«Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօր ներկայացրած ՀՀ վերափոխման ռազմավարությունը համարում է լավ բաժակաճառ:
«Սա ծրագիր չէ, ռազմավարություն չէ, այլ ցանկությունների մի ցանկ է, որը ցանկալի է, բայց որեւէ հստակ ծրագիր, թե այդ կետերից յուրաքանչյուրին ինչպես պետք է հասնենք, ինչ ճանապարհով, չկա: Առավել եւս՝ հիմքերը բացահայտված չեն, նշված չեն հստակ քայլեր: Այսպես ասած՝ լավ բաժակաճառ է: Ես նման ծրագրեր կամ ցանկություններ ամեն շաբաթ մեկ, երկու հատ ստանում եմ մեր քաղաքացիներից, որոնք նշում են, որ լավ կլինի՝ դառնանք համաշխարհային մակարդակի կրթության, առողջապահության կենտրոն, այստեղ միավորենք բոլոր հայերին: Երբ ես իրենց հարց եմ տալիս՝ ինչպես հասնենք դրան, ով պետք է այդ ներդրումներն անի, պատասխանը չեմ տեսնում: Նույնը այստեղ է, ես որեւէ հարցի պատասխան չեմ տեսնում, միայն ցանկություններ են:Վարչապետը պարզապես իրավունք չունի նման ելույթ ունենալ, որովհետեւ վարչապետը գործադիրի ղեկավարն է, ինքը պետք է խնդիրները դնի իր պաշտոնավարման ժամանակահատվածի համար, որ նաեւ պատասխան տա դրա համար… Վարչապետը պետք է հստակ ասի՝ մինչեւ 2023 թվական ինչ է պատկերացնում, որովհետեւ մնացածը՝ ինչ կլինի դրանից հետո չափելի չէ, Նիկոլ Փաշինյանի դրական կամ բացասական դերն ինչում է մինչեւ 2050 թվական, դա այնպիսի ժամանակահատված է, որ ոչ ոք չի կարող կանխատեսումներ անել»,- ասաց Արա Պապյանը :
Նրա խոսքով, ակնհայտ է՝ իշխող ուժի, մասնավորապես, Նիկոլ Փաշինյանի վարկանիշը կտրուկ անկում է ապրում,եւ Նիկոլ Փաշինյանը, ըստ մեր զրուցակցի, գիտի՝ կա մարդկանց մի խումբ, որը հաճույքով ցանկացած նման տիպի խոսակցություն ընդունում է.«Ուտում է քաղաքական կուտը ու իր համար լավ է: Ես տեսել եմ քաղաքագետների շատ վերլուծություններ, որոնք լավատեսական մտքեր են, ժողովուրդը գրում է հույս տվեցիք, թեւավորեցիք մեզ, ժողովուրդն ուզում է լավատեսական մոտեցում, ժողովուրդը դրա իրավունքն ունի, իսկ վարչապետը իրավունք չունի հիմնազուրկ հայտարարություններ անել: Այս հինգ տարվա համար նա պետք է ասեր՝ 2,5 տարի վարչապետ եմ, օրինակ տվել եմ 120 խոստում, իրականացրել եմ 60-ը, 30-ը իրականացման ընթացքում է, մնացածն էլ չի իրականանում ինձանից անկախ պատճառների հետեւանքով: Ես նման հաշվետվություն եմ սպասում վարչապետից, թե չէ գալ, պատմել, թե ինչ լավ կլինի 2050 թվականին , ինձ դա ընդհանրապես չի հուզում. 2050 թվականին ոչ Նիկոլ Փաշինյանն է լինելու, ոչ՝ ես եմ լինելու, դեռ հայտնի չէ՝ Հայաստանը լինելու է, թե՝ ոչ: Կոնկրետ լուծեք, մենք խնդիր ունենք, 2026-ին ատոմակայանը պետք է փակենք, ես ուզում եմ իրենից հստակ լսել՝ ոնց է փոխարինվելու մեր էներգետիկայի արտադրման 40 տոկոսը, նոր ատոմակայա՞ն ենք կառուցում, ով է ներդրում, ոնց է անում,սա եմ ուզում լսել: Մենք Նախիջեւանից ռազմական վտանգ ունենք մեր նկատմամբ, ուզում եմ լսեմ, թե ոնց է դա չեզոքացվում, հստակ մարտահրավերներ, խնդիրներ ու լուծումներ, ոչ թե ցանկությունների ցանկ»:
Ըստ մեր զրուցակցի՝ վարչապետի խոստումների ճնշող մեծամասնությունը չի իրականացվել. «Ում հարցնում ես՝ ինչ դրական փոփոխություն է տեղի ունեցել այս 2,5 տարվա ընթացքում, պատասխանում են՝ բանակում ճաշարաններն են լավացել եւ փողոցները ավելի շատ են սկսել ասֆալտապատել, այս երկուսից բացի ուրիշ բան չենք լսում, բայց մենք հսկայական արդարադատության, հանցագործներին պատժելու խնդիր ունենք լուծելու, ՀՀ-ից ապօրինի դուրս տարված կապիտալի վերադարձման խոստումներ ենք ունեցել, կրթական համակարգը բարելավելու խնդիր ունենք, ոնց են բարելավելու, երբ լսում եմ՝ այս կիսամյակի համար մեր բուհերում ուսման վճարների թանկացումներ կան, այն պարագայում, երբ մեզ մոտ չկան էժան ուսանողական վարկեր, բացի այդ հայտնի չէ՝ այդ գիտելիքը շուկայում պահանաջարկ ունի, թե ոչ»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Ստեփան Սաֆարեանի Դիմագրքի էջում գրել եմ, այստեղ էլ կրկնեմ. «Սա կենացների շարան է, որոնցից ոչ մէկը չի իրականանալու: Չնչին հնարաւորութիւն կայ օլիմպիադայի եւ շախմատի պարագայում՝ այն էլ եթէ օրնիբուն տքնաջան աշխատանք լինի»:
Իմ կարծիքով՝ այս վարչապետը ծաղրում է սեփական ժողովրդին: Նրան թւում է, թէ ժողովուրդը մտածելու ունակութիւն չունի: