Լրահոս
Օրվա լրահոսը

Մխիթար Հայրապետյանը՝ Aravot.am-ի լրագրողին. «Առաջարկում եմ վերջին հարցը հանել եւ մնալ տոնական տրամադրության մեջ»

Սեպտեմբեր 21,2020 23:15

Շախմատի Երեւանի գավաթի խաղարկության պարգեւատրման արարողությունից առաջ Aravot.am-ը զրուցեց Երեւանի շախմատի ֆեդերացիայի նախագահ, ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի,  երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» դաշինքի անդամ Մխիթար Հայրապետյանի հետ:

-Պարոն Հայրապետյան: Երեւանը ժամանակին ունեցել է տղամարդկանց եւ կանանց ակումբային շատ ուժեղ շախմատ, որոնց կազմերում հանդես են եկել Լեւոն Արոնյանը, Էլինա Դանիելյանը, Հայաստանի ազգային հավաքականների այլ անդամներ: Թիմերը հաջող են հանդես եկել Եվրոպայի ակումբային առաջնություններում: Դուք, որպես Երեւանի շախմատի ֆեդերացիայի նախագահ ակումբային շախմատի ավանդույթները վերականգնելու ծրագիր ունե՞ք:

-Եթե շախմատային հանրությունից նման պահանջ լինի, սիրով պատրաստ ենք մեր օրակարգում ներգրավել: Այս պահին նման քննարկում դեռեւս չկա: Շախմատի մասսայականությունը, բնականաբար, մեր քաղաքականության հիմնաքարերից մեկն է, սակայն կոնկրետ չենք ֆիքսվել հենց շախմատային ակումբային մշակույթը վերականգնելու վրա: Մենք բազմիցս ասել ենք, որ շախմատային հանրությունը ինչ ուղերձ էլ մեզ փոխանցի, մենք պատրաստ ենք այն դարձնել օրակարգային հարց:

-ԱԺ-ում դուք ղեկավարում եք նաեւ կրթությունը համակարգող մշտական հանձնաժողովը: Հետաքրքիր է իմանալ ձեր կարծիքը հանրակրթական դպրոցներում պարտադիր դիմակ կրելու որոշման եւ այն մասին, որ տարրական եւ ցածր ու միջին դասարաններում ֆիզիկական կուլտուրա առարկայում մեծ տեղ է հատկացված սպորտի մասին տեսական գիտելիքներին: Դա, անշուշտ, ողջունելի է: Բայց հատկապես այդ տարիքային խմբերի աշակերտների համար կենսական նշանակություն ունի ֆիզիկական շարժումը:

-Իհարկե, համաձայն եմ: Երեխայի սոցիալականությունը մենք կարեւորում ենք: Բացի այդ, կրթության իրավունքը փորձում ենք ապահովել առավելագույնս: Սակայն միեւնույն ժամանակ կարեւոր է, որ ապահովվեն նաեւ հակահամաճարակային բոլոր կանոնները, որովհետեւ ամենից առաջ հենց երեխայի առողջությունն է մեզ համար առաջանային տեղում: Այս պահին բոլոր խնդիրները, որ դուք բարձրաձայնում եք, դրանից  զատ այլ տեսակի խնդիրներ կան՝ կապված հատկապես ցածր դասարանների երեխաների հետ: Այդ ամենը մեր ուշադրության կենտրոնում է, եւ մենք մշտապես կապի մեջ ենք համապատասխան գերատեսչության հետ: Հուսամ, որ առաջիկայում մեզ կհաջողվի ամեն դեպքում գրանցել թվի նվազում: Մենք մշտապես ձեռքերս պահում ենք զարկերակի վրա, որպեսզի եթե անհրաժեշտություն լինի նոր որոշում կայացնել կամ նախկինում կայացված որոշումները փոփոխել: Կախված դրանից՝ պարզ կլինի, թե որքան են մեր կայացրած որոշումները եղել արդյունավետ: Ավելի ոչինչ չեմ կարող ասել բացի նրանից, որ մեր հիմնական որոշումների կայացման հիմքում երեխայի, հանրության առողջությունն է, հետո միայն կրթական գործընթացը ապահովելը:

-Քաղաքականության մեջ շախմատը ձեզ օգնո՞ւմ է, թե՞ ոչ:

-Կարծում եմ՝ յուրաքանչյուրին կօգնի: Չեմ հավակնում նոր ձեւակերպումներ տալ շախմատի կարեւորության մասին՝ մտքի ճկունություն, ճիշտ հաշվարկներ՝ ոչ միայն քաղաքական կյանքում: Դա մարդու համար կարեւոր է: Եվ դրանով է պայմանավորված, որ շախմատն ընդգրկված է եղել եւ շարունակում է մնալ հանրակրթության ոլորտում կարեւոր բաղադրիչ: Այս մասին երկու կարծիք լինել չի կարող: Դրանով է նաեւ պայմանավորված, որ աշխարհի շատ եւ շատ երկրներ ցանկանում են, որպեսզի մենք իրենց հետ կիսվենք այն փորձով, որ մենք ունենք: Որովհետեւ ոչ բոլոր երկրներում է, որ շախմատը համարվում է դրա պարտադիր մասը:

-Քաղաքական տրամաբանության տիրույթում երկու շատ կարճ հարց: «Շախմատը՝ դպրոցում» ծրագիրը նախկինների նախաձեռնությունն է: Այն մերժել չե՞ք ուզում:

-Նախկինում կայացրած բոլոր որոշումները վատը չեն: Ինչ վերաբերում է շախմատը դպրոցներում պարտադիր առարկա լինել-չլինելուն, Ազգային ժողովում մենք քննարկում ունեցել ենք: Այն շարունակելու է մնալ որպես  պարտադիր առարկա հանրակրթության մեջ: Որոշումները, որ կապված են շախմատի հետ, համաձայնեցվում են շախմատային համայնքի եւ շախմատի աշխարհի ներկայացուցիչների հետ: Կրկնում եմ, այս պահին հարց չի քննարկվում, որպեսզի շախմատը հանվի դպրոցից: Բայց պետք է ասեմ, որ այլ կարծիքներ եւս կան, այդ թվում՝ նաեւ գրոսմայստերների եւ շախմատիստների, որ գուցեեւ այն պետք է լիներ ընտրողական: Ասել է, թե՝ ոչ պարտադիր: Սրանք կարծիքներ են, որոնք մենք լսել ենք, բայց օրակարգում ընդգրկված չեն:

-Եվ վերջին հարցը՝ ուղղված ոչ թե կուսակցության անդամին, այլ՝ ՀՀ քաղաքացի Մխիթար Հայրապետյանին: ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջը ճի՞շտ է, թե՞ ոչ:

-Ես առաջարկում եմ վերջին հարցը հանել եւ մնալ տոնական տրամադրության մեջ:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930