000 դոլար, տեքստային հաղորդագրությամբ իր մտահոգությունն էր հայտնել Կազանին, որը ձեռք էր բերվել Salon-ի կողմից․ «Վստահիր ինձ։ Ոչ մեկին մի ասա Թրամփի NDC-ի մասին։ Ջնջիր։ Քոհենը մեղադրանքի է ենթարկվել: Շնորհակալություն»:

«Դեկտեմբերի 23-ին, Հնարավորությունների և վերածննդի խորհրդի պաշտոնական ստեղծումից հետո, Թրամփը Թվիթերում գրել է «Էրդողանի հետ խիստ ընդլայնված առևտրի քննարկման մասին․․․․ Երկու օր հետո, Daily Sabah-ը, որը պատկանում է Էրդողանի փեսային, հրապարակեց Աքաթի հետ մեկ այլ հարցազրույց՝ նշելով, որ առևտրային բանակցությունները առաջ են գնացել: Նա ապագա տնտեսական փաթեթը գնահատեց 1 միլիարդ դոլար։ Հոդվածը, որը հրապարակվել էր Սուրբ ծննդյան օրը, վերնագրված էր. «Հաջորդ տարի ակնկալվում է թուրք-ամերիկյան երկկողմ առևտրի աճ», հայտնել է Salon.com-ը։ «Հաջորդ ամիս Թրամփը Թվիթերում դարձյալ գրեց Թուրքիայի հետ առևտրային քաղաքականության մասին․․․․ «Նաև խոսեցի ԱՄՆ-ի ու Թուրքիայի միջև տնտեսական զարգացման մասին․ էապես ընդլայնվելու մեծ ներուժ․․․»»։

Salon.com-ը եզրակացրել է․ «Այս ջանքերը, URC-ից Սքոթի և Լանիերի աջակցությամբ, ի թիվս այլոց, կբերեն փոփոխություններ ԱՄՆ-ի առևտրային քաղաքականության մեջ՝ առաջնահերթություն տալու թուրքական արտադրական ընկերություններին Միացյալ Նահանգներում, կարծես թե հակասելով Թրամփի «Առաջինը Ամերիկան» օրակարգին»։

«CREW-ի [Քաղաքացիները պատասխանատվության և էթիկայի համար], Քարոզարշավի իրավական կենտրոնի և OpenSecrets-ի փորձագետներն ասել են Salon-ին, որ առաջին հայացքից այս նախաձեռնությունը մտահոգություններ կառաջացնի «Օտարերկրյա գործակալների գրանցման ակտի» (FARA) հնարավոր խախտումների վերաբերյալ, որը պահանջում է օտարերկրյա շահերի համար լոբբինգ իրականացնող ամերիկացնիներից գրանցվել կառավարության կողմից»։

Salon.com-ը հայտնել է, որ «URC-ը կարող է նաև բախվել հարկային օրենսդրության պարտավորություններին: Մի պահ խումբը հարկերից զերծ 501 գ (3) շահույթ չհետապնդող կազմակերպություն էր, որը կարող էր նվիրատվություններ ընդունել, այդ թվում՝ օտարերկրյա քաղաքացիներից, առանց աղբյուրների բացահայտման: Բայց քանի որ URC-ն ակնհայտորեն երբեք հարկային հայտարարագիր չի ներկայացրել, Ներքին եկամուտների ծառայությունը (IRS) այս տարվա մայիսին հետ կանչեց հարկերից ազատված լինելու նրա կարգավիճակը»:

Սա տարօրինակ պատմություն է մի խումբ մարդկանց մասին, որոնք իրականացնում են Թրամփի քարոզարշավի պահանջները, որպեսզի նախագահը լավ տեսքով երևա սևամորթ ամերիկացիների առջև, ընդ որում պնդելով, որ նրանք թուրքական աղբյուրներից ներդրումներ են ներգրավում սևամորթների աղքատ բնակավայրերի համար։ Նրանց գործողությունները պետք է հետաքննվեն Արդարադատության բաժանմունքի և Ներքին եկամուտների ծառայության կողմից։

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
www.TheCaliforniaCourier.com

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930