Զվարթնոցի տաճարում կայացավ «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությունը, որը համանուն հաղորդաշարի պաշտոնական ամփոփումն է: ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Մեր ժամանակների հերոսը» հեռուստանախագիծը Հանրային հեռուստաընկերության եթերում է 2 տարի:
Մրցանակաբաշխության սկիզբը դրվել է 2019 թ-ին եւ այն ավանդաբար տեղի է ունենում սեպտեմբերի 21-ին: Հաղորդաշարի հերոսներից 12-ը ստանում են «Մեր ժամանակների հերոսը» մրցանակը: Եվս մեկն էլ արժանանում է գլխավոր մրցանակի, որը հանձնում է ՀՀ վարչապետը:
Այս տարի նաև 2 հատուկ մրցանակ էր նախատեսված: Կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարի համար խորհրդանշական մրցանակ շնորհվեց բուժաշխատողներին, իսկ Հուլիսյան հերոսական մարտերի համար՝ զինվորականներին:
Կորոնավիրուսը հաղթահարած Պետրոս Պետրոսյանն ասաց, որ բժիշկների քրտնաջան աշխատանքի արդյունքում ապաքինվել է ու վերադարձել է իր աշխատանքին: «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի «COVID-19» կլինիկայի ղեկավար Սարգիս Ղազարյանը ստանալով մրցանակը՝ շնորհավորեց բոլորին Անկախության 29-րդ տարեդարձի առիթով: Նշեց, որ Կառավարությունը զորեղ աջակցություն է ցուցաբերել իրենց, իսկ առողջապահական համակարգը իր ողջ կարողություններով աշխատել է հանուն Հայաստանի հանրապետության քաղաքացու:
Կարդացեք նաև
Տավուշյան մարտերի ժամանակ իր գյուղը՝ սահմանապահ Այգեպարը չլքած Սամվել Ուդումյանին տրված էր հայոց բանակի զինվորին մրցանակ հանձնելու պատիվը: Հատուկ մրցանակը ստանալու համար բեմ հրավիրվեց ժամկետային զինծառայող Նարեկ Հակոբյանը: Նա ասաց, որ պարտավորված է, որ Հայոց բանակի մրցանակը ստանալու պատիվն իրեն է տրված:
Նախորդ տարվա «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխության գլխավոր մրցանակակիր Ռիտա Մարտիրոսյանն ընդգծեց, որ վարչապետի կողմից անցյալ տարի գլխավոր մրցանակ ստանալը մեծ ուժ ու եռանդ է տվել, իրենց արտադրանքն ընդլայնվել է, հասել են մինչեւ ԱՄՆ: Նա մրցանակ հանձնեց հերոսներից մեկին՝ Արմինե Աղաջանյանին:
Մրցանակներից մեկն էլ ճանաչված ջազային երաժիշտ Վահագն Հայրապետյանը հանձնեց Սուրեն Վարդանյանին:
Հովհաննես Պապոյանը, Անի Սարգսյանը, Նարինե Եղոյանը, Տաթեւ Աղաբաբյանը, Վարդան Պետրոսյանը, Հարություն Հուլունյանը եւ այլք «Մեր ժամանակի հերոսներն» են:
Մրցանակաբաշխությանը յուրահատուկ գույն տվեց Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը՝ Հարություն Արզումանյանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ