Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանի բարձր մակարդակի նիստում իր ելույթի ժամանակ բողոքել է Հայաստանում աշխարհազոր ստեղծելու մտադրությունից և ՄԱԿ-ին ու միջազգային հանրությանը կոչ արել զսպել Հայաստանին։
«Հայաստանի վարչապետը դիտավորյալ խախտում է ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ բանակցային գործընթացի ձևաչափն ու էությունը։ «Ղարաբաղը Հայաստան է» հայտարարությունը լուրջ հարված է բանակցային գործընթացին։ Նրա առաջ քաշած 7 պայմաններն Ադրբեջանը մերժել է։ Մենք միայն մեկ պայման ունենք խաղաղության հասնելու համար։ Հայկական զինված ուժերը պետք է դուրս գան Ադրբեջանի օկուպացված տարածքներից։ Հայաստանի վարչապետը հայտարարել է, թե զինված աշխարհազոր է ստեղծելու, որը կազմված կլինի տասնյակ հազարավոր քաղաքացիական անձանցից»,- հայտարարել է Ալիևը և հավելել, թե աշխարհազորն օգտագործվելու է Ադրբեջանի դեմ ռազմական գործողությունների ժամանակ, իսկ Հայաստանի պաշտպանության նախարարն էլ սպառնացել է «նոր պատերազմով և նոր գրավվելիք տարածքներով»։
Ալիևը բողոքել է, թե Հայաստանը որդեգրել է ագրեսիվ ռազմական դոկտրին և հարձակվողական բնույթի ազգային անվտանգության ռազմավարություն, ինչից էլ Ադրբեջանի նախագահը ենթադրություններ է արել, թե Հայաստանը պատրաստվում է Ադրբեջանի դեմ նոր ագրեսիայի։ «Մենք կոչ ենք անում ՄԱԿ-ին և միջազգային հանրությանը զսպել Հայաստանին»,- ասել է Ալիևը։
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ